Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 27,2008 00:00

«Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող ՀՀՇ անդամ Սուրեն Սիրունյանը (մեղադրվում է ՔՕ 225 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ) օգոստոսի 6-ին «Սուրբ Ներսես Շնորհալի» հիվանդանոցում ենթարկվել էր վիրահատության: Եվ երեկ «Առավոտին» հայտնեց. «Պարտադրել էին բժշկին, թե ինչ ուզում ես՝ արա, բայց քո բուժումները պետք է տեւեն 14 օր: Օգոստոսի 21-ին ինձ վերադարձրին «Վարդաշեն», պառկեցրել են իրենց բուժմասում: Իմ վիրակապերը պիտի փոխեին օրը 3 անգամ: Բայց այստեղ ոչ մի բժիշկ չկա, որ հասկանում է նման բաներից, որ նման բաներով զբաղվի էլ: Այստեղ նույնիսկ համապատասխան գործիքներ չունեն՝ նման բան անելու համար: Արդեն 6-րդ օրն է՝ այստեղ եմ, ընդամենը 2 անգամ են փոխել վիրակապերը: Եվ հիմա ինձ մոտ բորբոքային պրոցես է սկսվել. նորից արտադրություն՝ անընդհատ թարախ ու արյուն է գալիս վիրահատված տեղից: 2-3 օր է՝ քրեակատարողական հիմնարկների վարչության ղեկավարներին եմ դիմել, ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից վիրաբույժ ենք կանչում՝ չեն գալիս»:

Սուրեն Սիրունյանը շուրջ մեկ ամիս ունի տեւական գլխացավեր՝ միգրեն, ու հայտնեց. «Նշանակել էին, որ գլուխս հետազոտեն, բայց ոչ մի բան չարվեց: Ահա այսպես անորոշ վիճակով բերել՝ բուժմասում ձեւակերպել են, այնքան որ ցույց տան, թե ես բժշկական հսկողության տակ եմ: Բայց ոչ մի բան չեն անում: Անգամ գլխացավերիս համար դեղ չեմ ստանում: Ասում են՝ նամակ ենք գրել, թույլ կտան՝ կտանենք, կնկարեն, չեն թույլ տա՝ այդպես էլ պիտի մնաս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել