Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 28,2009 00:00

Անսահմանափակ եթերաժամ

Կառավարությունն այլեւս «տաբու» չի դնի ազգային փոքրամասնությունների եթերաժամին

Կառավարությունը, ի դեմս ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության, վերջերս Ազգային ժողովում հանդես է եկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում» ազգային փոքրամասնություններին վերաբերող մի քանի կետերում փոփոխություններ մտցնելու առաջարկով: «Առաջարկությունը հետեւյալն է՝ «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՝ ազգային փոքրամասնությունների մասին հոդվածում առկա եթերաժամանակի սահմանափակումը վերացնել»,- երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի կառավարության աշխատակազմի՝ ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը: Նրա խոսքով՝ «Հայաստանը, բացի իր սահմանադրությամբ սահմանված դրույթների, որոնք նախատեսում են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու զարգացումը, մասնավորապես՝ կրթամշակութային ոլորտի, միացել է նաեւ եվրոպական մի շարք կոնվենցիաների, որոնք ապահովում են մեր երկրի մուտքը եվրոպական ընտանիք: Այդ կոնվենցիաներից չորսն ուղղակիորեն եւ անուղղակիորեն վերաբերում են մարդու իրավունքներին եւ ազգային փոքրամասնություններին: Դրանց շրջանակներում Հայաստանը նաեւ պարտավորություն է ստանձնել՝ մասնավորապես հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում ազգային փոքրամասնությունների հնարավորությունների շրջանակների ընդլայնման առումով: Ըստ օրենքի՝ Հանրային հեռուստաընկերությունը կարող է եթերային ժամանակ տրամադրել ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման համար: Նման հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ՝ շաբաթական մինչեւ 1, ռադիոյով՝ օրական մինչեւ 1 ժամը, ինչը կառավարությունը առաջարկում է պարզապես օրենքից հանել»:

Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնի համակարգող խորհրդի նախագահ Ռազմիկ Խոսրոեւն էլ նշեց. «Նախկինում մեզ տրամադրված շաբաթական մեկ եթերաժամը բաժանվում էր ՀՀ-ում առկա 11 ազգային փոքրամասնությունների վրա, որը ծիծաղելի վայրկյաններ էր կազմում: Հույս ունեմ, որ օրենքի այս փոփոխությունը կազատի մեզ այդ խնդրից»:

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել