Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե երգում են, ուրեմն ունեն այդ ոգին

Հունվար 16,2009 00:00

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը վստահ է, որ «7»-ի գործի շուրջ դատարանի դահլիճում ստեղծված պայմաններում անհնար է գործընթաց սկսել:

– Ականատեսների վկայությամբ՝ «7»-ի գործով դատավարության ժամանակ, երբ դատապարտյալները երգել են «Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ»-ը, Դուք, որ ներկա էիք դահլիճում, քթի տակ դնդնացել եք, իրո՞ք երգել եք:
– Այդ երգերը սիրելի երգեր են, եւ մարդիկ, որոնք երգում են այդ երգերը, պիտի ենթադրել՝ այդ ոգին ունեն: Բայց ես չեմ երգել, որովհետեւ այն մթնոլորտը, որ լինում է դահլիճում, ինձ ավելի մտահոգում է, քան՝ հրճվանք պատճառում:
– Ըստ որոշ գնահատականների՝ այն, ինչ կատարվում է դատարանում, դատաիրավական գործողությունների հետ կապ չունի, զուտ քաղաքական է: Մի մասը կարծում է, թե այդպես է «7»-ի պատճառով, մյուսն էլ՝ դատավորի:
– Մի բան ակնհայտ է՝ ամբաստանյալները, բացի ոտքի չկանգնելուց, անընդհատ իրար հետեւից հանդես են գալիս ռեպլիկներով, հայտարարություններով, բանավեճերով, եւ ստեղծվում է մթնոլորտ, երբ անհնար է դառնում դատական պրոցեսը մտցնել հունի մեջ: Կամաց-կամաց այդ ամենը վեր է ածվում անկանոն աղմուկի, հախուռն կերպով մի քանի ամբաստանյալ միաժամանակ խոսում են: Սա է իրականությունը, իսկ մնացածը, թե ինչ կա դատավորի մտքում, ինչ կա մեղադրյալների մտքում՝ ես չեմ կարող ասել: Մի քանի անգամ հետեւելով նիստերին՝ տեսնում եմ, որ անհնար է այդ պայմաններում դատական գործընթաց սկսելը:
– Ձեր կարծիքով՝ այդ վիճակը ինչքա՞ն կարելի է շարունակել, եւ Դուք՝ որպես «նստած-հելած» կուսակցության ներկայացուցիչ՝ ի՞նչ ելք եք տեսնում:
– Ես իմ «նստած-հելած» ընկերների օրինակով կարող եմ ասել, որ երբ բանը եկավ-հասավ դատարանին, այդ ժամանակ, առանց փակագծերը բացելու ասեմ, անգամ առաջարկներ են եղել, որպեսզի մերոնք խուսափեն դատական գործընթացից, բայց մերոնք խնդրի լուծումը տեսան դատական գործընթացի մեջ, համոզված լինելով, որ այդտեղ կարող են իրենց ճշմարտացիությունն ապացուցել, եւ միակ ճանապարհն ու միակ ճիշտ տեղը հենց դատարանն է: Մերոնք չխուսափեցին դատարանից, այլ շատ շահագրգռված եղան: Այդպիսի դիրքորոշում է ցուցաբերել նաեւ կուսակցությունը՝ սպասելով, որ հարցը լուծվի իրավական, դատական ճանապարհով:
– Գուցե այդ ժամանակ դատարանն ավելի՞ ազատ եւ անկախ էր:
– Երբեք: Պետք է անաչառ լինենք եւ ասենք, որ այն ժամանակ դատարանը շատ ավելի կաշկանդված էր, քան այսօր, եւ մթնոլորտը բոլորովին այլ էր: Ես չեմ ուզում անուղղակի քննադատել այսօրվա ամբաստանյալներին, գուցե իրենք լավ էլ գիտեն՝ ինչ են անում, բայց նման պայմաններում, մանավանդ, եթե ինքդ քեզ քաղաքական հետապնդվող ես համարում, ապացուցելու լավագույն տեղը, իմ կարծիքով, դատարանն է: Հենց այստեղ կարող ես ապացուցել, որ քեզ շինծու մեղադրանքներ են առաջադրված:
– Դաշնակցության ներկայացուցիչները, մարտի 1-ի գործի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին գնահատականներ տալով, երկու բան են ասում. մեկ՝ հարկավոր է համաներում, եւ երկու՝ սպասենք դատավարության ավարտին: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ ձեր կուսակցության ներսում՝ ՀՅԴ-ում գործում է երկու իրար հակասող տեսակետ այս խնդրի շուրջ:
– Այստեղ անձնական մոտեցման խնդիր է: Ոմանք կարող են գտնել, որ այս առանցքային մասով դատավարությունը պիտի պարզաբանվի, բացահայտվի, որպեսզի հետո տպավորություն չլինի, թե կոծկվեց ամեն ինչ: Երբ մենք ասում ենք՝ համաներում, անպայման նկատի չենք ունենում այս 7 հոգուն: Մի շարք մարդիկ կան, որ ուղղակի նստած են խուլիգանական արարքների համար, հակաօրինական, բայց՝ ոչ շատ ծանր հանցանքների համար: Մարդկային վերաբերմունք, կարծում եմ, պիտի դրսեւորվի, եւ նույնիսկ ծիծաղելի է քաղաքական հալածյալ կամ դատապարտյալ համարել մեկին, որը քար է շպրտել ոստիկանի ուղղությամբ, հայհոյել կամ հրել է: Այսպիսի մի շարք մարդիկ կան, կարծում ենք, պետությունն այստեղ մարդասիրական մոտեցում պիտի ունենա: Իսկ մնացածը տակտիկական խնդիրներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031