Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 10,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ տասնյոթերորդ

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
Եվ ես Տաթեւիկին հարցրի՝ «դու էդ «Ծիծեռնակում» ի՞նչ ես աշխատում», եւ Տաթեւիկը պատասխանեց ու ասաց՝ «գլխավոր խմբագրի տեղակալ», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, շեֆս ես ըլնելու», եւ Տաթեւիկն ասաց՝ «էդպես ա ստացվում» եւ ժպտալով ավելացրեց` «էնպես որ` հետս էդ տեսակ կատակներ չանես», եւ ես ասացի՝ «շեֆի հետ ո՞վ ռիսկ կանի կատակ անի», եւ Տաթեւիկն ասաց՝ «որ կատակելու շնորհք ունենայիր՝ էս մի տարվա մեջ մի հատ երգիծանք կգրեիր» եւ լրջանալով ավելացրեց՝ «բայց մանկական ոտանավորներ պարտադիր պիտի գրես», եւ ես ասացի՝ «էդ մեկը հաստատ կարամ անեմ», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «երբեւէ փորձե՞լ ես», եւ ես ասացի՝ «բանաստեղծություն շատ եմ գրել», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «մանկական գրե՞լ ես», եւ ես ասացի` «մանկական չեմ գրել, բայց կգրեմ», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «կարծում ես՝ կստացվի՞», եւ ես ասացի՝ «մի քիչ որ թույլ գրեմ՝ մանկական կստացվի», եւ Տաթեւիկն ասաց՝ «խմբագրի մոտ էդպիսի կատակներ չանես», եւ ես ժպտալով ասացի՝ «խմբագրի մոտ չեմ անի», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «տեղակալի մոտ էլ էդպիսի կատակներ մի արա», եւ ես ասացի՝ «կատակ չեմ անում. լրիվ լուրջ եմ ասում», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ես լուրջ ասում», եւ ես ասացի՝ «մի քիչ որ թուլացնեմ՝ մանկական կստացվի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մանկականը նույն մեծականն ա՝ մի քիչ ավելի պրիմիտիվ», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե պրիմիտիվ, այլ՝ պարզ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ ես ժպտալով ասացի՝ «ոտի վրա պոեզիայի դասեր ես տալիս», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «ընդ որում՝ անվճար» եւ լրջանալով հարցրեց՝ «ընդամենը «Գարունի» էդ մի շարքը չե՞ս տպագրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Տաթեւիկն ասաց՝ «էդ շարքն էլ ի՛մ շնորհիվ ես, չէ՞, տպագրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ճիշտ ես ասում» եւ ժպտալով ավելացրի՝ «մաղարիչն էլ խոստացել ու չեմ արել», եւ Տաթեւիկն ասաց՝ «մաղարիչի հարցն առանձին խոսակցության հարց ա, բայց խորհուրդ տալու իրավունք էլ չունե՞մ», եւ ես ժպտալով ասացի՝ «ունես», եւ Տաթեւիկն ասաց՝ «վերջապես՝ ոչ թե Համո Սահյանին եմ խորհուրդ տալիս, այլ ընդամենը՝ Արմեն Շեկոյանին», եւ ես ասացի՝ «Համո Սահյանին էլ կարաս խորհուրդ տաս» եւ ծիծաղելով ավելացրի՝ «ինքն էլ մանկական ոտանավոր չի գրել», եւ Տաթեւիկը չափազանց լուրջ տոնով ասաց՝ «ես իմ չափը շատ լավ եմ ճանաչում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ չես ուզում՝ չեմ գրի», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ չես գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «մանկական ոտանավոր», եւ Տաթեւիկը զարմացած ասաց՝ «շառ ե՞ս» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հիմա ուզում ե՞ս աշխատես, թե՞ չես ուզում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թե չես ուզում՝ խնդրող չկա», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ եմ ուզում», եւ Տաթեւիկն ասաց՝ «ուրեմն, քեզ շատ մի թանկացրու», եւ ես Տաթեւիկին ասացի՝ «քեզ հաստատ ամոթով չեմ թողի», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մանկական ոտանավորների իմաստով», եւ Տաթեւիկն ասաց՝ «որ կասկածեի՝ չէի առաջարկի» եւ ժպտալով ավելացրեց՝ «էս կաֆեներում լիքը պարապ բանաստեղծ կա, բայց քեզ եմ առաջարկում», եւ ես ժպտալով ասացի՝ «հոգաչափ շնորհակալ եմ, Տաթեւիկ ջան», եւ Տաթեւիկը ժպտալով հարցրեց՝ «հոգաչափն ինչքա՞ն ա», եւ ես ասացի՝ «հոգաչափը հոգու չափ ա», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «շատ փոքր հոգի էլ կա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հեռու ինձանից», եւ Տաթեւիկն ասաց՝ «մարդկությունը դեռ էդպիսի գործիք չի հնարել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գոծիք», եւ Տաթեւիկն ասաց՝ «հոգին չափելու գործիք», եւ ես «Սկվազնյակը» ցույց տալով ասացի՝ «կոֆե չխմե՞նք», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «չես վախենո՞ւմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ց պիտի վախենամ», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «էդ սրճարանում լիքը պարապ բանաստեղծներ կան. չես վախենո՞ւմ, որ էդ աշխատանքն իրենց կառաջարկեմ», եւ ես ասացի՝ «ավելի լավ. բժշկականի թերթում կմնամ», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «էդ աշխատանքիցդ էդքան գոհ ե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «գոհը գոհ չեմ, բայց աշխատավարձս բարձրացրել են», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «ինչքա՞ն ես ստանում», եւ ես ասացի՝ «առաջ իննսուն էի ստանում, բայց հիմա հարուր տասնհինգ եմ ստանալու», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի մեր մոտ էլ էդքան կստանաս, բայց մերը հանրապետական մակարդակի ամսագիր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհանքով ավելացրեց՝ «էն ասացվածքն ա ստացվում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասացվածք», եւ Տաթեւիկն ասաց՝ «խոզին դրեցին խալու վրա, գլորվեց՝ ընկավ ցեխը», եւ ես ասացի՝ «նեղացնում ես», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «կներես. էդ ասացվածքը պատահական հիշեցի», եւ ես ասացի՝ «ասացվածքից չեմ նեղանում», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ց ես նեղանում», եւ ես ասացի՝ «նեղանում եմ, որ չես ուզում հետս մի բաժակ կոֆե խմես», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «շտապում եմ», եւ ես հարցրի՝ «ո՞ւր ես շտապում», եւ Տաթեւիկն ասաց՝ «պիտի մի հատ Գրապալատ մտնեմ՝ մեր էդ ամսագրի գրանցման հարցերով հետաքրքրվեմ», եւ ես հարցրի՝ «էդ ամսագիրը նոր պիտի գրանցե՞ք», եւ Տաթեւիկն ասաց՝ «պաշտոնական որոշումը կա. հունվարից պիտի լույս տեսնի», եւ ես զարմացած ասացի՝ «բայց հիմա օգոստոսի սկիզբն ա», եւ Տաթեւիկն ասաց՝ «հիմիկվանից հունվարյան էդ համարը պիտի պատրաստենք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իսկական իմ տեղն ա», եւ Տաթեւիկն ասաց՝ «որ հրամանդ տանք՝ սեպտեմբերից ենք տալու» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, մինչեւ սեպտեմբեր մտածելու ժամանակ ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «հաճույքով կմտածեմ», եւ Տաթեւիկն ասաց՝ «որ ուզենանք էլ՝ սեպտեմբերից շուտ չի լինի. խմբագիրը տասնհինգ օրով գնացել ա Մոսկվա», եւ ես հարցրի՝ «Մոսկվա՞ խի ա գնացել», եւ Տաթեւիկը պատասխանեց ու ասաց՝ «թղթի հարցերով», եւ ես հարցրի՝ «ի՞նչ թուղթ», եւ Տաթեւիկն ասաց՝ «ուզում ենք բարձրորակ՝ կավճապատ թղթի վրա էդ ամսագիրը տպենք», եւ ես ասացի՝ «շատ ճիշտ եք որոշել», եւ Տաթեւիկն ասաց՝ «գունավոր ու շատ շքեղ ամսագիր պիտի տպենք», եւ ես ասացի՝ «շատ լավ կանեք», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «քո աջակցությամբ», եւ ես ժպտալով ասացի՝ «մեծ սիրով կաջակցեմ», եւ Տաթեւիկն ասաց՝ «վաղուց ժամանակն ա, որ հանրապետական մասշտաբի մամուլում աշխատես», եւ ես ժպտալով ասացի՝ «համաձայն եմ», եւ Տաթեւիկն ասաց՝ «համաձայնությունդ քիչ ա», եւ ես հարցրի՝ «է՞լ ինչ ա պետք», եւ Տաթեւիկն ասաց՝ «մանկական ոտանավորներ պիտի գրես», եւ ես ասացի՝ «կգրեմ», եւ Տաթեւիկն ասաց՝ «հիմա պիտի սկսես, որ մինչեւ խմբագիրը Մոսկվայից գա՝ ցույց տալու բան ունենանք», եւ ես ասացի՝ «արխային. ցույց տալու բան կունենանք», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ թեթեւ ես վերաբերվում», եւ ես հարցրի՝ «ինչի՞ն եմ թեթեւ վերաբերվում», եւ Տաթեւիկն ասաց՝ «մեծական բանաստեղծություն գրելն ավելի հեշտ ա, քան՝ մանկական», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատկերացնում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բոլորն էլ էդ են ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ են ասում», եւ Տաթեւիկն ասաց՝ «ասում են, որ մանկականն ավելի դժվար ա», եւ ես ասացի՝ «բոլորի հետ գործ չունես», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ հույս ունեմ, որ քեզ մոտ կստացվի, բայց…», եւ ես հարցրի՝ «էլ ի՞նչ բայց», եւ Տաթեւիկն ասաց՝ «բայց վախենում եմ՝ էդ ավելորդ ինքնավստահությունդ խանգարի», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ մի վախեցի», եւ Տաթեւիկը պայուսակը բացելով ասաց՝ «հեռախոսիդ համարն ասա՝ գրեմ», եւ ես ասացի՝ «հեռախոսիս համարն ունես», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «քո հեռախոսի համա՞րն ինչի պիտի ունենամ», եւ ես ասացի՝ «ես եմ տվել», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ես տվել», եւ ես ասացի՝ «անցած տարի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «բլոկնոտիդ մեջ գրեցիր», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ բլոկնոտ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կարմիր բլոկնոտ էր», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «շա՜տ ուժեղ հիշողություն ունես», եւ ես ասացի՝ «հիշողությունիցս դժգոհ չեմ», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «տնաշեն, ես էդ բլոկնոտս հազիվ եմ հիշում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես շատ լավ եմ հիշում», եւ Տաթեւիկը ծիծաղելով ասաց՝ «էդ բլոկնոտս հիշում եմ, բայց հեռախոսիդ համարը մոռացել եմ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ալարո՞ւմ ես հեռախոսիդ համարը նորից ասես», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում եմ. գրի՛», եւ Տաթեւիկը պայուսակից թուղթն ու գրիչը հանելով ասաց՝ «ասա՛. գրում եմ», եւ ես ասացի, եւ Տաթեւիկը համարս գրելով ասաց՝ «ամենաուշը ամսվա վերջին կզանգեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «խմբագիրը որ Մոսկվայից գա՝ հետը կխոսեմ ու կզանգեմ քեզ», եւ Տաթեւիկն ինձ հրաժեշտ տվեց ու շարժվեց Գրապալատի կողմ, եւ ես իրեն հաջողություն մաղթելով՝ մտա «Սկվազնյակ», որտեղ լիքը պոետներ ու նկարիչներ կային, ու ես պոետների ու նկարիչների հետ զրուցելով՝ Տաթեւիկի ասածն էի հիշում ու ինքնագոհ մտածում էի, որ Տաթեւիկն էսքան պարապ պոետներից հենց ինձ է նախընտրել, ու էդ պահի դրությամբ Տաթեւիկի ապագա ամուսնու՝ Խորենի գոյության մասին որեւէ տեղեկություն չունեի, ու էդ պահին իմ ու Տաթեւիկի՝ երկու հարազատ քրոջ շառավիղներ լինելու հանգամանքից էլ էի բացարձակապես անտեղյակ, ու էդ երջանիկ անտեղյակության մեջ հաճելիորեն մտածում էի, որ էդքան պարապ ու շատախոս պոետներից Տաթեւիկը հատկապես ինձ է ընտրել, ու նաեւ գիտակցում էի, որ պիտի անպայման արդարացնեմ ինձ, եւ էդ բանն ամեն օր գիտակցելով՝ էդ օրերին ամեն առավոտ ոչ թե սովորական բանաստեղծություն էի գրում, այլ բացառապես՝ մանկական, ընդ որում՝ ոչ թե սովորական մանկական, այլ հիմնականում՝ ձմեռային ու գարնանային թեմաներով, որովհետեւ արդեն գիտեի, որ «Ծիծեռնակի» առաջին ինքնուրույն համարը հունվարին է լույս տեսնելու, եւ ինքնուրույն համար ասելով՝ ուզում եմ հիշեցնել, որ «Ծիծեռնակը» նախքան էդ էլ էր եղել, բայց մինչ այդ որպես «Պիոների» հավելված էր լույս տեսնում, եւ ահա՝ յոթանասունութի հունվարից սկսած՝ իբրեւ առանձին ամսագիր էր լույս տեսնելու, որովհետեւ էդ նորանկախ ամսագրի նորանշանակ խմբագիր Ժենյա Ղուկասովնա Մադոյանը՝ Կենտկոմի բաժնի վարիչ Գուրգեն Առաքելյանի կինն ու Սովետական Միության հերոս Ղուկաս Մադոյանի դուստրը, ամբողջ կյանքում Կենտկոմում աշխատելով ու թոշակի տարիքի հասնելով՝ որոշել էր մի քիչ հանգստանալ, ու հանգստի վայրն էլ միանգամայն ինքնուրույն էր ընտրել՝ ամուսնու ջանքերով «Ծիծեռնակը» «Պիոներից» անջատելով ու անկախացնելով, եւ չնայած Ժենյա Ղուկասովնան թոշակի տարիքի էր, չափազանց սիրունատես ու գեղեցիկ էր, եւ չնայած ողջ գիտակցական կյանքում Կենտկոմում էր աշխատել, չափազանց կիրթ ու բարեհամբույր անձնավորություն էր, բայց նախքան իրեն ճանաչելը ես Տաթեւիկին ճանաչելու բարեբախտությունն էի ունեցել եւ Տաթեւիկի առաջարկությամբ մինչեւ օգոստոսի վերջ ամեն օր մանկական ոտանավորներ էի գրում, եւ երբ յոթանասունյոթի օգոստոսի քսանութի առավոտ Տաթեւիկն ինձ զանգեց, ես արդեն շուրջ քսան մանկական ոտանավորների հեղինակ էի, եւ դրանց մեծ մասը ձմեռային ու գարնանային թեմաներով էին, եւ մինչ Տաթեւիկն ինձ կզանգեր, ես էդ շուրջ քսան ոտանավորներս արդեն որպես մանկական գիրք ներկայացրել էի հրատարակչության մանկական բաժին, եւ Արշակյանն արդեն դրանք հավանել էր, եւ մանկական բաժնի աշխատողներն էլ էին հավանել, որովհետեւ եթե էդ տարիներին Արշակյանը մի բան հավանում էր՝ հրատարակչության մյուս աշխատողներն էլ էին անմիջապես հավանում, եւ երբ յոթանասունյոթի օգոստոսի վերջին Տաթեւիկն ինձ զանգեց, ես արդեն որոշ չափով ընդունված մանկագիր էի, եւ, որ ամենակարեւորն է, ինքս էլ էի էդ մանկական ոտանավորներս հավանում, եւ, որ շատ ավելի կարեւոր է, ես էն ժամանակ ջահել սկսնակ էի ու չգիտեի, որ գրողներն ու մանավանդ բանաստեղծները հիմնականում իրենց գրածները սիրում ու հավանում են, եւ մինչ Տաթեւիկն ինձ կզանգեր, ես իմ էդ մանկական ոտանավորներն արդեն սիրել ու հավանել էի եւ համոզված էի, որ Տաթեւիկն էլ կհավանի, եւ չնայած Ժենյա Ղուկասովնա խմբագրին դեռեւս չէի տեսել ու չէի ճանաչում, վստահ էի, որ խմբագիրն էլ կհավանի, ու էդ օրերի ինքնավստահությանս հիմնական պատճառը երեւի էն էր, որ ես առանձնապես չէի տենչում «Ծիծեռնակ» ընդունվել, որովհետեւ «Ապագա բժիշկ» թերթում աշխատավարձս արդեն բարձրացրել էին, եւ դա ինձ համար շատ էական էր, որովհետեւ մի ամբողջ տարի էդ «Ապագա բժիշկ» թերթում աշխատելով՝ հասկացել էի, ավելի ճիշտ՝ զգացել էի հիմնարկում ամենացածր վարձատրվողի ողջ անհարմարությունն ու անլիարժեքությունը, եւ երբ Տաթեւիկը «Ծիծեռնակի» հետ կապված էդ առաջարկությունն ինձ արեց, ես արդեն «Ապագա բժիշկում» ինձ լիարժեք մարդ էի զգում, ու միակ անհարմարությունն էն էր, որ Դարբինյանն աշախատավարձս բարձրացնելով՝ շարունակում էր ինձ հետ լրագրողական լուրջ հույսեր կապել, մինչդեռ արդեն ուշքս ու միտքս Տաթեւիկն ու «Ծիծեռնակն» էին, եւ չնայած տասնհինգ օրվա մեջ մանկական էդ գիրքս գրեցի ու հրատարակչություն հանձնեցի եւ «Ապագա բժշկի» իմ նորացված աշխատավարձով ինձ արդեն լիարժեք մարդ էի զգում, այդուհանդերձ, ականջս Տաթեւիկի զանգին էր, որովհետեւ հեչ չէի կարողանում համակերպվել «Ապագա բժիշկում» հոդվածներ գրելու մտքի հետ, եւ մինչ Դարբինյանն ու Աշոտն ինձ լրագրության էին մղում, ուշքս ու միտքս Տաթեւիկի զանգն էր, բայց քանի որ Տաթեւիկի զանգն ուշանում էր, ես շարունակում էի Աշոտի ու Դարբինյանի լրագրողական խորհուրդներն ունկնդրել, եւ չնայած Աշոտի շնորհիվ էի «Ապագա բժիշկ» ընդունվել, Տաթեւիկի զանգին անհամբեր սպասելով՝ Աշոտին, փաստորեն, խաբում էի. այսինքն, Աշոտին չէի կարող ասել, որ Տաթեւիկի զանգին եմ անհամբեր սպասում, որովհետեւ Տաթեւիկի չզանգելը քիչ հավանական, բայց հնարավոր էի համարում, եւ երբ դույն թվականի օգոստոսի քսանութի առավոտյան Տաթեւիկը զանգահարեց ու էդ նույն օրը հանդիպեցինք, ինձ համար հոգեբանական նոր բարդություններ առաջացան, որովհետեւ նույն օրը Տաթեւիկի ու Ժենյա Ղուկասովնայի հետ պայմանավորվեցինք, որ սեպտեմբերի մեկից «Ծիծեռնակում» աշխատանքի եմ, եւ, ինչպես ենթադրում էի, էդ շուրջ երկու տասնյակ մանկական ոտանավորներս Տաթեւիկն ու հատկապես Ժենյա Ղուկասովնան շատ հավանեցին, եւ երբ Ժենյա Ղուկասովնան ինձ հարցրեց՝ «վաղո՞ւց եք մանկական բանաստեղծություններ գրում», Տաթեւիկն ինձ աչքով արեց, ու ես ստելով պատասխանեցի եւ ասացի՝ «երկու տարի կլինի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «էսքանը գրածներիս մի մասն է» եւ մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «մանկական գիրքս արդեն հրատարակչություն եմ հանձնել», եւ Տաթեւիկն իրեն զսպել չկարողանալով՝ ապշահար հարցրեց՝ «արդե՞ն», եւ ես Տաթեւիկին ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Տաթեւիկը Ժենյա Ղուկասովնային հարցրեց՝ «Արմենի հրամանը սեպտեմբերի մեկո՞վ տանք, Ժենյա Ղուկասովնա», եւ Ժենյա Ղուկասովնան պատասխանեց ու ասաց՝ «իհարկե» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հետաձգելն իմաստ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հրամանը սեպտեմբերի մեկով տանք, որ Արմենը նոր ուսումնական տարին «Ծիծեռնակում» սկսի», եւ ես շնորհակալություն հայտնելով՝ Ժենյա Ղուկասովնայի կաբինետից դուրս եկա ու էդ պահին դեռեւս չգիտեի, որ էդ սենյակը ոչ թե գլխավոր խմբագրի կաբինետն էր, այլ՝ խմբագրության միակ սենյակը, որտեղ մինչեւ հունվար վեցով պիտի տեղավորվեինք, եւ երբ էդ սենյակից դուրս եկա, Տաթեւիկը նույնպես դուրս եկավ ու ինձ ասաց՝ «համա թե փչանն ես, հա՜», եւ ես հարցրի՝ «ի՞նչ եմ փչել», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ էրկու տարի մանկական ոտանավորներ ես գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «դու ստիպեցիր, որ սուտ ասեմ», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ստիպեցի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «աչքով արիր», եւ Տաթեւիկը ծիծաղելով ասաց՝ «կարող ա՞ վրես ուրիշ շառեր էլ անես», եւ ես արդարանալով ասացի՝ «հո չէի՞ ասի, որ էդքանն էս մի քանի օրում եմ գրել», եւ Տաթեւիկը ծիծաղելով ասաց՝ «որ ասեիր էլ՝ դժվար թե հավատար», եւ էդ պահին արդեն շենքի դռանն էինք, եւ «Ծիծեռնակի» էդ միակ սենյակն «Ա1+»-ի էն սենյակն էր, ուր քսանյոթ տարի անց Վասակի հետ «Այբ-ֆեն» էինք տպում, եւ Տաթեւիկն ինձ մինչեւ շենքի դուռն ուղեկցելով ասաց՝ «էդ բոլոր ոտանավորներն էս մի քանի օրում ե՞ս գրել», եւ ես ժպտալով հարցրի՝ «չհավանեցի՞ր», եւ Տաթեւիկն ասաց՝ «որ իմանամ չես մեծամտանա՝ կարծիքս կասեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ասա. չեմ մեծամտանա», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «արդեն մի ամիս կլինի՝ անվանի մանկագիրներից ոտանավորներ ենք ստանում, բայց քո էդ գրածներից անհամեմատ վատն են», եւ ես ժպտալով ասացի՝ «այսինքն, ոչ թե իմոնք են լավ, այլ իրանց գրածներն են վատ», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «դեռ աճելու տեղ ունես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ինչքան հնարավոր ա՝ կաճեմ», եւ Տաթեւիկը ժպտալով հարցրեց՝ «էն մյուս սո՞ւտն ինչի հնարեցիր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ սուտ», եւ Տաթեւիկն ասաց՝ «ասեցիր, որ մանկական գիրք ես հրատարակչություն հանձնել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ճիշտ եմ ասել», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ես հանձնել», եւ ես ասացի՝ «էրկու օր առաջ» եւ ժպտալով ավելացրի՝ «հրատարակչությունում էլ են հավանել», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ էլ կասկածում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, տաղանդ ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մանկական տաղանդ եմ», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «ես որ չլինեի, էդ մանկական տաղանդդ դժվար թե բացահայտվեր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հաստատ չէր բացահայտվի», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե բացահայտվեր էլ՝ երեւի շատ ուշ բացահայտվեր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «լավ է շուտ, քան՝ երբեք», եւ Տաթեւիկը ծիծաղելով ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ ես հարցրի՝ «աշխատավարձս ինչքա՞ն ա», եւ Տաթեւիկն ասաց՝ «առայժմ հարյուր ռուբլի կստանաս, հետո երեւի կբարձրանա» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էնտեղ ինչքա՞ն ես ստանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հարուր տասնհինգ», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, տասնհինգ ռուբլի տուժում ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «տասնհինգ ռուբլի տուժում եմ, բայց հանրապետական մակարդակ եմ մուտք գործում», եւ Տաթեւիկն ասաց՝ «լավ կմտածես՝ հետո նոր որոշում կկայացնես», եւ ես ասացի՝ «արդեն որոշել եմ. ամսի մեկից կգամ», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ տասնհինգ ռուբլին հոնորարով կկոմպենսացնենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «հոնորար էլ ե՞մ ստանալու», եւ Տաթեւիկն ասաց՝ «իհարկե» եւ ժպտալով ավելացրեց՝ «բանաստեղծության մի տողին նվազագույնը մի ռուբլի ենք տալու», եւ ես ասացի՝ «առանց հոնորարի էլ էի համաձայն, բայց որ հոնորար կա՝ ավելի լավ», եւ Տաթեւիկն ասաց՝ «փաստորեն, արդեն վերջնական որոշել ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որոշելը որոշել եմ, բայց մի հատ շատ լուրջ բարդություն կա», եւ Տաթեւիկը հարցրեց՝ «ի՞նչ բարդություն», եւ ես ասացի՝ «չգիտեմ՝ ոնց եմ իրանց ասելու, որ աշխատանքից ազատվում եմ», եւ Տաթեւիկն ասաց՝ «աշխատանքից ազատվելը շատ հեշտ ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընդունվե՛լն ա դժվար», եւ ես ասացի՝ «իմ համար աշխատանքից ազատվելն ավելի դժվար ա», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ ա դժվար», եւ ես ասացի՝ «չգիտեմ՝ խմբագրին ոնց պիտի ասեմ. ախր նոր ա աշխատավարձս բարձրացրել», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «շատ կներես, բայց էդ մի գործը քո փոխարեն չեմ կարող անել», եւ ես ասացի՝ «ուզեմ-չուզեմ՝ պիտի ասեմ», եւ Տաթեւիկն ասաց՝ «իհարկե պիտի ասես. մինչեւ էնտեղից չազատվես՝ էստեղ չես կարող ընդունվել», եւ ես ասացի՝ «հասկանում եմ», եւ Տաթեւիկն ասաց՝ «որ հասկանում ես՝ իզուր ժամանակ մի կորցրու», եւ ես ասացի՝ «մերսի, Տաթեւ ջան» եւ ժպտալով ավելացրի՝ «մի հատ էլ մաղարիչ ավելացավ», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «էրկուսը կմիացնես՝ մի հատ կարգին մաղարիչ կանես», եւ ես ժպտալով ասացի՝ «էս անգամ հաստատ կանեմ», եւ Տաթեւիկն ասաց՝ «հաջողություն», եւ ես ժպտալով ասացի՝ «սեպտեմբերի մեկին կգամ», եւ Տաթեւիկը ծիծաղելով ասաց՝ «պայուսակով ու գրենական պիտույքներով», եւ ես ծիծաղելով ասացի՝ «անպայման» եւ լրջանալով ավելացրի՝ «գնամ տենամ՝ ոնց եմ մարդկանց բացատրում», եւ Տաթեւիկն ասաց՝ «հասարակ բաներն իզուր ես էդքան բարդացնում», եւ ես ասացի՝ «հաջող», եւ Տաթեւիկն ասաց՝ «հաջողություն» ու մտավ շենք, եւ ես ոտով ու դանդաղ շարժվեցի դեպի Բժշկական ինստիտուտ եւ առանձնապես չէի շտապում, որովհետեւ արդեն «Ապագա բժշկի» աշխատող չէի, ու էդ մասին միայն ես ու Տաթեւիկը գիտեինք, մեկ էլ՝ Ժենյա Ղուկասովնան, ու որ էդ մասին մեր տնեցիներին չէի ասել՝ էդ միանգամայն իմ բնավորության ու սովորության շրջանակներում էր, բայց էդ մասին Աշոտին ու Դարբինյանին տեղեկացնելը պարտադիր էր, որովհետեւ, մանավանդ էն տարիներին, նոր աշխատանքի անցնելիս հին աշխատանքից ազատվելը պարտադիր պայման էր, եւ ես պարտավոր էի էդ մասին տեղեկացնել առնվազն Աշոտին ու Դարբինյանին, եւ հատկապես Աշոտին ու Դարբինյանին տեղեկացնելն էր անհարմար, որովհետեւ Աշոտը Դարբինյանին մի քանի ամիս համոզելով՝ հասել էր նրան, որ Դարբինյանն աշխատավարձս ամբողջ քսանհինգ ռուբլով բարձրացրել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել