Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳԱԼ ՀՈԳՈՎ ԵՎ ԷՈՒԹՅԱՄԲ

Հունվար 10,2009 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մենախոսությունը սիրո մասին

Ծնվել է 1972թ. հունվարի 16-ին՝ Երեւանում:
Գույներից նախընտրում է սեւն ու սպիտակը, մանուշակագույնը:
Սիրած երգիչը՝ Շարլ Ազնավուր:
Սիրած կինոնկարը՝ «Թակել երկնքի դռները»:
Այս պահին ընթերցում է Օ. Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը»:
Եթե հնարավորություն ունենար իրականացնել անձնական ցանկությունը՝ կցանկանար շրջագայել Արեւմտյան Հայաստանով, տեսնել նախնյաց հայրենիքը եւ մեզանից օտարված մշակութային արժեքները:
Սիրում է նվեր ստանալ օծանելիք եւ ծաղիկ՝ թրաշուշաններ:
«Ժլատ» է տղամարդկանց նվերներ տալու հարցում,
ավելի ճիշտ՝ նրանց նվերներ ընդհանրապես չի տալիս:
Ամուսնացած է, ունի երեք դուստր՝ Լուսինե, Լիլիթ, Գրետա:

Տարեդարձի միջոցառումը՝ մեծ սիրո սկիզբ
Մանկական, պատանեկան զգացմունքները սեր չեմ համարում: Սերը հասուն հոգիների փոխադարձ հարաբերություն է: 17 տարեկան եմ եղել, երբ ծանոթացել եմ ապագա ամուսնուս՝ Սուրեն Դրամփյանի հետ: Նրա հետ առաջին անգամ հանդիպել եմ խնջույքի ժամանակ: Մեր կուրսից մի տղայի ծննդյան օրն էր եւ նա որոշել էր այդ օրը նշել «Մուսալեռ» ռեստորանային համալիրում: Պարզվում է՝ ամուսնուս ընկերը այդ տղայի եղբայրն էր եւ Սուրենի հետ նրանք եւս մասնակից էին այդ խնջույքին: Չնայած մենք ծանոթացանք այդ երեկո, բայց Սուրենի հետ լուրջ հարաբերությունները սկսվեցին ավելի ուշ: 20 տարեկանում ես արդեն նրա կինն էի:
Ինչ վերաբերում է առաջին համբույրին, ես գտնում եմ, որ յուրաքանչյուր կնոջ մեջ պետք է լինի հասարակության համար անթափանցելի՝ սեփական գաղտնիքների մի խումբ: Բայց այն, ինչ կոչվում է իրական սեր՝ պետք է զգաս հոգով եւ մարմնով, քո ողջ էությամբ: Բարեբախտաբար, ես այդ ամենը զգացել եմ եւ համարում եմ, որ կյանքն իմ հանդեպ բարեհաճ է:
Վերջապես Սուրենը զանգեց
Առաջին ժամադրությունս 18 տարեկանում է եղել: Հանդիպել ենք սրճարանում: Սուրենը իմ կուրսեցիներից վերցրել էր հեռախոսահամարս: Այդ մասին տեղեկացել էին նաեւ իմ համակուրսեցի ընկերուհիները՝ Մերին եւ Դիաննան, ովքեր անընդհատ զանգում էին ինձ ու հետաքրքրվում, թե, արդյոք, չի՞ զանգել Սուրենը: Իսկ Սուրենը բավական ժամանակ չէր զանգում: Երեւի տղամարդկանց բնորոշ բնավորությամբ՝ չէր համարձակվում: Հետո արդեն զանգեց ու մենք սկսեցինք հանդիպել:
Սիրո հարցում պահանջատեր եմ
Չեմ կարող պնդել, որ խանդոտ չեմ, եւ որ ինձ ծանոթ չէ խանդի զգացումը: Սակայն անհիմն խանդը համարում եմ անթույլատրելի եւ սիրո ոչնչացմանը տանող ուղի: Անիմաստ չեմ խանդի, բայց եթե որեւէ բան ինձ է պատկանում ապա պատրաստ եմ պայքարել: Չեմ սիրում, որ զգացմունքները թաքցնում են, օրինակ՝ ես բոլորին ցույց կտամ, թե ինձ ինչ կամ ով է պատկանում:
Սիրո պայքար… տառապանքի սկիզբ
Գտնում եմ, որ եթե գոյություն ունի սեր երկու անձանց միջեւ, ապա սիրո ծառն ունի ամենօրյա խնամքի կարիք: Եթե սիրո մեջ պայքար կա, բնականաբար՝ կա նաեւ տառապանք: Ներկայիս գիտական լեզվով ասած, ես խիստ հարգում եմ մարդկանց միջեւ սիրո արդյունքում առաջացող էներգիան: Իմ համոզմամբ, կնոջ եւ տղամարդու հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, ուստի երբեք չի կարելի վիրավորել տղամարդու ինքնասիրությունը: Իմ խորին համոզմամբ՝ տղամարդը ի սկզբանե պետք է լինի ուժեղ: Կարծում եմ, նրա մեջ կարեւորագույնը հոգեւոր եւ ֆիզիկական կարծր հատկանիշների միագումարն է, որը պետք է խարսխված լինի մարդասիրության վրա: Փաստարկի փոխարեն ֆիզիկական ուժին դիմելը՝ համարում եմ տղամարդու թուլություն:
Սիրո ժամանակը
Ինձ համար կին-տղամարդ հարաբերությունները, որոնք բխում են սիրուց, արժանի են հարգանքի: Մինչեւ ամուսնությունը կնոջ եւ տղամարդու մերձեցումը, որը անկեղծ սիրո արդյունք է, նույնպես արժանի է հարգանքի: Կարծում եմ, իրականում այդ հարաբերություններին ամուսնությունից հետո է տրվում այլ որակներ, ու սերը բարձրանում է մեկ այլ մակարդակի: Զույգերն իրար պետք է համակրեն ու սիրեն ինչ-որ «հանունի»: Դա դիմացինիդ մեջ այն ամենը տեսնելն է, ինչը ճիշտ է, արժեքավոր, այն է՝ նրա հայացքները, արտաքինը, մարդկային մշակույթը… Կյանքը փոխվում է, ժամանակներն ու մոտեցումները՝ նույնպես, բայց կան սկզբունքներ, որոնց հենքի վրա կանգնած է մարդկային հասարակությունը: Սերը որպես աստվածատուր կամք՝ ամեն մեկին չէ, որ բաժին է հասնում, ուստի յուրաքանչյուր անհատ պետք է կյանքի ընթացքում պայքարի այդ մեծ շնորհին հասնելու համար:
Իմ «զենքն» իմ հանդուրժողականությունն է
Միմյանց սիրող անձանց, հատկապես երկար տարիներ միասին ապրած զույգերի համար «զենքի»՝ որպես կտրուկ միջոցի օգտագործման անհրաժեշտության կարիք չկա: Ընտանեկան հարաբերություններում ամուսինների մեջ ամենակարեւոր հանգամանքը, երջանկության գաղտնիքը հանդուրժողականությունն է. եթե զույգերը հանդուրժում են, ապա հարգում են, վստահում են: Փոխադարձ հանդուրժողականությունը հաջողության հասնելու գրավականն է:
Երբեմն ընտանեկան հարաբերություններում կտրուկ ու վճռական լինելու պահ է գալիս: Դա էլ է անհրաժեշտ, իհարկե՝ ոչ բոլոր դեպքերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել