Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՎԱՐ ԼԻՆԵԼԸ ԽԱՂԱԼՈՒՑ ԴԺՎԱՐ Է

Հունվար 16,2009 00:00

\"\"Շախմատի աշխարհում Հայաստանը հայտնի է ոչ միայն ամենաբարձր
մակարդակի մրցաշարերում մեր երկիրն արժանապատիվ ներկայացնող իր
գրոսմայստերներով, այլեւ միջազգային բարձր կարգ ունեցող մրցավարներով, որոնց վստահվում է սպասարկել ամենապատասխանատու մրցաշարերը:
Նրանցից մեկը միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է:

«Առավոտն» օրերս զրուցեց Աշոտ Վարդապետյանի հետ:
– Վերջին տարիներին Ձեր անունն ավելի հաճախ է հանդիպում ՖԻԴԵ-ի հովանու ներքո կազմակերպվող պաշտոնական լուրջ մրցաշարերը սպասարկելու հրավիրվող մրցավարների ցուցակում: Այդ մասին ի՞նչ կասեք:
– Ոչ միայն իմ: Պարզապես հաճելի է, երբ գիտելիքներդ ու հմտություններդ գնահատվում են:
– 2009 թվականին նո՞ւյնպես ծանրաբեռնված եք աշխատելու:
– Տարին դեռ նոր է սկսվել եւ առայժմ դժվար է խոսել ամբողջական օրացույցի մասին: Բայց ինձ հանձնարարված առաջին լուրջ պարտականությունը փետրվարին Սոֆիայում կայանալիք Վեսելին Տոպալով-Գատա Կամսկի մրցամարտի մրցավարությունն է, որն աշխարհի առաջնության ընտրական վերջին փուլն է, ասել է թե՝ հավակնորդների մրցամարտ: Այս զույգի հաղթողը աշխարհի թագի համար խաղալու է ներկայիս գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
– Բարձրակարգ մրցավարների պակաս աշխարհում չկա: Հայաստանցու ընտրությունն ինչպե՞ս է կատարվել:
– Պատմությունը հետաքրքիր է եւ, միեւնույն ժամանակ, անչափ պարտավորեցնող: Տեղյակ եք, որ երկու գրոսմայստերներն էլ հայտնի են իրենց սկանդալային բնավորությամբ, կամակոր են, անկանխատեսելի ու տարօրինակ: Իմ ունեցած տեղեկություններով, ՖԻԴԵ-ն նրանց ներկայացրած է եղել մրցավարների մի պատկառելի ցուցակ, որոնցից ընտրվել են նրանք, ում թեկնածությունները երկու գրոսմայստերներն էլ բավարարել են: Նրանց մեջ մնացել է նաեւ իմ անունը:
Ընդգրկվել եմ նաեւ ապրիլին Հունաստանում կայանալիք սիրող շախմատիստների աշխարհի առաջնության մրցավարների կազմում: Այս մրցումները ժամանակին Անգլիայում էին կազմակերպվում, եւ դրանցից մեկում՝ 1998-1999 թվականին, պետք է որ հիշեք, չեմպիոնի կոչումը նվաճել է մեր շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՖԻԴԵ-ի վարպետ Գագիկ Հովհաննիսյանը:
Գործնական մրցավարությունից բացի, մարտ ամսին Տաշքենդում մրցավարական սեմինար անցկացնելու հրավեր ունեմ՝ մարզաձեւի Ասիայի ֆեդերացիայից, որտեղ ունկնդիր լինելու են Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Աֆղանստանի իմ գործընկերները: Սա նույն միջոցառումը կազմակերպելու իմ երկրորդ հրավերն է: Առաջինը եղել է անցած տարի:
– Մրցաշրջանը միջազգային եւ հայկական շախմատի համար գերհագեցած է լինելու: Մասնավորապես, 2009-ին լրանում է մեր մեծ հայրենակից, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը, ինչի առիթով Հայաստանի շախմատի ֆեդերացիան ծրագրել է հատուկ միջազգային հուշամրցաշար կազմակերպել: Օգոստոսին Երեւանում է կայանալու «Գրան Պրի» մրցաշարի նախավերջին փուլը, որի կազմը, սպասվում է, շատ ուժեղ կլինի: Դուք այդ միջոցառումներում ներգրավված լինելո՞ւ եք:
– Արդեն ասացի, որ շատ բան դեռ անորոշ է: Ինչպես ասում են, օրը գա՝ բարին հետը: «Գրան Պրին» շատ կարեւոր է լինելու մրցաշարի վերջնական արդյունքներն ամփոփելու առումով, որի հաղթողը հետագայում աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակելու իրավունք կստանա: Հայ մարզասերն առանձնապես շահագրգռված է դրանով, քանի որ Լեւոն Արոնյանը պայքարում եւ հավակնում է 1-ին տեղին: Իսկ Ձեր թվարկած մրցումներին ավելացնեմ նաեւ աշխարհի ու Եվրոպայի թիմային առաջնությունները եւ տարվա եզրափակիչ մրցաշարը՝ Խանտի Մանսիյսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մոռացա ասել, որ զբաղվում եմ նաեւ մեր «Միկա» ակումբի տղաների եւ աղջիկների թիմերի խնդիրներով՝ կազմերի ձեւավորումով եւ այլն, քանի որ երկու թիմերն էլ նախապատրաստվելու են Եվրոպայի գավաթի մրցաշարին, Հայաստանի առաջնությանը, որը նույնպես ընտրական է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար:
– Վերջին հարցը: Շախմատն էապես տարբերվում է մյուս մարզաձեւերից, այն նման չէ ոչ ֆուտբոլին, ոչ բռնցքամարտին, ոչ էլ ըմբշամարտին, որոնցում մրցավարից շատ բան է կախված: Ո՞րն է շախմատային մրցավարի դերը, որն առաջին հայացքից միայն ժամացույցներն է գործի դնում, ընթացքում շրջում սեղանների արանքով եւ վերջում մասնակիցներից հավաքում պարտիաների արձանագրությունները:
– Շախմատային մրցավարությունը, իսկապես, շատերի համար անտեսանելի եւ անհասկանալի է: Բայց այն իրականում անհամեմատ ավելի բարդ է եւ պարտավորությունների ավելի մեծ շրջանակներ ունի, քան ցանկացած մեկ այլ մարզաձեւ: Մրցավարը մրցաշարում ամեն ինչի համար միակ պատասխանատուն է՝ սկսած շախմատիստների բնակության նորմալ պայմաններից, մինչեւ մրցումային կանոնների լիակատար ապահովումը: Եվ այստեղ երկրորդական հարցեր չկան: Կան բաներ, որոնք սահմանված են կանոնակարգով: Բայց կարող են առաջանալ խնդիրներ, որոնց ճիշտ լուծումը գտնելու համար հարկավոր է առաջնորդվել ստեղծված իրավիճակով: Օրինակ, ասենք, մրցավարը նկատում է, որ մասնակիցներից մեկը ինչ-ինչ ձեւերով խանգարում է մրցակցին մտածել: Դա կարող է լինել շախմատիստի ցանկացած արարք, ինչը շեղում է մրցակցի ուշադրությունը՝ ներառյալ հաճախակի ոչ-ոքի առաջարկելը: Նա պարտավոր է զգուշացնել եւ կրկնվելու դեպքում համապատասխան պատիժ կիրառել: Կամ դահլիճում աղմուկի առկայությունը մրցավարին իրավունք է տալիս այն դատարկելու որոշում կայացնել: Հիմա մրցավարի գործն ավելի է բարդացել՝ կապված նոր տեխնոլոգիաների հետ, ինչպիսին է, օրինակ, կոմպյուտերային հուշարարությունը: Հիշենք, թեկուզ, Կրամնիկ-Տոպալով մրցամարտում զուգարանային հայտնի սկանդալը: Մի խոսքով, մրցման ընթացքի հետ առնչվող բոլոր խնդիրների լուծումը վերապահված է մրցավարին: Բոլորը թվարկել, պարզապես, անհնարին է: Իսկ եթե անգամ փորձենք՝ մի ամբողջ հատոր կկազմի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել