Լրահոս
Օրվա լրահոսը

Երեքը՝ լավագույն տասնյակում

Հունվար 22,2009 00:00

\"\"Ծաղկաձորում ավարտվեց լեռնադահուկային սպորտի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարը՝ միջոցառում, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում: Մրցուղի մտան 7 երկրների 18 մարզիկներ, որոնցից 7-ը ներկայացնում էին մեր հանրապետությունը: Տանտերերից առավել հաջող հանդես եկան Արսեն Ներսիսյանը, Աբրահամ Սարկախյանը եւ երիտասարդ Յուրա Մանուկյանը: Առաջին երկուսը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանկուվերի օլիմպիական խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ միավորների պաշար հավաքել են: Մարզասերներին ուրախացրեց 17-ամյա Յուրան: Նա երկու անգամ մասնակցեց հատուկ ոլորավայրէջքին՝ գրավելով 8-րդ եւ 10-րդ տեղեր եւ նույնքան անգամ հանդես գալով հսկա ոլորավայրէջքում՝ զբաղեցրեց 10-րդ եւ 12-րդ տեղերը: Լավ հանդես եկան նաեւ Ներսիսյանն ու Սարկախյանը: Աբրահամը հատուկ ոլորավայրէջքում 3-րդն էր, իսկ մյուս մրցաձեւում երկու անգամ եզրագիծը հատեց 2-րդը, իսկ Արսենը երկու մրցաձեւերում, համապատասխանաբար, 5-րդն էր ու 7-րդը:

Անզիջում տուր

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 64-րդ առաջնության 5-րդ տուրն աչքի ընկավ հարյուր տոկոսանոց արդյունավետությամբ. բոլոր զույգերում հաղթանակ գրանցվեց: Աննա Հայրապետյանը պարտության մատնեց Մարիաննա Գասպարյանին, Սիրանուշ Անդրիասյանը՝ Անի Խանամիրյանին, Նաիրա Մովսիսյանը՝ Լիա Մարտիրոսյանին, Զոզան Շաքրյանը՝ Նարինե Գասպարյանին, Լիլիթ Գալոյանը՝ Անահիտ Խառատյանին:

Մեկօրյա հանգստից հետո շախմատիստուհիներն այսօր վերսկսում են պայքարը: 6-րդ տուրում զույգեր կազմել են. Մարիաննա Գասպարյան-Անահիտ Խառատյան, Զոզան Շաքրյան-Լիլիթ Գալոյան, Լիա Մարտիրոսյան-Նարինե Գասպարյան, Սիրանուշ Անդրիասյան-Նաիրա Մովսիսյան, Աննա Հայրապետյան-Անի Խանամիրյան:

Հինգերորդ տուրից հետո առաջատարների եռյակը կազմել են.

1. Լիլիթ Գալոյան՝ 4.5 միավոր

2. Աննա Հայրապետյան 4,0

3. Սիրանուշ Անդրիասյան 3,5

Երեք պարտություն՝ զրո միավոր

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Արարատն» անհաջող հանդես եկավ Մոսկվայում մեկնարկած «Համագործակցության գավաթի» ավանդական միջազգային մրցաշարում:

Մարզիչ Աշոտ Կիրակոսյանի սաները խմբային մրցաշարում կրեցին երեք անընդմեջ պարտություն. Ղազախստանի «Ակտոբեից»՝ 1:3, Ուզբեկստանի «Պախտակորից»՝ 1:4 եւ Ռուսաստանի չեմպիոն Կազանի «Ռուբինից»՝ 2:3: Ճիշտ է, Հայաստանի թիմը մրցավայր մեկնել էր առանց մի քանի առանցքային ֆուտբոլիստների, սակայն մրցաշարում հանդես եկող գրեթե բոլոր թիմերը խաղադաշտ էին մտցնում իրենց երկրորդ եւ երրորդ կազմերը: Համենայնդեպս, այդպես տեղեկացնում են Ռուսաստանի լրատվամիջոցները:

«Արարատը» երեք հանդիպումում ընդունել է 10 գոլ՝ մրցակիցների դարպասը գրավելով ընդամենը 4 անգամ, եւ առանց միավորի եզրափակել է «A» խմբի մրցաշարային աղյուսակը: Բացի հայկական թիմից, զրոյական արդյունք ունեցել է միայն «Աշգաբադը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել