Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի չնեղացնենք որեւէ մեկին»

Օգոստոս 27,2008 00:00

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Հայաստանը պիտի զգուշավոր լինի Վրաստանի, Ռուսաստանի, Ամերիկայի եւ Իրանի հետ:

Երեկ «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական մամուլի ակումբի հյուրն էր Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ռուս-վրացական հայտնի դեպքերին: Լրագրողներից մեկին հետաքրքրեց՝ արդյո՞ք իրականում կատարվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ-ն պիտի կարողանա համադրել Ամերիկայի եւ ՌԴ-ի շահերը: «Հայաստանը առաջին տարին չէ, որ այսպիսի աշխարհագրական ֆորմատի մեջ է: Նրա հարեւաններից են Վրաստանը եւ Իրանը, որոնք լուրջ խնդիրներ ունեն: Օրինակ, Իրանը՝ Ամերիկայի հետ հարաբերություններում, Վրաստանը՝ Ռուսաստանի: Եվ ՌԴ-ն, եւ Ամերիկան Հայաստանի համար կարեւոր են, ինչպես Իրանն ու Վրաստանը: Ուստի մեր երկրի քաղաքականությունն այս դեպքում պիտի չափից ավելի զգուշավոր լինի: Նա պիտի իրեն այնպես պահի, որ ոչ ոքի չնեղացնի»,- պատասխանեց Ա. Իսկանդարյանը:

Մի լրագրողի էլ հետաքրքրեց, թե, իրո՞ք, ինչպես որոշ քաղաքագետներ են պնդում, վրաց-օսեթական խնդիրը սկսվեց Կոսովոյի հարցից, եւ եթե՝ այո, ապա դա չի՞ նշանակում, որ շղթան կշարունակվի: «Դեռ Կոսովոյից առաջ՝ 1974-ին խնդիրներ կային Հյուսիսային Կիպրոսում, Փենջափում… Մենք ունիկալ պատմական դարաշրջանում ենք ապրում, որտեղ հնարավոր չէ, որ հանրապետությունները նույն թվով մնան, բնականաբար՝ գործընթացը կլինի շարունակական»,- հնչեց պատասխանը:

Իսկ մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ՀՀ-ի՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին Ա. Իսկանդարյանը նշեց. «Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հարցը ոչ մի կապ չունի Մոսկվա-Թբիլիսի, Մոսկվա-Ցխինվալի, Մոսկվա-Սուխումի հարաբերությունների հետ: Եթե ենթադրենք, որ ՌԴ-ն կճանաչի Հարավային Օսեթիան եւ Աբխազիան, ապա դա չի լինի միջազգային ճանաչում: Ուստի ՀՀ-ի՝ Ղարաբաղի ճանաչումը եւս որեւէ բան չի փոխի, դա ներքաղաքական հարց է, եւ առաջ չի տանի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը: Դրա համար նախ Ադրբեջանը պիտի ճանաչի ԼՂՀ-ն»:

«Ա1+»-ում տեղադրված Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վրաց-ռուսական հակամարտության մասին հարցազրույցի մասին Ա. Իսկանդարյանն ասաց. «Դա քաղաքագետի բավականին լուրջ կարծիք է, չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական գործիչ է: Նրա որոշ դիրքորոշումների հետ ես, իսկապես, համաձայն եմ»: Մեթյու Բրայզայի այն հայտարարության մասին, թե Ղարաբաղի ժողովուրդն ինքը պիտի որոշի իր պետության կարգավիճակը՝ հանրաքվեով, բանախոսը նշեց. «Մեթյու Բրայզայի հայտարարությանը վերաբերում եմ, ինչպես Մեթյու Բրայզայի հայտարարությանը»: Նաեւ հավելեց. «Արեւմուտքը ռեսուրսներ ունի, եւ հասկանալի է, որ Արեւմուտքը Ռուսաստանին ինչ-որ ձեւով կպատժի, ինչն այժմ նկատելի է»: Իսկ Հարավային Կովկասում վերջին ժամանակահատվածում կատարվածի մասին Ա. Իսկանդարյանը կարծում է. «Ոչ Վաշինգտոնում, ոչ Բրյուսելում, ոչ էլ Մոսկվայում է կատարվել ամենակարեւորը: Մեր տարածաշրջանը լուրջ փոփոխության է ենթարկվել»:

Հետագա հնարավոր զարգացումների մասին Ա. Իսկանդարյանը այսպիսի կանխատեսումներ արեց. «Ռուսները Վրաստանից դուրս կգան. Վրաստան ասելով՝ հասկանում եմ Վրաստան՝ առանց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի: Իսկ այն հարցը, թե ռուսները կանցնե՞ն 15 կմ-անոց զոնայից, շատ կարեւոր է: Վրաստանում շոկը կանցնի, ճանապարհները կվերականգնվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել