Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում հացադուլավորների թիվն ավելանում է

Մայիս 13,2008 00:00

Անժամկետ հացադուլի նստած ձորակապցիներին միացել են 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին, աներորդին, նաեւ՝ Գյումրիի ԵԿՄ 15 անդամները:

Մարալիկում կիրակի, ժամը 14.00-ին, Հարություն Ուռուտյանի որդին՝ Բաբկենը, տեղավորվելով քաղաքապետարանի դիմաց, սկսեց իր բողոքի ակցիան: Սակայն նրա խփած վրանը դուր չեկավ Անիի տարածաշրջանի ոստիկանապետի երեք տեղակալներին, որոնք թեեւ իրազեկված էին հացադուլի մասին, սակայն ջանք չխնայեցին բողոքի ձայնը լռեցնելու համար: Փոխոստիկանապետերից ամենաակտիվը՝ Համբարձում Տոնոյանը, չազդվելով լրատվամիջոցների ներկայությունից, Հ. Ուռուտյանի կրտսեր որդուն՝ Գալուստին, քաշպատառ անելով Ուռուտյաններին պատկանող ատամնաբուժարան, սպառնալիքներով փորձում էր հետ կանգնեցնել հացադուլից: Հ. Տոնոյանն այնքան բարձր էր բղավում, որ պատի մյուս կողմից լրագրողները լսում էին նրա հոխորտանքը. «Վրանը հանել ու տեղափոխել ատամնաբուժարան, այլապես վերջը վատ կլինի, Գյումրիից ոստիկանների խումբ կբերվի, մի լավ ջարդ կկազմակերպվի կամ էլ ծայրահեղ դեպքում վրանը գիշերվա կեսին կայրվի»: Երբ նրանց զրույցին փորձեցին միջամտել լրագրողները, «ազարտի» մեջ ընկած փոխոստիկանապետ Տոնոյանը նույն տոնով սկսեց խոսել «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ, այս անգամ հարկադրված նրան կարգի հրավիրեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Տեղեկացնենք, որ Ուռուտյաններին հացադուլի նստելու իրավունքից զրկող երեք փոխոստիկանապետերը Հարություն Ուռուտյանի քրգործում ներգրավված էին որպես վկաներ, իսկ նրանցից մեկը՝ Վահրամ Ալեքսանյանը, դատարանում հպարտությամբ հայտարարել էր, որ ցուցմունքից «խաբար չէ»՝ քննիչը գրել է, ինքն էլ «ախպերավարի» ստորագրել է: Ի վերջո, կիրակի օրը ոստիկաններին հաջողվեց Ուռուտյաններին վրանից տեղափոխել ատամնաբուժարան, սակայն երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ու ԶԼՄ-ների ճնշումների տակ նրանց նորից իրավունք տրվեց քաղաքապետարանի շենքի դիմաց վրան խփել: Բաբկեն Ուռուտյանն ասում էր, թե պատրաստ է վրանի փոխարեն մի «տաբուրետկա» դնել ու բաց երկնքի տակ հացադուլը շարունակել: «Տեսնելով Գյումրիի դատարանում բեմադրված ներկայացումը՝ ես այս քայլին գնացի, որ դատավորները նույն շոուն վերաքննիչում չբեմադրեն, մենք արդեն բողոքարկել ենք վերաքննիչ դատարան: Ես հայտարարում եմ, որ հայրս ձերբակալվել է քաղաքական հայացքների համար, նրա դեմ սցենարը մշակվել էր դեռ անցած տարի՝ Մարալիկի քաղաքապետի ընտրություններում, երբ հայրս քաղաքապետի թեկնածություն դրեց, սակայն հարկադրեցին հանել՝ ասելով, թե ՌԴ քաղաքացի է»: Հ. Ուռուտյանի 80-ամյա մայրը՝ Եվգինե Ուռուտյանը, փոխանցեց, որ եթե հացադուլն օգուտ չտա, ապա ինքը, օգտվելով ՌԴ-ի իր քաղաքացիությունից, հացադուլ կհայտարարի Կրեմլի առաջ:

Ուռուտյանի տղաներին վախեցնելու ու նրանց լռեցնելու համար «ընտրական գործընթացը խոչընդոտելու ու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին մարմնական վնասվածքներ հասցնելու» մեղադրանքով Արթիկի քրեակատարողական հիմնարկում հայտնված Հարություն Ուռուտյանին երեկ տեղափոխել են նկուղ: Մեզ տեղեկություններ են հասել, որ նա իր հերթին է անժամկետ հացադուլ հայտարարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել