Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆԸ ԿՈՐՈՇՎԻ ՄԻԱՅՆ ԱՇՆԱՆԸ

Հունվար 13,2009 00:00

\"\"Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 69-րդ առաջնությունը:

Հաղթողի կոչումը վիճարկում է 14 հոգի, որոնցից 11-ը կրում է գրոսմայստերի կոչում, 3-ը՝ միջազգային վարպետի: Առաջնությունը միջին վարկանիշով ՖԻԴԵ-ի սանդղակով դասվում է 12-րդ կարգի, ինչը մեր առաջատար գրոսմայստերներից մի քանիսի բացակայության պայմաններում բավականին բարձր մակարդակ է:
Երեկ զրուցեցինք առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի հետ:
– Որքան տեղյակ ենք, այս առաջնությունում նորամուծություններ կան:
– Այո: Քիչ առաջ մեկնարկած բարձրագույն խմբի առաջնության հաղթողին ոսկե մեդալ չի տրվի: Հայաստանի չեմպիոնը կորոշվի նոյեմբերին կայանալիք գերագույն խմբի մրցաշարում, որին սպասում ենք, կմասնակցեն մեր բոլոր ուժեղագույն գրոսմայստերները: Երկրորդ նորամուծությունն այն է, որ առաջին անգամ պարտիաները հեռարձակվում են «Online» ռեժիմով՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի www.chessfed.am կայքով, եւ շախմատասերներն այստեղ՝ դահլիճում ծավալվող պայքարին կարող են հետեւել տնից:
– Հավանաբար դա՞ է պատճառը, որ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը չեն մասնակցում:
– Արոնյանը մոտ օրերս հանդես է գալու Վեյկ ան Զեեի ավանդական «Կորուս» մրցաշարում, ու նրա բացակայության պատճառը դա է: Իսկ թե մյուսներն ի՞նչ պատճառով են բացակայում, չեմ կարող ասել: Բայց ասեմ, որ նրանք բոլորն էլ արդեն ունեն այն իրավունքները, որ խաղարկվում են այստեղ:
– Սովորաբար, բարձրագույն խմբի առաջնություններում հավաքականների թափուր տեղերի ուղեգրեր են խաղարկվում:
– Դա պահպանվել է: Տիգրան Պետրոսյանից բացի, որը ազգային հավաքականի անդամ է, լավագույն արդյունք ցույց տվող շախմատիստը կընդգրկվի ազգային հավաքական: Մրցաշարի արդյունքներով կորոշվեն նաեւ գերագույն մրցաշարին մասնակցելու իրավունք ստացող երկու շախմատիստները, ինչպես նաեւ եւս հինգ հոգի, որոնք Հայաստանը կներկայացնեն մարտ ամսին Բուդվայում (Չեռնոգորիա) կայանալիք Եվրոպայի այս տարվա տղամարդկանց առաջնությունում: Բացի այդ, եւս հինգ հոգու իրավունք կտրվի մասնակցելու Մոսկվայում կայանալիք «Աերոֆլոտ Օփեն» ավանդական միջազգային մրցաշարին:
– Այս առաջնությունում նորմաներ սահմանվա՞ծ են:
– Այո: Դա յուրաքանչյուր շախմատիստի համար տարբեր կլինի՝ կախված նրանից, թե ովքե՞ր են եղել նրա մրցակիցները: Բայց կարծում եմ, որ գրոսմայստերական մոտավորապես 8,0 միավորի սահմաններում կլինի:
– Էլինա Դանիելյանը կանանց միջազգային գոսմայստեր է, բայց միեւնույն ժամանակ կրում է տղամարդկանց միջազգային վարպետի կոչում: Այդ 8,0 միավորը նրան է՞լ է վերաբերում:
– Իհարկե: Նա, կարծում եմ, հատուկ այդ նպատակով էլ Հոլանդիայից ժամանել եւ մասնակցում է այս մրցաշարին:
– Առաջնության մրցանակային ֆոնդը որքա՞ն է:
– Բավականին պատկառելի թիվ է՝ 4 միլիոն դրամ, որից 1,5 միլիոնը կհանձնվի առաջին տեղը զբաղեցնողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031