Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհություններ իրավապահ համակարգից

Օգոստոս 07,2008 00:00

Պատգամավորը բողոքում է դատավորից, իսկ իրավապաշտպանները՝ Հատուկ քննչական ծառայությունից:

«Փակ ու անհավասար պայմաններով» դատավարություն

Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը դիմում-բողոք է հասցեագրել ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, նաեւ՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղկալանավոր Սմբատ Այվազյանի գործով ընթացող դատավարության ընթացքում տեղ գտած աղաղակող ապօրինությունների առնչությամբ: Արձանագրելով, որ ս/թ օգոստոսի 5-ին «Ժառանգությունը» ականատես է դարձել «նոր տեխնոլոգիայով իրականացվող՝ փակ, անհավասար պայմաններում տեղի ունեցող դատավարությանը», պատգամավորը փաստել է, որ «Ս. Այվազյանի դատավարության ժամանակ պարտադրվում է դատաքննությունը իրականացնել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի փոքրագույն դահլիճներից մեկում», որ «դատական նիստից առաջ անհայտ ճանապարհով դատարանի դահլիճ մուտք են գործում ոստիկանության ներկայացուցիչներ՝ քաղաքացիական հագուստներով, որոնք գրավում են դահլիճում եղած նստարանների ճնշող մեծամասնությունը» եւ դատական պրոցեսի ընթացքում ճնշում են գործադրում ամբաստանյալի դատապաշտպանների վրա՝ անվայելուչ պահվածքով, վիրավորական արտահայտություններով եւ ուղղակի հայհոյանքներով. «Փաստորեն, դահլիճից դուրս են մնում Ս. Այվազյանի տասնյակ հարազատներ եւ ընկերներ, իսկ դատարանի մուտքի մոտ, որը վերահսկվում է ոստիկանական ուժերի կողմից, կանգնած անձանց քանակությունը անցնում է հարյուրից: Ոստիկանական բանակը, որը շրջափակել է դատարանի մուտքը, թույլ չի տալիս քաղաքացիներին մոտենալ դատարանի դռանը»: Զ. Փոստանջյանի վկայությամբ, ստեղծված իրավիճակում դահլիճում կարգ ու կանոն հաստատելու փոխարեն՝ նիստը նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը, դատապաշտպանների բողոքն անտեսելով, զրկում է նրանց պատշաճ կարգով իրականացնել իրենց պաշտպանյալի պաշտպանությունը, կոպտում է ամբաստանյալին՝ նրան անհիմն ենթարկելով պատժամիջոցի՝ տուգանելով 100 հազար դրամով: «Դատարանը աջակցում է ստեղծված ապօրինի իրավիճակին եւ փաստորեն նպաստում քաղաքացիների իրավունքների անսքող ոտնահարմանը»,- գրել է պատգամավորը:

Կալանավորների խոշտանգման առնչությամբ

Երեկ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ «ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն», որում մասնավորապես ասված է. «Օրերս հանրությանը նոր փաստեր հայտնի դարձան ՀՀ Հատուկ քննչական ծառայության եւ մարտի 1-ի խաղաղ ցուցարարների սպանդի առթիվ հարուցված թիվ 62202608 քրեական գործը քննող հատուկ քննչական խմբի գործելաոճի մասին: Քաղբանտարկյալներ Քրիստափոր Էլազյանի եւ Վարդան Ղավալբաբունցի հայտարարությունները եկան մեկ անգամ եւս ապացուցելու, որ դատախազական համակարգի արատները հատուկ քննչական ծառայություն տեղափոխած քննիչ-հանցագործները իրենց ձեռնտու ցուցմունքներ կորզելու նպատակով ձերբակալվածների նկատմամբ կիրառել են անմարդկային հալածանքներ եւ կտտանքներ:

Մեզ ոչ մի կերպ չի կարող բավարարել հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին ենթակա լրատվական բաժնի հերքումը: Ըստ էության, հայտարարություն է արվել կատարված հանցագործության մասին, եւ ՀՀ գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգով պետք է որոշում կայացնի ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: Գլխավոր դատախազից պահանջում ենք անմիջապես համապատասխան ընթացք տալ քաղբանտարկյալներ Էլազյանի եւ Ղավալբաբունցի հայտարարություններին եւ մինչեւ գործի քննության ավարտը կասեցնել պարոնայք Անդրանիկ Միրզոյանի եւ Վահագն Հարությունյանի հանցավոր գործունեությունը ՀՔԾ-ում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել