Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 28,2009 00:00

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ 168 ՀԱՏՈՐՈՎ

Նախկին գործարարներ, այժմ ազատազրկման վայրերում գտնվող Միխայիլ Խոդորկովսկին եւ Պլատոն Լեբեդեւը, ինչպես նաեւ նրանց փաստաբանները, երեկ ծանոթացան իրենց դեմ հարուցված երկրորդ քրեական գործի նյութերին: Այդ գործը պարունակում է 168 հատոր, եւ մի քանի ամիսն անգամ բավարար չէր մեղադրյալներին՝ այդ ամենին ծանոթանալու համար: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, այժմ մեղադրական իր եզրակացությունը պետք է հաստատի դատախազությունը, եւ գործը կուղարկվի դատարան: Սակայն առայժմ պարզ չէ, թե կոնկրետ որտեղ է կայանալու դատավարությունը՝ Մոսկվայո՞ւմ (ըստ հանցագործության վայրի), թե՞ Չիտայում (որտեղ Խոդորկովսկին եւ Լեբեդեւը պատիժ են կրում): Ներկայումս երկու գործարարները կրել են իրենց 8 տարվա պատժի կեսից ավելին՝ 2005 թվականի մեղադրանքներով. խարդախություն, դատարանների որոշումների չկատարում եւ հարկերից խուսափում: Նոր գործով նրանք մեղադրվում են պետությանը պատկանող արժեթղթերի, ինչպես նաեւ նավթի եւ այլ միջոցների յուրացման մեջ։ Գումարը, որը նրանք, ըստ մեղադրանքի, յուրացրել են 1998-2003 թթ., հիրավի առասպելական է՝ 487 մլրդ ռուբլի եւ $7,57 մլրդ: Այդ հսկայական գումարը մոտավորապես հավասար է այդ ժամանակաշրջանի Ռուսաստանի տարեկան բյուջեին։ «Յուկոս»-ի նախկին ղեկավարների փաստաբան Յուրի Շմիդտը պնդում է, որ գործն ամբողջությամբ «սարքած» է, իսկ բոլոր այն փաստաթղթերը, որոնք վկայում են իր պաշտպանյալների անմեղության մասին, արհամարհվում են: Ըստ փաստաբանի, «Յուկոսի» գրասենյակներից միայն թղթային տեսքով իրավապահները դուրս են բերել 3 «կամազ» փաստաթուղթ:

«ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ

ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան կիրակի օրը հարցազրույց է տվել վրացական հեռուստատեսությանը եւ պնդել, որ երկրում անհրաժեշտ է վաղաժամկետ ընտրություններ անցկացնել։ Ըստ նախկին դիվանագետի՝ Միխայիլ Սահակաշվիլին պետք է հրաժարական տա՝ Հարավային Օսեթիայում պատերազմական սադրանքի մեջ ներքաշվելու, ինչպես նաեւ՝ երկիրը ռազմաքաղաքական եւ տնտեսական ճգնաժամից դուրս բերելու անկարողության պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Նոր իշխանությունը պետք է վստահություն վայելի Վրաստանում եւ Արեւմուտքում ու երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ։ Ռուսաստանյան զորքերի դուրսբերումը կարող է իրականացվել միջազգային ճնշման եւ բացառապես մեր պրագմատիկ քաղաքականության շնորհիվ»,- նշել է Ալասանիան։ Նա հերքել է Սահակաշվիլու պնդումն այն մասին, որ իրեն հեռացրել են աշխատանքից։

Իրականում, ըստ Ալասանիայի, դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 5-ին Սահակաշվիլին իրեն առաջարկել է պաշտպանության նախարարի կամ արտգործնախարարի պաշտոնները, որոնք դիվանագետը մերժել է հիմնարար տարաձայնությունների պատճառով։ 35-ամյա Ալասանիան Վրաստանում մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչներից է, եւ այդ ցուցանիշներով նա գերազանցում է թե՛ Սահակաշվիլուն եւ թե՛ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին, որը նույնպես անցել է ընդդիմության շարքերը։ Ալասանիան չի պատրաստվում Բուրջանաձեի կամ նախկին վարչապետ Նոգաիդելիի օրինակով ստեղծել սեփական կուսակցությունը, բայց պատրաստ է ներկայացնել իր թիմը։

ՕԲԱՄԱՅԻ ՄԵՐՁԱՐԵՎԵԼՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

\"\"ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբամայի՝ արտասահմանյան առաջին պաշտոնական հեռախոսազրույցը պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ էր, իսկ նրա առաջին հարցազրույցը երկրի ղեկավարի պաշտոնում՝ «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության։ Ամենակարեւոր միտքը, որ Օբաման հայտնեց արաբ լրագրողին, հետեւյալն էր. «Ամերիկան մահմեդական աշխարհի թշնամին չէ»։ Ամերիկայի նոր նախագահը խոստովանեց, որ իր երկիրը նախկինում սխալներ է գործել Մերձավոր Արեւելքում։ Նա նորից կրկնեց իր «բացել բռունցքը» արտահայտությունը, որը վերաբերում էր ոչ դեմոկրատական ռեժիմներին, որոնց հետ Միացյալ Նահանգները պատրաստ է ուղիղ երկխոսություն վարել, եթե այդ «բռունցքն» իսկապես բացվի։ Օբաման նկատի ուներ նախեւառաջ Իրանը։ «Մեզ համար կարեւոր է համոզել բոլորին, որ Իրանի հետ հարաբերություններում մենք կօգտագործենք բոլոր գործիքները, այդ թվում՝ դիվանագիտությունը»,- ասաց նա։

ԱՄՆ նախագահն իր կարծիքը հայտնեց նաեւ միջինարեւելյան զարգացումների վերաբերյալ։ Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր երկիրը սատարում է Իսրայելին, բայց նկատեց նաեւ, որ վերջինս պետք է մի շարք դժվար որոշումներ ընդունի։ «Ես հավատում եմ, որ այժմ ամենահարմար պահն է երկու կողմերի համար՝ հասկանալու, որ իրենց ընտրած ճանապարհը չի նպաստում իրենց ժողովուրդների ո՛չ անվտանգությանը եւ ո՛չ էլ բարգավաճմանը։ Եկել է ժամանակը՝ բանակցային սեղանին վերադառնալու»,- ընդգծեց Օբաման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել