Լրահոս
Օրվա լրահոսը

Լռությունն այլեւս խախտվել է

Հոկտեմբեր 04,2008 00:00

«Իմ տատը» գրքում («My Grandmother», Verso Books հրատարակչատուն, 2008 թ.) Ֆեթիյե Չետինը ներկայացնում է իր տատի պատմությունը՝ միաժամանակ նաեւ պատմելով իմ տատի մասին: Պարզվում է՝ զարմուհիներ ենք եղել, ում ծննդյան օրվանից բաժանել են իրարից:

Արեւելյան Թուրքիայում՝ Անատոլիայում, բնակվող մի երիտասարդ աղջիկ, ում բռնությամբ բաժանել են ծնողներից վաղ տարիքում՝ այնքան վաղ, որ չի հիշում: Դա նրա տատի պատմությունն է: Բայց նաեւ իմ տատի պատմությունն է: Երկուսն էլ կրթություն չեն ստացել: Երկուսն էլ մասնագիտություն չեն ունեցել, եթե չհաշվենք տատիկի կոչումը:

Առնվազն ֆիզիկապես փրկված այդ մանկիկներին մեծացրել են նրանց գերեվարած բարի մարդիկ, մինչդեռ նրանց ծնողները հարկադրված հայտնվել են բռնագաղթի ճանապարհին:

Երեխաները հասակ են առել: Մեծացել են անապատում, բայց չեն մոռացել իրենց մայրերի եւ հայրերի անունները: Չեն մոռացել իրենց սեփական անունները՝ անուններ, որ ճչացել են ծնողները՝ իրենց բռնությամբ բաժանելու պահին: Չեն կորցրել հույսը, որ երբեւիցե աշխարհի մի անկյունում կվերամիավորվեն:

Ճակատագիրը, սակայն, նրանց չէր ժպտալու: Տատիս ծնողների հետքն անհետ կորել էր: Տատիս մեծացրել էր մի ընտանիք, որն ավելի ուշ նրան պետք է վաճառեր հայ առեւտրականի: Սիրիայի անապատները հատելուց եւ Հալեպի որբանոցում հայտնվելուց հետո՝ նա պետք է նոր կյանք կառուցեր իր, դստեր եւ սփյուռքահայության համար, որի ներկայացուցիչներ էին այլեւս նաեւ իրենք:

Ֆեթիյե Չետինի տատին՝ Սեհերին, ամուսնացրել էին նրան որդեգրած ընտանիքի արու զավակի հետ: Նրա պարագայում վերամիավորումը հնարավոր էր: Սակայն, իմանալով հանդերձ, որ վաղուց կորած մայրն ու հայրը գտնվում են ոչ այնքան հեռավոր Հալեպում, Սեհերը կամ Հրանուշը, չհանդգնեց ամուսնու եւ վերջինիս ընտանիքի պատիվը վիրավորելու հաշվին ուղեւորվել Հալեպ եւ վերագտնել ծնողներին եւ քույր-եղբայրներին, չնայած Հալեպը յոթ սարի հետեւում չէր: Նա կրկին կորցրեց ընտանիքը, այս անգամ՝ ընդմիշտ: Պատասխանատվության այս վեհ, ոմանք կասեին անգամ՝ ավելորդ զգացումը կարող էր պատմության այլ վերջաբանի հանգեցնել:

Փոխարենը՝ տեղի էր ունեցել հետեւյալը. նվիրված եւ սիրող երեխաներ ու թոռներ մեծացնելուց հետո, երբ մոտենում էր պատմությունն իր հետ գերեզման տանելու ժամանակը, Սեհերը կամ Հրանուշը իր գլխով անցածը պատմեց թոռանը: Պատմեց՝ մասամբ հույս փայփայելով, որ նույնիսկ այդքան ժամանակ անց դեռ կարելի էր գտնել ընտանիքի որոշ անդամների: Պատմելու հիմնական նպատակը, սակայն, անցյալի հետ հաշվի նստելն էր այնպես, ինչպես վարվում է մեզանից յուրաքանչյուրը «հաշվեմատյանները» վերջնականապես փակելուց առաջ:

Սփյուռքի պատմաբանները հասկացել էին, որ վերապրողները, ովքեր տասնամյակներ շարունակ չէին խոսել, այլեւս ունկնդիրներ էին փնտրում, որպեսզի պատմեն իրենց անհավատալի, անհավանական պատմությունները:

Զրկանքների, պայքարի եւ գոյատեւման իրենց պատմությունը վերհիշել եւ ներկայացրել է մոտ 2000 վերապրող՝ Ֆրանսիայից մինչեւ Կանադա եւ ԱՄՆ: Ոմանք անիծել են թուրքերին, մյուսները՝ կարոտով հիշել կողք կողքի՝ որպես հարեւաններ ապրելու օրերը: Մեծ մասը, սակայն, թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Ոչ մեկը չի հիշել այն մոտ երկու միլիոն թուրքերին, ում պապերի եւ տատերի պատմությունները նման են Հրանուշի պատմությանը:

Հրանտ Դինքն ասում էր, որ շաբաթը մի քանի հեռախոսազանգ էր ստանում թուրքերից, ովքեր հենց նոր էին պարզել, որ իրենք էլ են, ի վերջո, հայեր: Զանգողներից մեկը Ֆեթիյե Չետինն էր եղել. վերջինս մարդու իրավունքների պաշտպան էր՝ միաժամանակ նաեւ Հրանտի շահերի պաշտպանը:

Ֆեթիյե Չետինի՝ Հրանտին պատմած պատմությունը զետեղված է այս ոչ հաստափոր 100 էջանոց գրքում: Գիրքը գեղեցիկ անգլերենի է թարգմանել Մորին Ֆրիլին, ով նաեւ Օրհան Փամուկի թարգմանիչն է: (Ֆեթիյե Չետինի այս գիրքը թարգմանվել է եւ՛ արեւմտահայերեն, եւ՛ արեւելահայերեն): Յուրատեսակ այս խոստովանության մեջ հեղինակը խախտում է լռությունը՝ խոսելով բոլորին հայտնի «գաղտնիքի» մասին. մի քանի սերունդ առաջ Թուրքիայում հայեր են բնակվել, եւ նրանց ժառանգները դեռ ապրում են Թուրքիայում: Դա ուղերձ է Անկարային:

Գիրքը քաղաքականության եւ գաղափարախոսության մասին չէ: Երկու կանանց պարզ պատմություն է սա. իննսունն անց ծեր կինը խախտում է լռությունը միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ այլ տարբերակ չունի, իսկ նրա քաջարի թոռնուհին վճռում է խախտել լռությունը, որն այլեւս հնարավոր չէ պահպանել: Ուրիշ ինչպե՞ս բացատրեր քույրերին եւ նրանց դուստրերին, թե ինչու էր տատը գարնանը թխում այդ հետաքրքիր քաղցր հացը՝ Զատիկի չորեգները, որ կորուսյալ կյանքն էին հիշեցնում իրեն: Ուրիշ ինչպե՞ս արձագանքեր հեռախոսազանգին, որ ստացվեց Ամերիկայից, երբ Հրանուշի մահվան լուրը տպագրվեց ստամբուլյան «Ակոս» օրաթերթում եւ 10,000 մղոն հեռու ընթերցվեց կենդանի մնացած ծնողների նոր երեխաների կողմից՝ ծնողներ, ովքեր տեղափոխվել էին օվկիանոսի այն կողմը, բայց երբեք չէին մոռացել այս ափին թողած իրենց դստերը:

Լռությունն այլեւս խախտվել է: Ֆեթիյե Չետինի սերունդը հետեւելու է Հրանտ Դինքի կոչին՝ խոսելու միմյանց հետ եւ լսելու միմյանց: Զոհերի ժառանգները՝ Սփյուռքի այսօրվա սերունդը, այժմ արդեն պետք է արժանապատվություն, խոսելու եւ լսելու ունակություն դրսեւորի:

Սալբի Ղազարյանը «Armenian International Magazine»-ի նախկին խմբագիրն է եւ հրատարակիչը: Այժմ նա Երեւանում գտնվող «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենն է: 2001-2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հատուկ օգնականի պաշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել