Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դարձյալ Ղարաբաղի շուրջ

Օգոստոս 27,2008 00:00

Ինքնորոշման հարցը պետք է լինի առաջնային՝ այս կարծիքին են ե՛ւ ինքնորոշման առաջամարտիկ Պարույր Հայրիկյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը:

«Վրացիները փորձեցին ուժի միջոցով հարց լուծել, եւ դա դաս եղավ մարդկության համար, հասկացան, որ դա ճանապարհ չէ: Սա ուղղակիորեն կապվում է Արցախի հետ. ուժի միջոցով հարց լուծելու կողմնակիցները տեսան, որ պետք է ավելի զգաստ լինեն»,- «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով մեր հարցին՝ վրաց-օսեթական լարվածությունից հետո իրավիճակն ինչպե՞ս կարող է ազդել ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վրա, ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Իսկ ավստրիական «Der Standard» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ ի՞նչ հետեւություններ կարելի է անել «մեկ այլ «սառեցված հակամարտության»՝ Լեռնային Ղարաբաղի համար», ասել է. «Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերն ապացուցեցին, որ Հարավային Կովկասում ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարի դեմ զինված ուժով հակադրվելու փորձերը հղի են լուրջ ռազմական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներով: Վերջին զարգացումները հստակորեն ցուցադրեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի, ռազմական բյուջեների չհիմնավորված ավելացումների եւ ռազմատենչ հայտարարությունների իրական վտանգը: Դրանք միաժամանակ ապացուցեցին, որ նման հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ինքնորոշման համար պայքար մղող ժողովրդի կամքի ազատ արտահայտումը, եւ լուծումները պետք է հենվեն այդպիսի կամքի վրա, քանի որ հակառակ մոտեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային զտումների եւ միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման: Իրադարձությունները եւս մեկ անգամ ի հայտ բերեցին տարածաշրջանում առկա ենթակառուցվածքների, մայրուղիների, տրանսպորտային հանգույցների, խողովակաշարերի արդյունավետ գործարկման, դրանց այլընտրանքայնության ապահովման եւ առավել սփռված ցանցերի ձեւավորման կարեւորությունը»:

Ըստ էության, Պ. Հայրիկյանը եւ Ս. Սարգսյանը ԼՂ հարցում համակարծիք են: «Առավոտի» հետ զրույցում ԱԻՄ նախագահը նաեւ ասաց, որ ժամանակին ինքն ինքնորոշման սկզբունքի մեջ որոշակի փոփոխություններ է մտցրել, ըստ այդմ՝ մարդ անհատը ստեղծվել է միայն ինքնորոշման իրավունքով եւ այդ իրավունքից ելնելով իր համար ստեղծել է նաեւ այլ իրավունքներ. «Հայ իրականության մեջ ինքնորոշման սկզբունքը որպես առանցքային ներկայացնելիս հանդիպել եմ «մտահոգության», որ դա իբր կարող է հանգեցնել, ասենք, Գորիսի կամ Գյումրիի ինքնորոշմանը: Եթե հարցը դիտենք մարդու իրավունքների տեսանկյունից, ապա ավելի լավ է Գորիսն ինքնորոշվելու իրավունք ունենա, քան ՀՀ-ում հաստատվի բռնապետություն: Ես, իհարկե, ծայրահեղացրի, բայց ասածս այն է, որ եթե ՌԴ-ն ինքնորոշման մասին մտահոգված պետություն է, ապա պետք է թույլ տար, որ Հյուսիսային եւ Հարավային Օսեթիայի ժողովուրդներն ինքնորոշվեն եւ ստեղծեն միասնական պետություն: Բայց Ռուսաստանն առաջնորդվում է միայն իր շահերով, որոնք այս պահին համընկնում են համամարդկային արժեքներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել