Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 09,2008 00:00

Ապրիլի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի բողոքի ակցիային էին միացել նաեւ «Սասուն» ջոկատից Էդիկ եւ Նորիկ Սարգսյանները, Կամո Թորոսյանը, Գեղամ Աբրահամյանը, Գագիկ Մաթեւոսյանը եւ էլի մի քանի ազատամարտիկներ: Վերջիններս Վանատուր թաղամասի եկեղեցու հարեւանությամբ տեղադրել էին իրենց վրանը, որտեղ էլ պետք է գիշերեին: Սակայն ինչպես մեզ պատմեց Արշավիր Բոզինյանը, նույն օրը՝ ժ. 23.30-ի սահմաններում, Հրազդանի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանը՝ ոստիկանության 40-ից ավելի աշխատակիցների հետ իսկական գրոհի էին ենթարկել ազատամարտիկների վրան-կացարանը, ամբողջովին ավերել այն, ապա բռնություն գործադրելու միջոցով հացադուլավոր ազատամարտիկներին տարել անհայտ ուղղությամբ: Վանատուրի բնակիչները ահազանգել էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին եւ Վարդան Խաչատրյանին։ Վերջիններս երեկ Վահան Շիրխանյանի եւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ մեկնել էին Կոտայքի մարզ՝ փորձելով ճշտել, թե որտեղ են գտնվում հացադուլավոր ազատամարտիկները: Վանատուր թաղամասի մոտ 1000 բնակիչներ երեկ բողոքի երթով շարժվեցին դեպի ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ, ըստ նրանց, պահվում էին գիշերը ոստիկանության կողմից առեւանգված հացադուլավորները: Նրանք պահանջում էին կա՛մ ազատ արձակել ազատամարտիկներին, կամ էլ ձերբակալել իրենց բոլորին: Ոստիկանապետը փորձում էր համոզել բորբոքված վանատուրցիներին, թե իրենց մոտ ոչ մի հացադուլավոր էլ չկա: Իսկ այդ ընթացքում մահակավոր եւ սաղավարտավոր ոստիկանների թիվն ավելանում էր: Ականատես եղանք, թե ինչպես ոստիկանության շենքի հետնամասից 5 հացադուլավորների բռնի ուժով նստեցրին 3 «Նիվա»-ներ եւ տարան անհայտ ուղղությամբ, ինչին հետեւեցին այդ ամենին ականատես մարդկանց զայրույթի խոսքերը՝ «Ամո՛թ ձեզ, դավաճաններ»: Իսկ Հրազդանի ոստիկանապետը գլխիկոր լսում էր նրանց:

Ավելի ուշ պարզվեց, որ հացադուլավորներից 2-ը Նաիրիի շրջանից են, 2-ը՝ Աշտարակ քաղաքից: Եվ նրանց ոստիկանության Հրազդանի բաժնից տեղափոխել էին իրենց բնակության վայրի ոստիկանության բաժանմունքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել