Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

Հունիս 04,2008 00:00

\"\"Այն կկայանա ցանկացած պարագայում

«Հաշվի առնելով ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների նկատմամբ իշխանությունների ցինիկ արհամարհանքը, ինչպես նաեւ դրանց կատարման համար բանաձեւում նախանշված ժամկետի լրացումը, Համաժողովրդական շարժումը որոշել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել համահանրապետական հանրահավաք, որի ընթացքում կամփոփվի բանաձեւի պահանջների կատարման ընթացքը եւ կքննարկվեն ժողովրդի անելիքները՝ երկրում հիմնարար ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ»,- երեկ «Փաստարկ» ակումբում Շարժման հայտարարությունն ընթերցեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Հանրահավաքի օրը հասարակական կարգը պահպանելու, առճակատման խորացումը եւ ծայրահեղական դրսեւորումները կանխելու, գործընթացն օրինականության եւ հանրահավաքի ներկայացվելիք հայտի սահմաններում պահելու նպատակով Շարժման լիդերները իշխանություններին առաջարկում են նշանակել ոստիկանության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ովքեր Շարժման ներկայացուցիչների հետ միասին կկարգավորեն հանրահավաքի բնականոն ընթացքը: Առաջին նախագահը նույնպես մասնակցելու է հանրահավաքին: «Առավոտի» հարցին՝ հավանական համարում ե՞ք, որ իշխանությունը մեկ անգամ էլ կգնա ուժի կիրառման եւ այդ դեպքում ո՞ւմ վրա է լինելու պատասխանատվությունը, բանախոսը հարցով պատասխանեց. «Այսինքն, դուք հնարավոր չե՞ք համարում, որ իշխանությունները կարող են խելամտություն դրսեւորել: Ես կարծում եմ, որ մեր հայտարարությունն ինչ-որ իմաստով կարելի է համարել որպես իշխանություններին մեկնած ձեռք եւ մենք հուսով ենք, որ նրանք այդ ձեռքը կընդունեն: Անգամ իրենց «դրակոնյան» օրենքով, համբերատար փորձել ենք հայտեր ներկայացնել, որոնք անընդհատ մերժվել են: Որքա՞ն ժամանակ հայ ժողովուրդը պետք է հանդուրժի իր հիմնական ազատարար իրավունքներից մեկի մերժումը»: Բանախոսը կոչ է անում իշխանությանն ընդունել մեկնած ձեռքը եւ անցկացնել նորմալ, դեմոկրատական պետությանը հարիր գործընթացներ: Եթե անգամ մինչ հունիսի 20-ը իշխանությունները վերանայեն իրենց մոտեցումները եւ թեկուզ մասամբ կատարեն ԵԽԽՎ պահանջները՝ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, Լեւոն Զուրաբյանը պնդում է. «Մենք կողջունենք կատարված քայլերը եւ կասենք, որ սրանով բացվում է երկխոսություն սկսելու հնարավորությունը ու անմիջապես կսկսենք իշխանությունների հետ երկխոսությունը: Ես չգիտեմ իշխանությունն ինչ առաջարկներով կգա, բայց ինչ էլ որ բերեն՝ մենք պատրաստ ենք քննարկել»: Ընդդիմության առաջարկներն անփոփոխ են մնացել՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծում կարող է լինել միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով: Մեծ հաշվով, ըստ բանախոսի, ընդդիմության հետագա ռազմավարությունը պայմանավորված է լինելու իշխանության հետագա քայլերով եւ անկախ ամեն ինչից՝ հունիսի 20-ին հանրահավաքը տեղի է ունենալու:

Իսկ մինչ այդ, ամփոփելով ներկայիս իրավիճակը, Համաժողովրդական շարժման կենտրոնն արձանագրում է, որ մինչ օրս որոշում չի ընդունվել մարտի 1-ի դեպքերի, ինչպես նաեւ դրանց պատճառ հանդիսացող հանգամանքների ու ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման կապակցությամբ անկախ, թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն անցկացնելու մասին: «Մարտի 1-ին կատարված որեւէ սպանության հետաքննություն չի եղել, քրեական գործեր չեն հարուցվել, որեւէ կասկածյալ չի ձերբակալվել կամ հայտարարվել մարտի 1-ի դեպքերի պաշտոնական հետաքննության շրջանակներում: Հիմքեր կան մտածելու, որ իշխանություններն ավելի շուտ զբաղվել են սպանությունների պարտակմամբ, քան դրանց հետաքննությամբ։ Իշխանությունները չեն պատասխանել ՀՀ օմբուդսմենի բարձրացրած հարցերին՝ մարտի 1-ին ոստիկանության եւ անվտանգության այլ ուժերի կողմից իրականացված գործողությունների օրինականության մասին։ Ավելի կարեւոր է այն, որ որեւէ ջանք չի գործադրվել ստեղծելու վստահություն ներշնչող անկախ մարմին, որը կստանձնի մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը։ Խորհրդարանի իշխանական պատգամավորները հրապարակել են իշխող կոալիցիայի կուսակցությունների գերակայության տակ գտնվող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ծրագիր։ Մենք, սակայն, խորապես համոզված ենք, որ միայն կոալիցիայի եւ ընդդիմության հավասար ներկայացվածության, ինչպես նաեւ զգալի միջազգային մասնակցության վրա հիմնված հետաքննության մարմինը (մենք առաջարկում ենք, որ հանձնաժողովի մեկ երրորդը կազմված լինի Համաժողովրդական շարժման կողմից նշանակված ներկայացուցիչներից եւ մեկ երրորդը՝ միջազգային մասնագետներից) կարող է իրականացնել այդ դեպքերի վստահություն ներշնչող ու անաչառ հետաքննություն»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30