Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԱԼԻԿՈՒՄ ԷԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ՓՆՏՐՈՒՄ

Ապրիլ 01,2008 00:00

Մի քանի օր է՝ Անիի տարածքային բաժնի ոստիկանները Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցած մարալիկցիներին

հրավիրում են բաժանմունք՝ մատնահետքեր վերցնելու:

Փոքրիկ Մարալիկն աշխարհին արդեն իսկ հայտնի է որպես քաղաքական հայացքների համար դատապարտված Հարություն Ուռուտյանի ծննդավայր: Հիշեցնենք, որ նա առաջին քաղբանտարկյալներից է՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Անիի տարածքային շտաբի պատասխանատուն, որին մի քանի օր առաջ Հյուսիսային քրեական դատարանը դատապարտեց յոթ տարվա ազատազրկման: Նա մեղադրվեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին ծեծելու, նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու ու ընտրական գործընթացը խոչընդոտելու համար: Ըստ մարալիկցիների, «պարագլխին» բանտարկելուց հետո այժմ հետապնդումների հերթը հասել է Ուռուտյանի շրջապատին, որոնց ոստիկանները հանգիստ չեն թողնում. նրանց բնակարաններն են խուզարկում, առանց ծանուցագրերի քաղմաս են «քաշպատառ անում»: Ոստիկանները Մարալիկում այնպիսի լարված իրավիճակ են ստեղծել, որ ժողովուրդը երեկվանից բողոքի ակցիա է սկսել՝ ստորագրահավաք է կազմակերպում ու արդարադատության մարմիններին զգաստանալու կոչ անում: Նախապատրաստվում են հացադուլներ ու նստացույցեր կալանավորվածների՝ ձորակապցի Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, ինչպես նաեւ Ռաջու Պետրոսյանի ու Արտակ Հովսեփյանի համար: Տեղեկացնենք, որ Հյուսիսային քրեական դատարանի դատավճիռը Հարություն Ուռուտյանի պաշտպան Թամարա Յայլոյանը բողոքարկել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, ուստիեւ մարալիկցիների կողմից երեկ ստորագրվող հայտարարությունն ուղղված էր նաեւ վերաքննիչ դատարանին: «ՀՀ քրեական վերաքննիչ դատարանին. մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որպեսզի դատարանը արդար դատավարություն կատարի Շիրակի Մարալիկ քաղաքի բնակիչ, Մարալիկ համայնքի ավագանու անդամ, 1988-1994թթ. արցախյան պատերազմին մասնակից, պետության կողմից բազմաթիվ պարգեւներ եւ մեդալներ ստացած Հարություն Ուռուտյանի գործով՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերը եւ մեր երկրի օրենքները», շարադրված էր հայտարարության տեքստում, որը ստորագրված էր հինգ հարյուր մարալիկցիների կողմից: ՀԺԿ Անիի տարածքային կազմակերպության քարտուղար Գագիկ Յայլոյանն «Առավոտին» ասաց. «Հյուսիսային քրեական դատարանում ընթացող դատավարության ամբողջ ընթացքին մասնակցեցինք: Այնտեղ տեղի ունեցավ մի դերասանի թատրոն: Ճնշող իրավիճակի մեջ էր գտնվում դատավորը, գլխավոր դերում դատախազն էր՝ մեղադրողը: Տեղի ունեցավ այն, ինչ, բնականաբար, պետք է տեղի ունենար: Որպեսզի հաջորդ ատյանների ուշադրությունը հրավիրենք գործի վրա՝ նախաձեռնեցինք ստորագրահավաք: Մտադրություն կա հավաքել մինչեւ 3000-3500 ստորագրություն եւ այն ներկայացնել վերաքննիչ դատարան: Վախենում եք, որ առաջին ատյանի բեմադրությունը կրկնվի վերաքննիչում: Ամբողջ իրադարձությունները ցույց տվեցին, որ Ուռուտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նրա դեմ չորս բարձրաստիճան ոստիկան է ցուցմունք տվել: Նրան բանտարկեցին, որ մյուսները վախենան: Մյուսներին էլ հրավիրում են ոստիկանություն՝ իբրեւ հարցազրույցի, մատնահետքեր են վերցնում ու հորդորում են հանրահավաքների չմասնակցել: Երեք – չորս անգամ ոստիկանները եկել են մեր բնակարան, ինձ էլ են հրավիրել, ես էլ շատ պարզ բացատրել եմ, որ Հայաստանի Սահմանադրությամբ մեր հանրապետությունը սոցիալական, ժողովրդավարական, իրավական պետություն է, բնականաբար՝ էն երկուսը խախտվել են, գոնե իրավականը պահպանեք ու ծանուցագիրն ուղարկեք: Մինչ օրս ինձ ծանուցագիր չի ուղարկվել»: Մարալիկի մեկ այլ բնակչի՝ Գյումրիի տիկնիկային թատրոնի դերասան Արտյոմ Սիմոնյանի պատմելով էլ իրեն հրավիրել են բաժանմունք՝ ճշտելու, թե ինքը մասնակցե՞լ է մարտի 1-ի դեպքերին. «Իրենց ցուցակ է ներկայացվել՝ ինչ-որ անուններով, որ ամսի 1-ին մարդիկ էսինչ մեքենայով գնացել են հանրահավաքի: Ինձ եւս ծանուցագիր չբերեցին, բայց ես գնացի ոստիկանություն՝ մատնահետքերս վերցրին, հարցազրույց եղավ բաժնի պետի հետ, հորդորեց չգնալ հանրահավաքների եւ խնդրեց հարսանիքիս հրավիրել իրեն: Մատնահետքեր վերցնելիս էլ պատճառաբանեցին, թե ուզում են ստուգել՝ խանութների ալան-թալանի հետ մենք կապ ունե՞նք»: Օրեր առաջ առանց ծանուցագրի ոստիկանության բաժին է «հրավիրվել» նաեւ Հարություն Ուռուտյանի ավագ որդին՝ Բաբկեն Ուռուտյանը: Վերջինիս հայրենի ոստիկանները տվել էին «բարի խորհուրդներ»՝ հանրահավաքներից հեռու մնալ ու քաղաքական հայացքները փոխել, ձեռքի հետ էլ մատնահետքերն էին վերցրել: Խուզարկումների ու «բարոյախրատական» զրույցների շարք է սկսվել նաեւ երկրապահների հետ, որոնք մեզ դժգոհեցին, թե «այն կառավարությունը, որը հետապնդում է հաղթանակած զինվորին, արդեն իսկ սպառված է, քայքայված ու խայտառակված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել