Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծրատիպերը՝ ըստ հայերի եւ արտասահմանցիների

Մայիս 30,2008 00:00

ԵԽ փորձագետները հայերին փորձեցին ցույց տալ կարծրատիպերը կառավարելու հմտություններ ու խուսափեցին սուր հարցադրումներից:

Երեկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «Ինչպես խուսափել կարծրատիպացումից» խորագրով երկօրյա բանաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԵԽ փորձագետներ, ՀՀ բուհերի դասախոսներ եւ հանրակրթական դպրոցների ուսուցիչներ: ԵԽ փորձագետ Գուդրուն Ռագնառսդոտտիրը «Կարծրատիպ եւ կանխակալություն» թեմայով զեկուցում կարդաց եւ հարցուպատասխանի միջոցով փորձեց ցույց տալ, թե ինչ է կարծրատիպը եւ ինչպես կարելի է այն կառավարել ու կանխել: «Առավոտի» հետ զրույցում նա նկատեց. «Կարծրատիպերը կարելի է հաղթահարել կրթության, հանդուրժողականության, արդյունավետ գործունեության միջոցով: Պիտի յուրաքանչյուրին թույլ տալ արտահայտել սեփական կարծիքը, դիտարկումները, որպեսզի ձեւավորված նախատրամադրվածությունն ու նախապաշարմունքը հնարավոր լինի հարթել»: Դանիայից ժամանած մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծրատիպեր կառանձնացնի, որոնք բնորոշ են Հայաստանին եւ իր երկրին: «Հայաստանի մասին շատ բան ասել չեմ կարող, քանի որ առաջին անգամ եմ այստեղ, այն էլ կարճ ժամանակով: Իսկ Դանիայում ձեւավորված կարծրատիպերի պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում ներգաղթածների առնչությամբ: Նրանց նկատմամբ հանդուրժողականությունն է քիչ, շատ են նախապաշարմունքները»,- հնչեց պատասխանը:

Երեկվա քննարկման ժամանակ, երբ խոսում էին կարծրատիպերից, մասնակիցներից մեկը տիկին Ռագնառսդոտտիրից հետաքրքրվեց, թե հայկական դպրոցներում ուսուցիչները աշակերտներին ինչպե՞ս բացատրեն ու մեկնաբանեն այն փաստը, որ տառացիորեն վերջերս Բաքվում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի նպատակն է աշխարհին ապացուցել, որ Երեւանը իբր ադրբեջանական քաղաք է: Հարցը բարձրացնողը սա որակեց՝ որպես նախապաշարմունք ձեւավորելու լուրջ քայլ, եւ նմանատիպ քայլերի արդյունքում Ադրբեջանում մեծանում է մի սերունդ, որի ընկալման մեջ հայերը գոյություն չունեն: ԵԽ փորձագետը ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ հրաժարվեց պատասխանել հարցին եւ ուղղություն տալ հայ ուսուցիչներին՝ խոստանալով ավելի ուշ անդրադառնալ խնդրին: Իսկ մասնակիցների մեջ սա տարակուսանք առաջացրեց, հնչեց այսպիսի կարծիք. «Խոսում են նախապաշարմունքները կանխելու մասին, այնինչ իրենց այսպիսի դրսեւորումը հենց նախապաշարմունք է»:

Բանաժողովի ընթացքում մասնակիցները կատարեցին նաեւ խմբային աշխատանք՝ պաստառների վրա ներկայացնելով մի խումբ կարծրատիպեր: Նրանք առանձնացրին սփյուռքահայերի հանդեպ ձեւավորված այն կարծրատիպը, թե նրանք բավականին փող ունեն եւ կարելի է հնարավորինս շատ օգտվել դրանից, կամ հայերի այն բարդույթը, երբ ամեն առիթով շեշտում են, որ իրենք ամենալավն են, խելացին, իրենց խորովածը ամենահամեղն է: Այս շարքում տեղ գտավ նաեւ այն, որ հաճախ ծնողները, ինչ-ինչ նախապաշարմունքներով «զինված», իրենք են որոշում, թե երեխան ինչ կրթություն պիտի ստանա, կարծրատիպ որակվեց նաեւ հայերի օտարամոլությունը: ԵԽ փորձագետ Ուլրիկե Վոլֆ-Յոնտոֆսոնը նշեց. «Կարծրատիպերից խուսափելը ավելի դժվար է տարրական եւ միջնակարգ դպրոցում»: «Առավոտը» մանկավարժներից հետաքրքրվեց, թե այս առումով ի՞նչ խնդիրներ ունեն: Թիվ 195 դպրոցի ուսուցչուհի Գայանե Մանասյանը նշեց. «Կարծրատիպեր կան ոչ միայն դպրոցում, այլեւ ընտանիքում, բակում: Օրինակ՝ ուսուցչի դրական կամ բացասական տրամադրվածությունից երեխայի մեջ կարող է ձեւավորվել վերաբերմունք: Եթե անընդհատ նրան փնովում են, դա չի կարող դրական արդյունք ունենալ»: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս պայքարել այն երեւույթի դեմ, երբ ուսուցիչը բազում անշնորհք բառերով պիտակավորում է երեխային: «Այդպիսի մարդկանց պիտի հրապարակավ զրկել աշխատանքից, որ դաս լինի մյուսներին»,- հնչեց պատասխանը:

Ուսուցիչները, անդրադառնալով կրթական բարեփոխումներին, նկատեցին, որ նորի ընկալման դժվարությունները պայմանավորված են կարծրատիպերով: Այս առիթով Գ. Մանասյանը անդրադարձավ ավագ դպրոցների ստեղծմանը. «Ուսուցիչների մի մեծ բանակ մնալու է առանց աշխատանքի: Օրինակ՝ իմ հարցը օդից է կախված: Մեր դպրոցը դառնում է ավագ, եւ չգիտեմ՝ աշնանը կաշխատե՞մ այդտեղ, թե՞ ոչ: Իսկ խեղճ դասվարները ստիպված են աշակերտ հավաքել, որ մյուս դպրոցում աշխատանք ունենան»: Մանկավարժներից հետաքրքրվեցինք, թե ուսուցչի, դասախոսի, կրթօջախի տնօրենի նկատմամբ տարածված այն կարծիքը, թե կաշառակեր են, մեզանում կարծրատի՞պ է, թե՞ ոչ: Վ. Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Աիդա Թոփուզյանը պատասխանեց. «Դպրոցը հասարակության հայելին է, եւ հասարակության մեջ եղած թերությունները արտահայտվում են կրթօջախում: Ինչ-որ առումով ձեր նշածը կարծրատիպ է, սակայն դա էլ է հասարակության ծնունդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել