Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՈՒՆՅԱՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ ՎԵՐՍԿՍԵԼ ԴԱՏԸ

Հունվար 16,2009 00:00

\"\"Բայց այսօր էլ նա դատավորի գալուստը նստած կդիմավորի

«Յոթի» գործով «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ մեղադրվող Սուրեն Սիրունյանը «Առավոտի» հետ զրույցում «նորմալ» գնահատեց այդ գործի դատաքննության ընթացքը. «Առաջին դատական նիստն անցավ շատ նորմալ, հավասարակշռված. մենք հանդես եկանք մեր հայտարարություններով, պաշտպանները միջնորդություններ ներկայացրին, մեղադրող կողմն ասաց իր ասելիքը: Ինչ վերաբերում է երկրորդ եւ հաջորդ նիստերին, ապա ես միանշանակորեն այն կարծիքին եմ, որ առաջին նիստից հետո իշխանությունները հասկացան՝ հրապարակային եւ առանց միջադեպերի դատավարությունն իրենց ձեռնտու չէ, քանի որ այդ դեպքում 12 հազար թերթանոց այդ փուչիկը, ինչպես նաեւ «Մարտի 1»-ի ողջ քրգործը, դատավարության ընթացքում պայթելու է: Մեզ մեղադրում են այն բանում, թե՝ իբր, ցանկացել ենք բռնի ուժով «յուրացնել պետական իշխանությունը»: Մի բան, որն ընդհանրապես տեղի չի ունեցել»: Հիշեցնենք, որ դատական 4 նիստերը, բացառությամբ առաջինի, հետաձգվել են ամբաստանվող յոթնյակի կողմից դատավորի՝ դահլիճ մտնելու պահին ոտքի չկանգնելու՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու պատճառաբանությամբ: Փորձեցինք պարզել՝ այսօր հերթական դատական նիստում նրանք նույնկե՞րպ են վարվելու: Ս. Սիրունյանը ձեռնպահ մնաց խոսել բոլոր 7-ի անունից եւ միայն իր կողմից ասաց՝ «ես ոտքի չեմ կանգնելու», եւ պարզաբանեց. «Առաջին նիստի ժամանակ էլ մենք ոտքի չենք կանգնել: Այդ օրը դատավորը երեք անգամ ներսուդուրս է արել դատարան, այդ թվում՝ երկու ընդմիջումներով պայմանավորված, եւ մենք նորից նստած ենք եղել: Թե հաջորդ նիստերին ի՞նչ եղավ դատավորին՝ արդեն պարզ է: ՀՀ-ում չկա որեւէ դատավոր, որն իր նկատմամբ հարգանք ներշնչի, որպեսզի ես ոտքի կանգնեմ, որովհետեւ իմ ընկերները, որոնք այսպիսի դատարանների կողմից դատապարտվել են «Մարտի 1»-ի գործով, բոլորի վճիռները եղել են անօրինական, չհիմնավորված: Դրա համար ոտքի չեմ կանգնելու: Եթե դատավորն ուզում է, կարող է իմ նկատմամբ սանկցիա կիրառել ու թող դա իմ ազատազրկման օրերի մեջ չհաշվի: Դրանով ինքն ինձ ոտքի կանգնեցնել չի կարող»: Քաղբանտարկյալի մատուցմամբ՝ իշխանությունների նպատակն է «7»-ին ներկայացնել որպես քրեական հանցագործներ. «Իրականում ամենամեծ հանցագործները նրանք են, ովքեր փորձում են անօրինական ճանապարհներով, անհեթեթ ձեւակերպումներով հետաձգել դատական նիստերը: Կոնկրետացնեմ՝ առաջին նիստի ժամանակ դատավորը որոշում էր կայացրել՝ թույլ տալ բոլոր լրագրողներին ներկա գտնվել նիստերի դահլիճում, բայց հաջորդ նիստում տեսանք, որ դահլիճում ոչ մի լրագրող չկա»:
Մեր այն հարցին, թե ինքն ինչո՞ւ է կարեւորում լրագրողների ներկայությունը դահլիճում, Ս. Սիրունյանը պատասխանեց. «Կարեւոր է այնքանով, որ մեր հայտարարությունները, գնահատականները հասանելի լինեն հասարակությանը: Այսօր բոլոր բարձրախոսները դահլիճի՝ մեզ հատկացված մասում կառավարվում են դատական կարգադրիչների կամ դատավորի կողմից: Նրանք ցանկացած ժամանակ կարող են անջատել միկրոֆոնները, եւ մեր ձայնը լրագրողներին հասանելի չլինի, ինչը եղավ վերջին նիստի դեպքում, ու մեր խոսքերը ԶԼՄ-ներում աղավաղված ներկայացվեցին»: Մեր դիտարկմանը, թե դատական նիստերը պարբերաբար հետաձգելով՝ նաեւ հասարակությունն է զրկվում «Մարտի 1»-ի մասին ճշմարտությունն իմանալու, դրանում «7»-ի մեղքի չափի մասին կարծիք կազմելու հնարավորությունից, Ս. Սիրունյանը արձագանքեց. «Այդ խնդիրը նաեւ իրենք՝ իշխանություններն ունեն: Դատավորը կարող է անտեսել մեր ոտքի չկանգնելը: Ի վերջո, դա կոնկրետ ինձ համար բողոքի արտահայտման ձեւ է դատական համակարգում այսօր տիրող վիճակի դեմ»: Նաեւ հավելեց, որ եթե այդ գործով դատավոր լիներ մեկը, որը երբեւէ չէր նախագահել «Մարտի 1»-ի քրգործերով դատավարությունների ժամանակ, ինքը, միգուցե, կանգներ: Բայց դատավոր Մարտիրոսյանը «արդեն այդ քրգործերով դատական մի քանի անօրինական վճիռներ է կայացրել, մեր նիստի ընթացքում էլ անօրինականություններ է թույլ տվել, նա ինքն էլ իրեն եւ իր կայացրած որոշումները չի հարգում»:
Եթե դատավորն այսօրվա դատական նիստում որոշի դարձյալ հետաձգել դատական նիստը կամ բավարարել մեղադրողների հնարավոր միջնորդությունը՝ առանց քաղբանտարկյալների դատական նիստ անցկացնելու վերաբերյալ, ինչպիսի՞ն կլինի «յոթի» արձագանքը դրան: Սիրունյանի ասելով, ինքը նորմալ կվերաբերվի, «քանի որ մեղադրող կողմն ամեն ինչ անում է իր սցենարն իրականացնելու համար, այն է՝ անցկացնել կա՛մ դռնփակ դատավարություն, կա՛մ առանց «յոթի»: Մեղադրող կողմը, որ մեզ է վերագրում մարտի 1-ին 10 մարդու սպանությունը, ո՞նց պիտի ապացուցի այդ մեղադրանքը, եթե մենք դատարանի դահլիճում լինենք: Փիլոյանի գրած մեղադրական եզրակացությունը կարող է «հիմնավորվել», «ապացուցվել» միայն այն ժամանակ, երբ Փիլոյանն իր շքախմբով եւ դատավորը մենակ մնան դատարանի դահլիճում»:
Խոսեցինք նաեւ դատական վերջին նիստում «7»-ի պահվածքի մասին: Հիշեցնենք, որ մի քանիսն իրենց թույլ էին տվել հայհոյախառն արտահայտություններ: Ս. Սիրունյանը տեղի ունեցածը բացատրեց իր տեսանկյունից, թեեւ անձամբ չէր հայհոյել: Նա նշեց, որ լարվածությունը ստեղծվել էր դեռ դատական երկրորդ նիստում, երբ իրենց հարազատների եւ ընկերների փոխարեն դահլիճ էին բերվել «սափրագլուխ, բլխկած աչքերով ոստիկաններ», որոնք զբաղեցրել էին դահլիճի զգալի մասը: «Մենք էլ ենք մարդ, մեր նյարդերն էլ են տեղի տալիս: Ի վերջո 10 ամիս մեզ ապօրինաբար պահում են անազատության մեջ, մեր հարազատներին զրկում են մեր դատավարությանը մասնակցելու հնարավորությունից: Ես համամիտ եմ այն ամենի հետ, ինչ ասել են այդ նիստում իմ ընկերները»,- հայտարարեց Ս. Սիրունյանը: Նա ասաց, թե այսօր մտադիր է «դատավորից ու փիլոյաններից» պահանջել անհապաղ վերսկսել դատավարությունը, մանավանդ, որ ինքը կարեւոր հայտարարություն է ուզում անել, նաեւ պահանջելու է, որ գնահատական տրվի Փիլոյանի նախորդ նիստին արած հայտարարությանը՝ «Քանի որ Փիլոյանը մեջբերում էր Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթներ, բայց Փիլոյանն ու նրա նմանները 10 ամիս շարունակ ոտնահարում են այդ նույն կոնվենցիաների դրույթները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031