Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԽՆԱՅՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹԱՆԿ ՎԱՃԱՌԵՆ

Օգոստոս 27,2008 00:00

\"\"Բենզինի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները հույս ունեն, որ իրավիճակից օգտվելով՝ գերշահույթներ են ստանալու

Արդեն 2 օր է՝ մայրաքաղաքի բենզալցակայանների առջեւ ավտոմեքենաների հերթերը ձգվում են կիլոմետրերով: Եթե անգամ վարորդներին բախտը ժպտում է, ու հերթը հասնում էլ է, ապա նրանց բենզինը վաճառվում է կամ կտրոնով, կամ խիստ սահմանափակ քանակությամբ: Երեկ մի շարք բենզալցակայանների աշխատակիցներ, տեսնելով անվերջանալի հերթերը, գործի կեսից բենզալցակայանը «փակում» էին ու փակցնում «բենզին չկա» ցուցանակը: Երեկ այս առնչությամբ «Առավոտին» էին ահազանգել վարորդներ՝ հայտնելով, որ որոշ «փակ» բենզալցակայաններ բացվում էին բացառապես վերեւներից ստացած զանգերից հետո: Ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրին որոշ վարորդներ, ավտոմեքենաները լիցքավորվում էին այն դեպքում, երբ վարորդն իր բջջային հեռախոսով խոսում էր ինչ-որ ազդեցիկ մարդու հետ, որից հետո հեռախոսը փոխանցում էր բենզալցակայանի աշխատակցին: Վերջինս մոռանալով, որ «բենզին չկա», անմիջապես գործի էր անցնում ու լիցքավորում ծանոթ մեջ գցած վարորդի ավտոմեքենան:

Այս օրերին 1 լիտր բենզինի գինը 300-ից հասել է 1000 դրամի: Ու չնայած տնտեսության ոլորտի պաշտոնյաները, «Հարավկովկասյան երկաթուղու» պատասխանատուները վստահեցնում են, որ այլեւս որեւէ խնդիր չկա ու բոլոր բեռները, այդ թվում եւ վառելիքով բեռնված վագոններն անվնաս ներկրվում են Հայաստան, սակայն բենզինի առուվաճառքով զբաղվող բիզնեսմենները շարունակում են վառելիքի արհեստական դեֆիցիտ առաջացնել: Ու հենց իրենք էլ, օգտվելով իրենց իսկ ստեղծած դեֆիցիտից, գերշահույթներ ստանալու նպատակով բենզինի գինը եռակի բարձրացրել են:

«Բենզին չկա»-ի հանգամանքը մի բացատրություն էլ ունի: Նշենք, որ երկաթուղու վնասվելու պատճառով հայ գործարարներից շատերն իրենց ապրանքներն այլընտրանքային ճանապարհներով են բերում Հայաստան եւ բեռնափոխադրման հիմնական ճանապարհը Իրանով է: Եվ այս դեպքում գործարարները լրացուցիչ ծախսեր պետք է անեն, ինչը կբերի ապրանքների թանկացման: Իրանով ներկրվող բենզինի սակագները նույնպես բարձր են լինելու: Ուստի չի բացառվում, որ բենզինի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները վառելիքի հին խմբաքանակը չեն վաճառում եւ խնայողություն են անում, որպեսզի մի քանի օրից եկած նոր խմբաքանակի հետ միասին ավելի թանկ վաճառեն:

Հակառակ բենզալցակայանների սեփականատերերի հարստանալու մեծ սպասումներին, «Ֆլեշ» ընկերության տնօրեն Մուշեղ Էլչյանի հաշվարկներով՝ անգամ Իրանով ներկրելու դեպքում բենզինի գինը չպետք է թանկանա: «Առավոտի» հետ զրույցում Մ. Էլչյանը հայտնեց, որ. «Վերջին 15-20 օրվա ընթացքում համաշխարհային շուկայում բենզինի գներն իջել են եւ անգամ ճանապարհածախսը չի ազդի բենզինի գնի վրա: Եթե մենք այս օրերին Վրաստանով կարողանանք հեղուկ վառելիք ներկրել, ապա դա անգամ բենզինի գնի իջեցման կբերի: Մենք արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Թուրքմենստանի հետ, որպեսզի կարողանանք Իրանի տարածքով բենզին հասցնել Հայաստան, սակայն մինչեւ այդ բենզինը հասնի մեր երկիր՝ կպահանջվի 2 շաբաթ»: Մ. Էլչյանը նաեւ ասաց, որ չնայած բենզինի դեֆիցիտին, մեր երկրում դիզվառելիքի սուր պահանջ չկա: Մեր այն հարցին, թե ինչ սկզբունքով են բենզին հատկացնում սպառողներին, «Ֆլեշ» ընկերության տնօրենը պատասխանեց. «Մենք միայն կտրոններով ենք տալիս: Բազմաթիվ հիմնարկների հետ պայմանագրեր ունենք: Դա էլ աշխատում ենք 20 լիտրից ավելի չլինի, քանի որ, մեր հաշվարկներով, մայրաքաղաքի բնակիչների համար այդքանը պետք է որ բավականացնի 4-5 օր»: Մենք պարոն Էլչյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ծանոթների ու ընկերների համար բացառություններ չե՞ն արվում, ինչպես մյուս ընկերություններին պատկանող բենզալցակայաններում է. «Ինչպես կարելի է տենց բան չանել: Բնական է, որ ընկերներին տալիս ենք: Ծանոթներին էլ, ընկերություններին էլ տվել եմ»: Իսկ թե այս օրերին «Ֆլեշն» ինչպե՞ս է բենզին ներկրում, պարոն Էլչյանը պատասխանեց. «Մեզ օգնեց Բաթումից ավտոշարասյունով եկող բենզինը: Բացի այդ՝ երկաթուղու հիմնական կամուրջը պայթեցնելուց 1 օր առաջ մեր ընկերության համար եկավ որոշակի խմբաքանակ: Մեր պետությունն էլ է Բաթումից ներկրել որոշակի չափաքանակ, որից մեզ էլ է հատկացվել: Սակայն մի քանի օր այս ոլորտում դեռ լարված կլինի»:

Երեկ բենզինի թանկացման եւ դեֆիցիտի հետ կապված «Առավոտի» հարցերին բենզին ներկրող մի շարք ընկերություններ չցանկացան որեւէ պարզաբանում տալ: «Մաքսֆուր» ընկերության տնօրենը չցանկացավ անգամ հայտնել իր անունը, իսկ «Միկա» եւ «ՌանՕյլ» ընկերությունների տնօրենները, գործավարներից տեղեկանալով, որ իրենց լրագրող է զանգել, վերջիններիս հրահանգեցին, որ պատասխանեն, թե իրենց տնօրենները քաղաքում չեն:

Նշենք, որ երկրում ստեղծված իրավիճակը փոքր-ինչ թեթեւացնելու համար օրերս մեր կառավարությունը որոշել էր ավտոշարասյունով Բաթումից բենզին ներկրել Հայաստան: Նախօրեին հայտարարվեց, որ այդ 513 տոննա բենզինն արդեն տեղ է հասել: Այդ շարասյունը Երեւան է ժամանել դեռ ուրբաթ օրը՝ օգոստոսի 22-ին, Բավրայի մաքսակետով: Չնայած դրան՝ բենզալցակայաններում բենզինը կրկին չի հերիքում եւ նրա ռեկորդային գները չեն իջնում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել