Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԳՐԱՎԵԼ «ԷԼԻՏԱՐ» ԿՆՈՋ ՍԻՐՏԸ

Հունվար 10,2009 00:00

Կամ զերծ մնալ ձեւեր թափելուց ու միայն ճոխություններից շատախոսելուց
Տղամարդիկ հաճախ խուսափում են մտերմանալ «էլիտար» աղջիկների հետ, սիրահարվել նրանց ու, առավել եւս, ամուսնության առաջարկ անել: Ուժեղ սեռի ներկայացուցիչները բարդույթավորվում են, երբ աղջիկն ավելի ապահովված է լինում, քան իրենք: Տվյալ պարագայում վերջիններս իրենց անընդունակ, երբեմն էլ անկարող են զգում ու խուսափում իրենց դուր եկած «էլիտար» աղջկա հետ հաճախել հասարակական վայրեր, ամաչում են իրենց «ոչ համապատասխան» կարգավիճակից: Սակայն իրականում այն աղջիկներն ու կանայք, որոնք ոչնչի պակաս չունեն՝ զգում են անկեղծ շփումների ու հարաբերությունների կարիք, որոնցում փողը դեր չի խաղում:
Հարուստ աղջիկների հետ շփվող տղամարդկանց հաճախ հետեւյալ հարցն է տանջում՝ ի՞նչ նվիրել՝ մեծ ու շքեղ ծաղկեփո՞ւնջ, թանկարժեք զարդե՞ր, օծանելի՞ք… Վերջում էլ հանգում են շաբլոն եզրակացության՝ ՆԱ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ:…Այդպես էլ չկողմնորոշվելով՝ տղամարդիկ զոհում են իրենց ամենաթանկ զգացմունքը ու հրաժարվում սիրած աղջկանից, որը ոչնչով մեղավոր չէ: Աղջիկն էլ, որին հավանաբար գրավել էր «հասարակ» տղամարդը, «դժբախտանում» է՝ կորցնելով ոչ շահադիտական նպատակներով իր հետ շփվել ցանկացող տղամարդուն:
Իսկ ինչպե՞ս տեղեկանալ «էլիտարների» հետաքրքրությունների մասին… Նման աղջկան իր թանկարժեք մեքենայից, ֆիրմային հագուստներից, նորաձեւության, վարսահարդարման սրահներից, գիշերային ակումբներից ու ռեստորաններից բացի՝ ուրիշ է՞լ ինչ է հետաքրքրում: Հոգեբանները տղամարդկանց խորհուրդ չեն տալիս հարուստ աղջկա հետ խոսել միայն թանկարժեք իրերից ու վայելքներից, այդ դեպքում աղջիկը հաստատ կձանձրանա: Այնպես որ, հարգելի տղամարդիկ, եթե ուզում եք գրավել հարուստ աղջկա սիրտը, ապա անկեղծ ու հասարակ լինելը ձեր ամենաճիշտ քայլը կլինի: Ճոխ հնարավորություններ ունեցող աղջիկը, որը միշտ շքեղ ծաղկեփնջեր է ստացել «էլիտար» փեսացուներից ու մեծամիտ ընկերներից, համոզված եղեք՝ կշոյվի «հասարակ» տղայի նվիրած մեկ վարդից, որի մեջ ավելի շատ ջերմություն կտեսնի, քան իրեն մշտապես ուղարկված շքեղ, բայց անզգացմունք ծաղկեփնջերի մեջ: Տղամարդի՛կ, եթե դուք բարի եք ու անկեղծ, հանուն ձեր սիրելիի՝ պատրաստ ամենախենթ արարքի, համոզված եղեք, որ ձեր անկեղծ պահվածքը կհալեցնի նույնիսկ ամենաշփացած աղջկա սիրտը: Երբեք մի փորձեք խաղալ «էլիտար» աղջկա զգացմունքների հետ, որովհետեւ չի բացառվում, որ նա սիրահարվել է առաջին անգամ, իսկ սիրահարված կինը, որի սերն անպատասխան է, պատրաստ է ամենադաժան արարքին: Ուրեմն, եթե չեք սիրում, մի՛ խաբեք նրան, որովհետեւ այդկերպ կհաստատեք, որ նրա միակ առավելությունը հարուստ լինելն է: Իսկ նորմալ մարդը, երբ մտածի, որ ինքը լավն է միայն նրա համար, որ հարուստ է, շատ ծանր ապրումներ կունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել