Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեւորը ազատազրկվել է վարորդի փոխարեն

Օգոստոս 12,2008 00:00

Նախադեպ Կենտրոնի քննչական բաժնում

Այս տարվա մայիսի 28-ին, ժամը 22-ի սահմաններում, Երեւանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի փաստի վերաբերյալ քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Ըստ այդ նյութերի՝ ավտովթարի պահին դեպքին ականատես է եղել ուղեւորը՝ Երեւանի Կողբացու 2 շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ Գառնիկ Սամվելի Արզաքանդյանը:

Ավտովթարից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն, առանց որեւէ հիմնավոր պատճառի, ուղեւորին՝ Գառնիկ Արզաքանդյանին, առանց տեղյակ պահելու ու պատշաճ ձեւակերպված համաձայնության, ժամը 24-ի սահմաններում տեղափոխում են «Շտապօգնություն» ՊՓԲԸ եւ ենթարկում բժշկական զննման՝ սթափության վիճակը որոշելու համար: Ոստիկաններն ուղեւորին բաց թողնելու եւ տուն ճանապարհելու փոխարեն, դիտավորյալ, ակնհայտորեն դուրս գալով իրենց ծառայողական լիազորությունների շրջանակներից, կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրդատօրի 11 հոդվածի, ՀՀ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի եւ ՀՀ սահմանադրության 16 հոդվածի պահանջները, Գ. Արզաքանդյանին զրկելով ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքից, նրան բերման են ենթարկում ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին: Կենտրոնի ոստիկանության բաժնի աշխատակիցները շուրջ 4 ժամ ապօրինի նրան պահում են հերթապահ մասի ժամանակավոր պահման խցում: Չբավարարվելով այդքանով՝ ոստիկանության աշխատակիցները Գ. Արզաքանդյանից վերցնում են գրավոր բացատրություն եւ, չգիտես ինչու, կրկին նրան հարկադրաբար տեղափոխում «Շտապօգնություն» ՊՓԲԸ: Ուղեւորը ենթարկվում է անօրինական զննման: Գառնիկ Արզաքանդյանը դառնում է «իրավապահ» աշխատակիցների «քմահաճույքի առարկա» եւ, տանը քնած լինելու փոխարեն, ամբողջ գիշեր ստիպված է եղել մնալ անազատության մեջ եւ ենթարկվել ոստիկանների անօրինական պահանջներին:

Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Կարո Կարապետյանը, փոխանակ նախապատրաստված նյութերը քննության առարկա դարձնելու, Գ. Արզաքանդյանին եւ նրա ծնողներին առաջարկել է մեղավոր վարորդի փոխարեն փոխհատուցել պատճառված նյութական վնասը: Հանդիպման ժամանակ քննիչը նույնն առաջարկել է գործով ներգրավված մյուս փաստաբան Ա. Թովմասյանին՝ չմտածելով իրավական ոչ մի հիմք չունեցող այս կարգի իր առաջարկության հետագա հետեւանքների մասին:

Փաստորեն, քննիչը ձեռք բերված ապացույցները հետազոտելու եւ դրանց ճիշտ իրավական գնահատական տալու փոխարեն՝ Գառնիկ Արզաքանդյանի նկատմամբ շարունակում է իրականացնել անօրինական հետապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031