Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԴԺՎԱՐՀԱՍԱՆԵԼԻ

Հունվար 16,2009 00:00

\"\"Ըստ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ժլատ տղամարդը բնության «չեպեներից» է

Գույներից նախընտրում է սեւն ու սպիտակը: Սիրով կվարեր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, սակայն չունի:
Քմահաճ է նվերների հարցում եւ չի սիրում, որ իրեն օծանելիք են նվիրում, որովհետեւ որոշ բույրերից ալերգիա ունի: Նախընտրում է նվեր ստանալ զմրուխտե եւ տոպազե զարդեր:

Երազանքներ՝ պրագմատիկ եւ ոչ այնքան
Երազանք, իհարկե, ունեմ: Ամենամեծ երազանքս խիստ պրագմատիկ է. երազում եմ, որ աղջիկս լավ ապագա ունենա: Ուզում եմ, որ նա չանցնի այն խնդիրների, դժվարությունների միջով, ինչով ժամանակին ես եմ անցել: Մեկ էլ երազում եմ, որ ինչ-որ հրաշքով հնարավոր լինի ժամանակի անիվը ետ պտտել ու այն, ինչ ես չհասցրի անել հայրիկիս համար՝ կարողանամ: Երկու տարի է անցել հորս մահից, ու ամեն օր ես կրկին համոզվում եմ, որ պարզապես տափակ խոսակցություններ են, երբ ասում են, թե ժամանակը ամեն ինչ բուժում է: Հաստատ այդպես չէ:
Երբ հարազատ ու սիրելի մարդ ես կորցնում՝ ցավն ամեն օր ուժգնանում է: Հայրս քաղցկեղով հիվանդ էր, բոլոր հնարավոր դեղամիջոցները փորձել էին… Հիշում եմ, ուրբաթ երեկոյան պայմանավորվեցի առողջապահության նախարարի հետ, որ երկուշաբթի առավոտյան փորձենք նաեւ «Արմենիկումը»: Չհասցրի, ուրբաթ հայրս մահացավ: Գիտեմ, որ այդ դեղամիջոցը եւս նրան չէր փրկելու, բայց ամեն օր ինձ մեղավոր եմ զգում:

Սիրահարվածություն՝ 15 տարվա վաղեմության ուժով
Սիրահարվող տեսակ չեմ եւ ինձ մոտ ցանկացած սիրահարություն տեւում է ամենաքիչը 10-15 տարի: Կարճաժամկետ հրապուրանքներ չեմ ունենում ու եթե մեկին սիրում եմ, ապա դա դառնում է հիվանդության պես մի բան: Վերջին սիրահարվածությունս 15 տարվա պատմություն ունի, ու երբ ինչ-որ մեկն այդքան երկար ժամանակ դառնում է քո աշխարհի մի մասը, անգամ վախենում ես մտածել, թե ինչ կլինի, եթե նրան կորցնես: Ես շատ տոկուն եմ ֆիզիկական ցավի հանդեպ, սակայն հոգեկան ցավը դժվար եմ տանում:
Ինձ դուր են գալիս իրենց խոսքի տեր, ուժեղ եւ ազնիվ տղամարդիկ: Նողկում եմ ստախոս, տգետ եւ ժլատ տղամարդկանցից: Ժլատ տղամարդը բնության ամենամեծ «չեպեներից» է:
Ամենասարսափելին ինձ համար հարազատ մարդու դավաճանությունն է: Տղամարդ-կին հարաբերություններում շատ պահանջատեր եմ, բայց ես այդպիսին եմ եւ ինձ հարազատ, մտերիմ մարդու դավաճանությունը երբեք չեմ ներում, ավելին՝ կարող եմ լինել շատ վրեժխնդիր ու դաժան:
Վախենում եմ անպատասխանատվությունից ու, առանց ետ նայելու եւ ափսոսալու, իմ կյանքից ջնջում եմ այն մարդկանց, որոնց չնայած համարել եմ հարազատ, ընկեր, սակայն ինչ-որ պահի դավաճանել են ինձ:

Պահպանողական կինը չի սիրում անդաստիարակ կանանց
Իմ մասին տպավորությունը հիմնականում խաբուսիկ է լինում: Իմ արտաքինը, շարժուձեւը շատերի մեջ էմոցիոնալ մարդու տպավորություն են թողնում, բայց դա, վստահ եմ ասում՝ այդպես չէ: Հարաբերություններում շատ պահպանողական եմ ու չեմ սիրում անդաստիարակ կանանց: Մեր ընտանիքում երեք քույրերով էլ իրավունք չունեինք երեկոյան ժամը 9-ից ուշ տուն գալ: Մեզ, իհարկե, չէին պատժում, բայց հորս մի հայացքը բավական էր, որ մենք ազդվեինք:
Ինչ-որ քայլ անելիս երկար եմ մտածում, նույնիսկ լրագրող աշխատած տարիներին, երբ հարցազրույց պետք է անեի որեւէ քաղաքական գործչի հետ, խուսափում էի սրճարաններում նրանց հետ զրուցել: Եվ քանի որ բամբասանքի, հերյուրանքի եւ շանտաժի ավանդույթը մեր մենտալիտետում խստագույնս բարգավաճում է, միշտ աշխատել եմ չհայտնվել որեւէ որակի եւ տեսակի բամբասանքի տիրույթում:

Առաջին քայլը տղամարդունն է
Կին-տղամարդ հարաբերություններում սահմաններ կան, որ կինը երբեք չպետք է անցնի: Վստահ եմ, որ տղամարդիկ գնահատում են արժանապատիվ կանանց, եւ ինձ համար բացարձակ անընդունելի են այն կանայք, որոնք վազում են տղամարդկանց ետեւից: Երբեք չպե
տք է հավատալ տղամարդկանց այն խոսքերին, որ իբր նախընտրում են ոչ թե գեղեցիկ, այլ խելացի կանանց: Բոլոր, նույնիսկ «ամենաքրջոտ» տղամարդիկ նախընտրում են գեղեցիկ կանանց, բայց եթե այդ գեղեցիկ կինը լինի նաեւ խելացի՝ շատ ավելի լավ: Կին եւ տղամարդ հարաբերություններում միշտ առաջին քայլը պետք է անի տղամարդը։ Այլապես՝ որոշ ժամանակ հետո տղամարդը կնոջը հաստատ հիշեցնում եւ «քթից բերում» է։ Կինը միշտ պիտի լինի շատ-շատ դժվարհասանելի: Հատկապես՝ մեր ոչ այնքան ցիվիլ իրականությունում, երբ, ցավոք, դոմինանտ է տղամարդու ռաբիս եւ անլուրջ որակը:

Զգուշացե՛ք «չսիրված» կանանցից
Ինձ համար ամուսնական կյանքի առավելությունը ընտանիք ու երեխա ունենալն է: Կնոջ համար ոչ մի կարիերա, պաշտոն երբեւէ չի կարող փոխարինել ընտանիք, երեխա ունենալուն։ Ես չեմ հավատում այն կանանց, ում ընտանիքներում չկա սեր, ջերմություն, բայց հայտարարում են, թե պաշտոնը, կարիերան փոխարինում են մարդկային ջերմ հարաբերություններին։ Այդպիսի կանայք ուղղակի ստում են, ես խղճում եմ նրանց:
Իմ կյանքում անպատասխան սեր չի եղել: Սկսած դպրոցական տարիքից՝ տղամարդկանց ուշադրության պակաս չեմ զգացել եւ չսիրված կնոջ բարդույթով չեմ տառապել: Ի դեպ, այն կանայք, որոնք զուրկ են տղամարդու ուշադրությունից, չսիրված են, շատ վտանգավոր են նաեւ քաղաքականության մեջ: Որովհետեւ բարդույթավորված եւ անհետաքրքիր կինը միշտ փորձում է կայանալ՝ իր չստացված կյանքի համար վրեժ լուծելով շրջապատից:

«Կարմիր խնձորը» թողնել ետեւում
«Կարմիր խնձորի» թեման չեմ կարծում, թե այսօր կարող է օրակարգի ահավոր լուրջ հարց լինել: Միշտ կարեւորը սերն է, եւ եթե կա սեր, ապա ամեն ինչ ինձ համար հասկանալի եւ ընդունելի է: Իսկ եթե կին-տղամարդ հարաբերություններում սեր չկա, ապա տարբեր կարգի եւ որակի հաշվարկով ամուսնությունները, հանուն ինչ նպատակի էլ որ դրանք արվեն, ուղղակի ողորմելի են:

Բոհեմական կյանքն ինձ համար չէ
Իմ հանգիստը ես սիրում եմ անցկացնել առանց աղմուկի: Չեմ սիրում հաճախել սրճարաններ, ռեստորաններ, մասնակցել ծնունդների, հարսանիքների, կնունքների ու այսպես շարունակ: Երեւի մի քիչ անհարմար է, բայց անգամ իմ հարազատների ընտանեկան միջոցառումներին հիմնականում չեմ մասնակցում: Արագ հոգնում եմ ձանձրալի, տափակ զրույցներից՝ «ամեն ինչի եւ ոչնչի մասին» թեմաներով: Իմ լավագույն հանգիստը տանը մնալն ու գիրք կարդալն է: Աղմուկ, բոհեմական կյանք, էքստրեմալ իրավիճակներ չեմ սիրում, ու երեւի դա էր պատճառը, որ Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո չզբաղվեցի իմ մասնագիտությամբ: Չեմ բացառում, որ ոմանց համար ես ամբիցիոզ եմ ու երեւի նաեւ մեծամիտ, բայց քանի որ սովոր եմ իմ նկատմամբ ոչ միշտ բարյացակամ վերաբերմունքին՝ հատկապես կանանց կողմից, փիլիսոփայորեն եմ մոտենում նախանձին, անիմաստ չարությանն ու ատելությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել