Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 21,2009 00:00

Հաղթողը կդառնա չեմպիոն

\"\"Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 69-րդ առաջնության մասնակիցները հայտարարված մեկօրյա հանգստից հետո երեկ վերսկսեցին պայքարը: 8-րդ տուրում խաղատախտակների առջեւ հանդիպում էին Աշոտ Անաստասյանն ու Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանն ու Տիգրան Քոթանջյանը, Ավետիք Գրիգորյանն ու Արա Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Տիգրան Նալբանդյանը, Զավեն Անդրիասյանն ու Էլինա Դանիելյանը, Լեւոն Բաբուջյանն ու Արթուր Չիբուխչյանը:

Սակայն հանգստյան օրը հարաբերական ստացվեց, քանի որ նախորդ օրվա Աշոտ Անաստասյան-Սամվել Տեր-Սահակյան պարտիան առաջինի վատառողջության պատճառով կազմակերպիչները մեկ օրով հետաձգել էին: Երկու գրոսմայստերների մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի:

Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Տիգրան Քոթանջյանը: Առաջատարների եռյակում են նաեւ Անաստասյանն ու Արթուր Չիբուխչյանը, որոնք ունեն 5,0-ական միավոր:

Երեկ խմբագրություն զանգահարեց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը, որը մրցաշարի մեկնարկին «Առավոտին» տված հարցազրույցում նշել էր, որ հնարավոր է՝ շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոնին որոշելու համար աշնանը կազմակերպվի, այսպես կոչված, «գերագույն մրցաշար»: Նա ասաց, որ օրերս մարզաձեւի հանրապետության ֆեդերացիան որոշել է Հայաստանի չեմպիոնի կոչումը շնորհել այս առաջնության հաղթողին:

Առաջատարը փոխվեց

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 64-րդ առաջնության չորրորդ տուրից հետո առաջատարը փոխվեց: Լիլիթ Գալոյանը (նկարում) սեւերով առավելության հասավ Մարիաննա Գասպարյանի նկատմամբ եւ 3,5 միավորով դուրս եկավ «մաքուր» առաջին հորիզոնական: Մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավեց նաեւ Սիրանուշ Անդրիասյանը: Նա պարտության մատնեց մինչ այդ միայն հաղթանակներ տոնած Աննա Հայրապետյանին: Այդուհանդերձ, Աննան 3,0 միավորով երկրորդն է, իսկ Սիրանուշը 2,5 միավորով բարձրացավ երրորդ հորիզոնական: Հնարավոր է, որ այսուհետեւ հենց Դրեզդենի օլիմպիադայի մասնակից Լիլիթ Գալոյանն ու Սիրանուշ Անդրիասյանն էլ լինեն չեմպիոնուհու գլխավոր հավակնորդները:

Խաղաղասեր Լեւոնը

Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Corus 2009» գերմրցաշարը, որի մեկնարկային փուլում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մրցակիցների հանդեպ խաղաղասիրաբար է տրամադրված: Երրորդ տուրում նա, որ խաղում էր սպիտակներով, արդեն 22-րդ քայլում «արագ» ոչ-ոքիի համաձայնեց հոլանդացի Դանիել Ստելվագենի հետ:

Իր հաշվարկին կես միավոր ավելացրեց նաեւ Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, որի մրցակիցը նորվեգացի Մագնուս Կարլսենն էր:

Երեք տուրից հետո 2,0-ական միավոր վաստակած հինգ շախմատիստներ՝ Սերգեյ Մովսիսյանը, Գատա Կամսկին, Յան Սմիթսը, Թեյմուր Ռաջաբովը եւ Սերգեյ Կարյակինը ձեւավորել են առաջատարների հնգյակը: Լեւոն Արոնյանը, Դանիել Ստելվագենը, Մագնուս Կարլսենը, Լանյեր Դոմինգեսը ունեն 1,5-ական միավոր:

Երեկ կայանալու էր չորրորդ տուրը: Արոնյանի մրցակիցը Կարլսենն էր, Մովսիսյանինը՝ Դոմինգեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել