Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունեն քաղաքական մշակույթ»

Հոկտեմբեր 15,2008 00:00

Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը իշխող ուժերի այս հատկանիշով է պայմանավորում ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

«Ուկրաինայի ներքաղաքական հարաբերություններում պակասում է քաղաքական մշակույթը»,- երեկ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն եւ մանրամասնեց. «Երկու հիմնական պայքարող ուժերից որեւէ մեկն առավելություն չունի: Նրանք պիտի հաշտվեն, գնան փոխզիջումների, բայց քանի որ պակասում է քաղաքական մշակույթը՝ առաջխաղացում չկա»: ԵՊՀ շրջանավարտ, Չարենցի, Րաֆֆու եւ այլ հայ գրողների մասին 100-ից ավելի հրապարակումներով հանդես եկած դեսպանը խոսեց նաեւ «նարնջագույն» հեղափոխության հետեւանքների մասին. «Այն փոփոխություն է մտցրել մարդկանց գիտակցության մեջ, այլեւս քնած ազգ չենք, մեր ընտրությունը արդեն կախված չէ ուրիշներից»:

1996-ից ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը նաեւ հայտարարեց, որ մեծ ակնկալիքներ ունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ուկրաինա՝ առաջիկա այցից: Ալ. Բոժկոն գովերգեց հայ-ուկրաինական հարաբերությունները՝ չանդրադառնալով ուկրաինա-ադրբեջանական սերտացող հարաբերություններին. «Հայ-ուկրաինական դիվանագիտական փոխհարաբերություններն ունեն 50 տարվա պատմություն: Մեր ճանապարհները ընդհանուր են եղել: Դեռ 12-րդ դարից հայերը մուտք են գործել Ուկրաինայի տարածք, այժմ էլ այնտեղ կա 300 հազարանոց հայկական համայնք: Չնայած ընդհանրություններին, երբեմն որոշ հարցերում մեր տեսակետները բաժանվում են, եւ ամեն մեկը ելնում է իր շահերից: Տնտեսական ոլորտում ունենք լուրջ հաջողություններ: Եթե 1995-ին հայ-ուկրաինական առեւտուրը կազմում էր 15 մլն դոլար, այժմ այն հասել է 300 մլն-ի: Հայկական ապրանքների Ուկրաինա արտահանումը տարեկան աճում է 30-40%-ով, իսկ հայկական կոնյակը Ուկրաինայում ավելի պահանջված է, քան Հայաստանում»:

Դեսպանը խոսեց նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների մինուսներից. «Ուկրաինայի մասին լրատվությունը բացակայում է Հայաստանում: Ինֆորմացիա ենք ստանում միակողմանի լուսաբանող աղբյուրներից: Հայ ուսանողներից շատերը, որոնք սովորում են Ուկրաինայում, հաճախ չեն վերադառնում Հայաստան: Հայերը տեղյակ չեն նաեւ մեր նորագույն պատմությանը. եղավ մի շրջան, երբ ուկրաինացիները սովի մատնվեցին սեփական իշխանությունների կողմից…»: ԵՊՀ ուսանողներին հնարավորություն տրվեց նաեւ հարցեր ուղղել դեսպանին:

Մի ուսանողուհու հետաքրքրեց Ուկրաինայի կառավարման համակարգը. «Այժմ Ուկրաինան պառլամենտա-նախագահական երկիր է, սակայն այդ պարագայում էլ կառավարությունը մի կերպ է մտածում, նախագահը՝ այլ»: Ուսանողներին հետաքրքրեց նաեւ դեսպանի՝ հայ դիվանագիտության մասին կարծիքը եւ այն, թե Հայաստանի օրեր անցկացվելո՞ւ են Ուկրաինայում: «Բարձր եմ գնահատում դիվանագետների աշխատանքը, իսկ Հայաստանի օրեր Ուկրաինայում կկազմակերպվեն ՀՀ նախագահի այցի ժամանակ»,- հնչեց պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել