Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼԸ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունվար 10,2009 00:00

Հայաստանն ավանդաբար օլիմպիական խաղերում ներկայացված է լինում մենապայքարային մարզաձեւերում: Պեկինից հետո ՀԱՕԿ-ում լրջորեն մտածում են արդեն նաեւ խաղային որեւէ մարզաձեւից մասնակցություն ունենալու մասին:

Ընտրությունը կանգնել է այնպիսի էկզոտիկ մարզաձեւի վրա, ինչպիսին լողափնյա վոլեյբոլն է, իսկ այդ գործի կազմակերպումը վստահվել մեր գործընկեր, մարզական լրագրող Կարեն Գիլոյանին, որը պատասխանեց «Առավոտի» հարցերին:
– Ե՞րբ ծնվեց գաղափարը:
– Ամառային 29-րդ օլիմպիական խաղերի ավարտից անմիջապես հետո: Այդ համոզմանը եկավ նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի հետ դեռ Չինաստանում կայացած զրույցում ամենանպատակահարմարը համարվեց լողափնյա վոլեյբոլը: Նա այդ խնդրով զբաղվելու պարտականությունը դրեց ինձ վրա, եւ ես անմիջապես ձեռնամուխ եղա դրա կատարմանը: Այդ հարցում ինձ շատ օգնեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից Ռոբերտ Ջանիբեկյանը: Առանց նրա եւ մեր մյուս մասնագետների կարծիքները լսելու՝ ես ոչինչ չէի կարողանա անել:
Կարճ ժամանակում կապեր ստեղծելով մեկնեցի Բրազիլիա՝ Ռիո դե Ժանեյրոյից 40 կմ հեռավորության վրա գտնվող Մետեռոյ քաղաք, որտեղ լողափնյա վոլեյբոլը շատ տարածված է:
– Տեղում շփումներն ինչպե՞ս էին կազմակերպվել:
– Նախապես պայմանավորվել էինք Բրազիլիայում Հայաստանի հյուպատոսարանի եւ տեղի հայկական համայնքի հետ: Նրանք անգնահատելի աջակցություն ցույց տվեցին, որի համար անչափ շնորհակալ եմ: Նրանց օգնությամբ նախապատրաստական որոշ աշխատանքներ արդեն կատարվել էին: Նախապես՝ մոտավորապես ընտրված թիմերն արդեն սպասում էին: Կազմակերպեցինք մի փոքր մրցաշար, որում թիմերը միմյանց հետ խաղացին մեկական սեթ: Ես դիտում եւ միեւնույն ժամանակ նկարահանում էի: Դա մոտ 4-5 ժամ տեւեց: Ի վերջո, ընտրեցինք երեք թիմ՝ երկուսը՝ տղաների, մեկը՝ աղջիկների:
– Մասնագիտական խորհրդի կարիք չունեցա՞ր: Լողափնյա վոլեյբոլն իր նրբություններն ունի:
– Հավանաբար, տեղյակ չեք, որ ես վոլեյբոլից Վրաստանի երիտասարդական առաջնության 3-րդ մրցանակակիր եմ: Ճիշտ է, լողափնյա վոլեյբոլը տարբերվում է դասականից, սակայն սկզբունքներն ընդհանուր են:
– Որո՞նք են լինելու հետագա քայլերը:
– Կարեւորն այն է, որ մի շարք մարզիկներ տվել են Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու իրենց համաձայնությունը: Պարոն Ծառուկյանն ամեն ինչի մասին մանրամասն տեղեկացված է եւ պատրաստ է գումարներ ներդնել՝ վարձատրել, կազմակերպել մարզումները, հավաքները, ֆինանսավորել նաեւ նրանց մարզիչներին, բոլորին ապահովել հանդերձանքով, անհրաժեշտ վիտամիններով, նաեւ պարգեւավճարներ հատկացնել, ինչպես մյուս մարզաձեւերում:
Սպասում ենք, որ առաջինը աղջիկների զույգը՝ Ֆեռնանդինյան եւ Մարիաննան, կգա Հայաստան: Ավելի ուշ կգան նաեւ տղաները՝ Գիլյերմոն եւ Ռաֆայելը, Բուբան եւ Տյագուն: Նրանք կհանդիպեն Գագիկ Ծառուկյանի հետ, վերջնականապես կճշտեն պայմանները եւ պայմանագիր կստորագրեն: Բոլորին էլ քաղաքացիություն կշնորհվի, եւ նրանք Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու իրավունք ձեռք կբերեն:
– Զույգերն ընտրվեցին, քաղաքացիություն էլ շնորհվեց: Ի՞նչ մարզական խնդիրներ են դրվելու նրանց առջեւ եւ նրանք ի վիճակի՞ են կատարել դրանք: Եվ երկրորդ հարցը. բրազիլացիներին Հայաստան հրավիրելու անհրաժեշտություն կա՞ր:
– Սկսեմ երկրորդ հարցից: Աշխարհում նման բաներն ընդունված են եւ դրանում ոչ մի վատ բան չկա: Օրինակ՝ Պեկինում Վրաստանը ներկայացնում էր աղջիկների բրազիլական Ջոռնո եւ Ջիա երկյակը, որ հասավ մինչեւ կիսաեզրափակիչ: Դա չափազանց լուրջ ցուցանիշ է: Վերադառնալով մեր լեգեոներականներին՝ ասեմ, որ մարզիչների խոսքերով՝ մեր աղջիկները «վրացիների» հետ նույն մակարդակի վրա են եւ աշխարհի վարկանիշային դասակարգմամբ 14-րդ զույգն են: Տղաներից Գիլյերմոն եւ Ռաֆայելը լավ տեղեկացված էին Հայաստանի մասին եւ աշխարհում ու Եվրոպայում միջինից բարձր մակարդակի վրա են գտնվում: Իսկ, այ, Բուբան եւ Տյագուն, չնայած վեց ամիս են միասին մարզվում, չափազանց լուրջ թիմ են: Վստահ եմ, որ նրանց խաղը մեկ անգամ տեսնողը նրանց ձեռքից բաց չէր թողնի: Ավելացնեմ նաեւ, որ ապագայում աղջիկների երկրորդ զույգ ձեռք բերելու նպատակ էլ կա: Եթե ինչ ծրագրել ենք՝ ստացվի, հաջորդ օլիմպիական խաղերում Հայաստանը ոչ միայն լողափնյա վոլեյբոլի մասնակից, այլեւ, բացառված չէ, որ մեդալակիր թիմ կունենա: Թեեւ օլիմպիական խաղերին մասնակցելն արդեն իսկ պատվաբեր է ցանկացած երկրի համար:
– Հայաստանում լողափնյա վոլեյբոլը լուրջ հիմքերի վրա դնել, զարգացնել հնարավո՞ր է:
– Անկեղծ ասեմ, առայժմ՝ ոչ: Դրա համար նյութատեխնիկական հզոր բազա եւ մասնագետներ են հարկավոր: Ինչը շատ ծախսատար է: Սեւանա լճի լողափերի ավազը միանգամայն պիտանի չէ մարզաձեւի համար: Լողափնյա վոլեյբոլինը հատուկ, շատ մանր ավազ է, որի վրա նետվում են, ընկնում եւ վնասվածք չեն ստանում: Իսկ Սեւանում եթե մեկ անգամ ընկար, վեր կենալ էլ չես կարող: Մի քանի խաղադաշտ կառուցելով՝ մարզաձեւը չես զարգացնի, թեեւ հետեւողական լինելու դեպքում սայլը տեղից շարժել հնարավոր է: Բայց դրա համար մեծ ներդրումներ են հարկավոր: Իսկ դա ապագայի խնդիր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել