Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ…»

Հուլիս 01,2008 00:00

\"\"ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց բացատրական հուշագրում դարձյալ առաջարկել են երկխոսություն, թեեւ նաեւ ըմբռնումով են

մոտեցել ընդդիմության առաջադրած նախապայմանին:

«Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից» 11656 փաստաթղթի մի մասն է կազմում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի բացատրական հուշագիրը, որտեղ նրանք առավել հանգամանալից են ներկայացրել հունիսի 16-17-ին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության ընթացքում իրենց դիտարկումները եւ մանրամասնել, թե ինչպես են կատարվել 1609 բանաձեւի պահանջները:

Համազեկուցողները մասնավորապես նշում են, թե այցելել են այն վայրը, որտեղ իշխանություններն առաջարկում էին անցկացնել հունիսի 20-ի հանրահավաքը՝ մարզադաշտի ավտոկայանատեղին. «Եվ եկանք եզրակացության, որ այն չի կարող դիտարկվել իբրեւ ողջամիտ այլընտրանք»: Եվ այնուամենայնիվ, իշխանությունը շարունակում է նաեւ «Հրազդան» մարզադաշտն առաջարկել իբրեւ այլընտրանք Ազատության հրապարակին՝ հուլիսի 4-ի հանրահավաքի համար էլ: «Մենք իշխանություններին կոչ էինք անում առաջարկել այլ՝ ողջամիտ այլընտրանքային վայրեր եւ ընդգծում էինք կարեւորությունը, որ այդ հանրահավաքն արտոնվի առանց անհարկի խոչընդոտների,- նշում են համազեկուցողները:- Միաժամանակ, մենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին կոչ էինք անում երաշխավորել, որ հանրահավաքը կանցկացվի խաղաղ ու հանգիստ»: Նրանք ափսոսանք են հայտնել, որ հունիսի 20-ի հանրահավաքը արտոնվեց միայն վերջին պահին եւ բանավոր՝ ոչ Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Կոլոմբիեն ու Պրեսկոտը նաեւ ափսոսանք են հայտնել, որ իրենց նախորդ զեկույցում արված առաջարկը, ըստ որի՝ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման անկախ հանձնաժողովը պիտի ստեղծվեր Մարդու իրավունքների պաշտպանին կից՝ «անընդունելի էր իշխանությունների համար»: Համազեկուցողների կարծիքով, սա պայմանավորված էր Պաշտպանի հրապարակած զեկույցով, որում հարցականներ կան մարտի 1-ի դեպքերի պաշտոնական վարկածի առնչությամբ:

Այս հուշագրից պարզ է, որ մեր իշխանությունները որոշ աղճատված տեղեկություններ են հայտնել համազեկուցողներին: Ասենք, մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կապակցությամբ նշված է, թե դրա նիստերն անցկացվելու են բաց՝ ԶԼՄ-ների համար: Մինչդեռ առայժմ բոլոր նիստերը եղել են փակ:

Նրանց տրամադրվել է այս ժամանակավոր հանձնաժողովի կանոնակարգը, որից Պրեսկոտն ու Կոլոմբիեն պարզել են, որ այս մարմինը պատրաստվում է մշակել «հանձնարարականներ այնպիսի իրավական ու քաղաքական որոշումների ընդունման նպատակով, որոնք կբացառեն նման դեպքերի կրկնությունը»: Համազեկուցողները դժգոհել են, որ այս կանոնակարգում ամրագրված չէ, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պիտի հետաքննի այն պատճառները, որոնք հանգեցրին 2008-ի մարտի 1-ին՝ ինչպես պահանջվում էր ԵԽԽՎ բանաձեւում. «Սա պիտի հստակեցվի: Միաժամանակ պիտի հստակեցվի, որ մարտի 1-2-ի դեպքերի հետաքննությունը ներառում է դրանց ուղղակիորեն առնչվող իրադարձությունները, որոնք հաջորդեցին դրանց, ասենք՝ ընդդիմության ակտիվիստների կալանավորումը եւ նրանց առաջադրված մեղադրանքները»:

Բացատրական հուշագրի այն հատվածում, որը վերաբերում է 1609 բանաձեւի «առերեւույթ արհեստական ու քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով» կալանավորվածների անհապաղ ազատ արձակման պահանջի կատարմանը՝ համազեկուցողներն արձանագրում են, որ ձերբակալությունները շարունակվում էին մինչեւ հունիսի սկիզբը. «Սակայն մեր այցին նախորդող վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը, թվում է, արագորեն սկսեց փոխվել»:

Այստեղ նաեւ անդրադարձ կա Քրեական օրենսգրքի 300 (պետական իշխանությունը յուրացնելը) եւ 225 (զանգվածային անկարգություններ) հոդվածներին, որոնք առաջադրված են կալանավորվածների զգալի մասին: Վերահաստատված է դեռեւս նախորդ զեկույցում արված պնդումը. «Այս հոդվածները խնդրահարույց են, քանի որ հնարավորություն են ընձեռում տարածական մեկնաբանությունների, մեղադրողի համար չափազանց ազատության տեղ են թողնում, եւ հստակ ջրբաժան չկա տեսակետ արտահայտելու իրավունքի եւ բռնության սադրիչ կոչեր անելու միջեւ»: Կոլոմբիեն ու Պրեսկոտը նաեւ նշում են, թե տեղեկություններ են ստացել, որ շատ անձանց, որոնք կալանավորված են այս մեղադրանքներով՝ ավելի ուշ փուլում առաջադրվել են հավելյալ մեղադրանքներ. «Սա կարող է դիտարկվել իբրեւ փորձ՝ շրջանցելու Վեհաժողովի պահանջը՝ ազատ արձակել առերեւույթ արհեստական ու քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կալանավորվածներին, նրանց այժմ մեղադրելով անձնապես բռնություններ եւ լուրջ հանցանքներ կատարելու մեջ»:

1609 բանաձեւի այն պահանջի կապակցությամբ, թե պետք է նախաձեռնել երկխոսություն՝ Վեհաժողովի առաջարկած բարեփոխումների շուրջ, նշված է, թե ընդդիմության մասնակցությունը նման նախաձեռնություններին սահմանափակ է. «Մենք հասկանում ենք, որ սա նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման հետեւանքն է, քանի որ նրան աջակցող քաղաքական ուժերի մեծամասնությունը բոյկոտում է իշխանությունների հետ երկխոսությունը, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր քաղաքական ակտիվիստները, որոնք ձերբակալված են մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: Մենք հասկանում ենք, որ բացի ակնհայտ քաղաքական դրդապատճառներից՝ այս իրավիճակը արդյունք է նաեւ այն փաստի, որ շարժման առաջնորդների մեծ մասը, որոնք սովորաբար ներկայացնում էին այս շարժումը իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում՝ դեռեւս կալանավորված են: Այսուհանդերձ, մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին օգտագործել իշխանությունների ընձեռած հնարավորությունը եւ մտնել բաց, կառուցողական ու լուրջ երկխոսության մեջ այն բարեփոխումների շուրջ, որոնք առաջարկում է իրականացնել Վեհաժողովը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել