Լրահոս
Օրվա լրահոսը

90-ամյա կնոջը հրավիրել են քաղմաս

Հունվար 29,2009 00:00

Մեծահասակ կինը ստիպված է եղել դույլով ջուր լցնել իր իրավունքները ոտնահարողների գլխին:

Արշակունյաց թիվ 8 շենքի նկուղը բնակիչների համար դարձել է կռվախնձոր: 2 օր առաջ բնակիչները եւ նկուղի նոր սեփականատերը վեճի են բռնվել, եւ միայն ոստիկանների ներկայությունն է նրանց սթափեցրել, որ կրքերը չբորբոքվեն: Բանն այն է, որ այդ շենքի նոր բնակիչներից մեկը՝ Հրաչիկ Բերբերյանը, շենքի նկուղը սեփականաշնորհել է եւ որոշել է հասարակական օբյեկտ բացել, իսկ օբյեկտի դուռը տեղադրել առաջին հարկի հարեւան Հրաչիկ Ռաֆայելյանի անմիջապես պատուհանների տակ: Այս հանգամանքը հարուցել է ամբողջ շենքի բնակիչների զայրույթը: Հ. Ռաֆայելյանը, որպեսզի նախապես կանխի իր քթի տակ տեղի ունենալիք մարդկանց անցուդարձը, դեռեւս նախորդ տարվա հունիս ամսին դիմել է քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն, որտեղից էլ նրա «գխի տակ փափուկ բարձ» են դրել: Վարչության ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Խուրշուդյանը Ռաֆայելյանին գրավոր պատասխանել է, որ շենքի նկուղային հարկի մուտքի շինարարություն իրականացնելու համար թույլտվություն տրված չէ: Սակայն ընդամենը մի քանի ամիս անց, բնակիչների պատմելով, Բերբերյանն ինչ-որ փաստաթուղթ է ներկայացրել եւ ասել, որ նկուղը սեփականաշնորհել է եւ իրավունք ունի մուտք բացել հենց իր ուզած մասում:

«100 տարի է՝ նկուղն այլ մուտք ունի, իսկ ինչ-որ մեկն ուզում է այն տնօրինել իր քմահաճույքով՝ արհամարհելով բնակիչների իրավունքները: Նկուղն ընդհանուր է եւ պատկանում է ամբողջ շենքին, ինչպե՞ս եղավ, որ այն դարձավ մեկի սեփականությունը, մեր բնակարանի պատուհանների մոտից մուտք բացելով, մեր հանգիստը խանգարելու են»,- «Առավոտին» դժգոհեց Հ. Ռաֆայելյանը: Նրա խոսքերով՝ երկու օր առաջ արդեն սկսել են մուտքի փորման շինաշխատանքները, ընդ որում՝ շինարարության հեղինակն այդ «արարողությանը» ոստիկաններին ու իր բարեկամներին էր հրավիրել, որպեսզի շենքի բնակիչները չկարողանային աշխատանքներին խոչընդոտել: «90 տարեկան մայրս պատուհանից ջուր էր լցնում աշխատողների վրա, որպեսզի դրանց խանգարի: Իսկ նրանք քարեր էին շպրտում մորս վրա: Մենք չէինք ուզում խառնվել, որպեսզի ոստիկանների հետ ընդհարում չունենանք, բայց այսօր ինձ եւ մայրիկիս կանչել են բաժին՝ հարցաքննության»,- պատմեց Հ. Ռաֆայելյանը:

Չնայած 90-ամյա կինը հազիվ է տեղաշարժվում, ոստիկանները նրան հրավիրել են ցուցմունք տալու, եւ միայն որդու՝ Հ. Ռաֆայելյանի ասելուց հետո են ոստիկանները որոշել անձամբ այցելել 90-ամյա կնոջը եւ հարցաքննել: Համոզվելու համար, որ Բերբերյանը օրենքի սահմաններում է գործում եւ շինթույլտվություն ունի, բնակիչներն այս ամսվա 16-ին դիմել են քաղաքապետարան՝ փաստաթղթերին ծանոթանալու համար: Սակայն նրանց ասել են, որ պատասխան կստանան 1 ամսվա ընթացքում. «Մինչեւ քաղաքապետարանը տեղից իրար գա ու փաստաթուղթ տա կամ չտա, շինարարությունն արդեն կավարտվի ու էլ դեմն առնել չի լինի»:

Բնակիչները տարակուսած են, թե ինչպես է քաղաքապետարանը՝ առանց բնակիչների համաձայնության, նկուղը սեփականաշնորհել եւ շինթույլտվություն տվել. «Մեր կարծիքը ոչ մեկը չի հարցրել՝ համաձա՞յն ենք, որ այդ նկուղը օբյեկտ դառնա, ու մուտքն էլ պատուհանների տակից բացվի: Մենք գիտենք, որ այդ նկուղի նկատմամբ շենքի բոլոր բնակիչներն էլ հավասար իրավունքներ ունեն»: Իսկ թե ինչպես է քաղաքապետարանը թույլ տվել, որ բոլոր բնակիչներին հավասարապես պատկանող շենքի նկուղը առանց նրանց համաձայնության սեփականաշնորհվի շենքի մեկ բնակչի, քաղաքապետարանի պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում: Նշենք, որ բնակիչները որոշել են իրենց իրավունքները պաշտպանել դատական կարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել