Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՎԱԶԴԻ ՎՐԱ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱԶԴԻ

Հունվար 13,2009 00:00

Գովազդային գործակալությունները նույնպես սկսել են ճանապարհներ որոնել՝
համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Որքան էլ ՀՀ իշխանություններն իրենք իրենց ու հանրությանը փորձում են հավատացնել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեր երկիրը շրջանցում է, եւ նրա ազդեցությունից մեր տնտեսությունը գրեթե չի տուժելու, սակայն տեղական գովազդային գործակալություններն արդեն սկսել են իրենց մտահոգությունները հայտնել ճգնաժամի հնարավոր վնասների վերաբերյալ: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Ագամա» գովազդային գործակալության ստեղծագործական տնօրեն Միքայել Հովհաննիսյանը, գովազդի շուկայում շատ արագ են արտացոլվում այն երեւույթները, որոնք կատարվում են երկրի տնտեսությունում՝ բիզնես-ոլորտում: Ըստ նրա՝ այս տարի գովազդային շուկայում «հետաքրքիր» տարի է լինելու. «Դա բերելու է գումարների վերաբաշխման, այսինքն՝ ընկերությունները սկսելու են իրենց ոչ պարտադիր ծախսերը կրճատել՝ թրեյնինգները, մարկետինգի ակտիվացումը եւ այլն: Քանի որ գովազդը, իմ կարծիքով, համարվում է պարտադիր ծախս, որովհետեւ գովազդում ապրանքի մասին տեղեկատվություն էլ է տրվում, այդ նպատակով ծախսվող գումարներն ուղղակի մի փոքր կկրճատվեն: Ես կարծում եմ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեծ մասամբ ազդելու է խոշոր ընկերությունների վրա, ու եթե նրանք սկսեն իրենց ծախսերը կրճատել, ապա ավելի ազդեցիկ ու քիչ ծախսատար գովազդներ կսկսեն պատրաստել, որը պետք է ավելի լավ արդյունքների բերի: Իմ կանխատեսմամբ՝ հեռուստագովազդը եկող տարի չի լինի հիմնական գովազդի միջոց, եւ գործարարներն այլընտրանքային միջոցներ են փնտրելու գովազդներ պատրաստելու համար: Ըստ վերլուծաբանների՝ գովազդային շուկան առաջիկայում ATL-ից անցնելու է BTL-ի, ինչը նշանակում է, որ հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ մեծ պաստառներով մատուցվող գովազդները, որոնք ավելի մեծ լսարանի համար են պատրաստվում (ATL), իրենց տեղը զիջելու են ավելի փոքր թիրախային լսարանի համար պատրաստվող գովազդներին (BTL)՝ ակցիաներին, երբ մի ապրանք գնելու դեպքում նվերներ ես ստանում: Այս ճգնաժամի պայմաններում, ինձ թվում է, որ BTL-ը ծաղկունք կապրի, որովհետեւ այն առաջին հերթին քիչ ծախսատար է»: Մ. Հովհաննիսյանի կանխատեսումներով՝ լրատվամիջոցները տուժելու են ճգնաժամից, քանի որ նրանց եկամտի հիմնական աղբյուրը գովազդն է:
Մասնագետը մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս չդադարեցնել իրենց գովազդները, քանի որ դա նրանց զարգացման մի մասն է. «Մի շարք ընկերություններ շփոթված են եւ փորձում են այդ նպատակով ծախսվող գումարներն էլ կրճատել, սակայն դա արդեն հետ գնալու ճանապարհն է: Այն ընկերությունները, որոնք չեն վախենում գումարներ ծախսել, շատ առաջ կգնան, իսկ նրանք, որոնք այս ճգնաժամի ժամանակ դուրս կգան գովազդային շուկայից՝ շատ ավելի դժվար կվերադառնան, չէ՞ որ մի օր այդ ճգնաժամը վերջանալու է, եւ նրանք ստիպված են լինելու նորից վերադառնալ ու հայտնել իրենց մասին: Գովազդի քանակը կրճատելն ազդում է նաեւ սպառման ծավալների վրա, որովհետեւ ամեն օր մեր պետությունում ծնվում են նոր սպառողներ, այսինքն՝ մարդիկ ամեն օր որոշում են, թե իրենք որ ապրանքներից են օգտվելու»: Խոսելով գովազդային գործակալությունների՝ ճգնաժամին դիմակայելու մասին՝ նա ավելացրեց. «Եթե գործակալությունները չցուցաբերեն ճկունություն, դրանք, հնարավոր է, փակվեն: Այսինքն, եթե իրենք միայն մի տիպի գովազդ են պատրաստում, պետք է մտածեն, թե ինչպես այլ կերպ աշխատեն, որպեսզի կարողանան հաճախորդներին չկորցնել: Այս ճգնաժամը շատ լավ փորձություն կլինի գովազդային գործակալությունների համար»:
«Շարմ» ընկերության հիմնադիրներից եւ «Փրայմ կոմերշլ» գովազդային գործակալության տնօրեն Կարեն Ղազարյանի կանխատեսմամբ՝ արտասահմանյան մեծ եւ լուրջ ընկերությունները, եթե անգամ գովազդի համար նախատեսված գումարները կրճատեն, ապա դա մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա. «Ասենք՝ նրանք մեզ հատկացնում են $200 հազար՝ բոլոր հեռուստաալիքներով գովազդ տեղադրելու համար, ճգնաժամին դիմակայելու քաղաքականությունից դրդված, այդ գումարի 10-20%-ը կրճատեն՝ $20-40 հազարը, ապա դա շատ չնչին ազդեցություն կունենա, քանի որ այդքան գումարը բաշխվելու է բոլոր հեռուստաալիքների վրա»: Անդրադառնալով գովազդային շուկայի վրա ճգնաժամի ազդեցությանը՝ Կ. Ղազարյանը նշեց. «Շատերին թվում է, որ գովազդի գինն իջնելու է, ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով այն, որ ՌԴ-ում գովազդի գներն իջան: Սակայն կարծում եմ, որ գովազդի գինը դեռ բարձրանալու է: Ռուսաստանում գովազդի գինն ուռճացված էր, իսկ մեզ մոտ՝ ոչ: Նշեմ, որ այս տարի նախատեսվում էր գովազդի գների աճ, բացի այդ, պետության կողմից արդեն սկսելու են վերահսկումները այն առնչությամբ, որ 1 ժամում հեռուստաեթերում գովազդի տեւողությունը չգերազանցի 10 րոպեն, դա էլ իր հերթին բերելու է նրան, որ գովազդները պակասելու են եթերում, ուստի հեռուստատեսությունը ստիպված կլինի բարձրացնել գովազդի գինը: Սակայն հաշվի առնելով ճգնաժամը, մեզ մոտ գների ավելացումները մեծ չեն լինի կամ էլ կլինեն քիչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել