Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում»

Հունվար 23,2009 00:00

\"\"Ամենահավանական թեկնածուն Արամեն է

1974 թ. Դիլիջանում կայացած Հայաստանի կոմպոզիտորների միության հերթական կոնֆերանսի ժամանակ ռուս նշանավոր կոմպոզիտոր Դմիտրի Կաբալեւսկին, խոսելով միջազգային մրցույթների մասին, այսպիսի միտք է արտահայտել. «Եթե մրցույթները չեն նպաստելու պրոֆեսիոնալ երգարվեստի զարգացմանը եւ աշխարհում խաղաղության հաստատմանը, ապա դրանց անցկացումը անիմաստ է»: Ելնելով հենց այս դատողությունից՝ կարող ենք մեր վերաբերմունքն արտահայտել «Եվրատեսիլի» մասին, որի սկզբունքներից է ապաքաղաքական լինելը, բռնության եւ անհանդուրժողականության կոչերի մերժումը: Չծանրանանք այն պատմության վրա՝ մերժվե՞ց, թե՞ ուղղակի Հայաստանը «Եվրատեսիլին» ներկայացնելու համար չէր դիմել արդեն նախկին «System of a down» ռոք խմբի անդամ Սերժ Թանգյանը: Ամեն դեպքում, «Առավոտի» հետ զրուցած արվեստագետներից ոմանք այն կարծիքին են, որ Թանգյանին վստահելը պատիվ կբերեր Հայաստանին, եւ ո՞վ է ասում, որ նա «Եվրատեսիլի» բեմից պարտադիր հնչեցնելու էր ցեղասպանությունը դատապարտող երգ՝ վնաս հասցնելով հայ-թուրքական «ջերմացող» հարաբերություններին: Եթե նույնիսկ հնչեր նման երգ, այն ոչ թե քաղաքական ակցիա կընկալվեր, այլ՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության լավատեսական-հումանիստական դրսեւորում:

Մեր զրուցակիցներից ոմանք ավելի քան վստահ են, թե մայիսի 9-16-ը Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլ-2009»-ին Հայաստանը ներկայացնող երգիչը, նախորդների նման, արդեն ընտրված է՝ նկատի ունենալով Արամեին: Մինչդեռ հայտերի ընդունումը մինչեւ փետրվարի 7-ն է: «Առավոտը» կապվեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Նարեկ Ադոնցի հետ: Ըստ նրա՝ մինչ այսօր ստացվել է շուրջ 20 հայտ, այդ թվում՝ Գերմանիայից ու ԱՄՆ-ից՝ ազգությամբ ոչ հայ երգիչների կողմից. «Փետրվարի 14-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք միջոցառումից հետո, որը ուղիղ եթերով կհեռարձակվի «Հ1»-ով, պարզ կդառնա, թե այս տարի ով է ներկայացնելու Հայաստանը: Առաջին անգամ կաշխատի ժյուրի, եւ ընտրությունը կկատարվի նրա եւ SMS-ների միջոցով՝ 50:50 տարբերակով»: Ն. Ադոնցն ասաց. «Ժյուրիի անդամների անունները դեռ պարզ չեն, իսկ Արամեի հետ կապված՝ ասեմ, որ դրանք ասեկոսեներ են»:

«Առավոտը» կապվեց նաեւ մեր շոու-բիզնեսի հայտնի այն անունների հետ, որոնք ցանկություն ունեն մասնակցելու «Եվրատեսիլի» հայաստանյան փուլին: Երգիչ Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ՝ «ցանկությունը դեռ քիչ է, երգի խնդիրն է, ինչը պարզ կլինի մի քանի օրից»: Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսեր Արթուր Ասատրյանի մտահոգությունն էլ նույնն է՝ երգի խնդիրը կա. «Դեռ մտածում ենք՝ ինչ երգով ներկայանալ»:

Մոսկվաբնակ երգիչ Մհերի PR մենեջեր Լիանա Ավետիսյանը հայտնեց, որ «Եվրատեսիլին» մասնակցելու հայաստանյան փուլին ներկայացված է Մհերի երաժշտությամբ եւ ամերիկացի Ֆիլիպ Բռեների խոսքերով ռիթմիկ երգ, որի նախապատրաստական աշխատանքներն այս օրերին ընթանում են Մոսկվայում: «Առավոտի» փորձերը լսել նաեւ Արամեին՝ ապարդյուն էին: Երգչի բջջայինին կամ ուրիշն էր պատասխանում, կամ անջատում էին հեռախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031