Լրահոս
Օրվա լրահոսը

64 ՎԱՆԴԱԿ

Հունվար 10,2009 00:00

Գաբին՝ Ասիայի ակումբային չեմպիոն
Մրցաշրջան 2008-ի Հայաստանի լավագույն մարզիկ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որին արտասահմանում Գաբի են անվանում, Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված Ասիայի ակումբային անդրանիկ առաջնությունում Ալ Էյն քաղաքի համանուն ակումբի կազմում դարձել է այդ աշխարհամասի առաջին ակումբային չեմպիոն:
Արոնյանը կմասնակցի «CORUS 2009» գերմրցաշարին
Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հունվարի 16-ից փետրվարի 1-ը հանդես է գալու Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կայանալիք «Corus 2009» միջազգային գերմրցաշարում, որն անցկացվելու է 71-րդ անգամ:
Բացի Արոնյանից, Հոլանդիայում ուժեղագույնների «A» խմբում պայքարի մեջ ներգրավվելու են Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վան Յուեն (Չինաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Լեյներ Դոմինգեսը (Կուբա), Լյուկ վան Վելին, Դանիել Ստելվագենը եւ Յան Սմիթը (բոլորն էլ՝ Հոլանդիա): Մասնակիցների անհատական գործակիցներով «Corus 2009»-ին տրված է ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման բավականին բարձր՝ 19-րդ կարգ:
Լեւոն Արոնյանը տարեցտարի բարելավում է այս մրցաշարում իր ցուցանիշները: Մասնավորապես, անցած տարի նա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վաստակեց ամենից շատ՝ 8,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցների շնորհիվ ճանաչվեց «Corus 2008»-ի հաղթող:
Էլինան կանանց մեջ առաջինն էր
\"\"Կանանց միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որն ամուսնացել եւ ներկայումս բնակվում է Հոլանդիայում, մասնակցելով Գրոնինգեն քաղաքում անցկացված շախմատային 45-րդ փառատոնին, 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, 68 մասնակիցների մեջ (տղամարդիկ եւ կանայք) գրավել է 16-րդ հորիզոնականը, որը բավականին բարձր արդյունք է: Ուրախալի էոր հայաստանցի շախմատիստուհու այս ցուցանիշը լավագույնն է մրցաշարի մասնակից կանանց մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել