Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հունվար 29,2009 00:00

ՀՅԴ երիտմիության Կապանի մասնաճյուղը Բանակի օրվա առթիվ Կապանի հանրակրթական դպրոցներում հայտարարել էր համաքաղաքային շարադրությունների մրցույթ: «Ինչպես եմ տեսնում հայրենիքիս ապագան» խորագրով մրցույթի վերջնական փուլին ժյուրիի դատին էր ներկայացվել 35 աշխատանք: Յուրաքանչյուր դպրոց ներկայացրել էր 3-5 աշխատանք: ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի ատենապետ Ռոմա Ավանեսյանն ասաց, որ շարադրության նպատակը կապանցի աշակերտների մեջ հայրենասիրություն սերմանելն էր, եւ առաջին ձեռնարկը կարող են համարել հաջողված: Ինչ վերաբերում է մրցույթին, ապա հնարավորինս պահպանվել էր անաչառությունը՝ ստուգողները չեն իմացել ում գրավորն են գնահատում, քանի որ աշխատանքները կոդավորված էին, եւ նշված չէին աշակերտների անունները:

Հունվարի 24-ին, մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը: Կապանի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Մանե Դավթյանն արժանացավ 2-րդ մրցանակին: Նրա ուսուցչուհին Մարգարիտա Զոհրաբյանն է: Իսկ 1-ին ու 3-րդ մրցանակային տեղերը բաժին հասան թիվ 13 դպրոցի ուսուցչուհի Անահիտ Արզումանյանի սաներին` Նարեկ Ոսկանյանին ու Անի Օհանջանյանին: Երեք մրցանակակիրներն էլ 11-րդցիներ են: Մրցույթի ավարտից հետո Ա. Արզումանյանն ասաց, որ ինքը չի օգնել իր աշակերտներին՝ միայն ուղղորդել է: 1-ին տեղին արժանացած Ն. Ոսկանյանը, թերեւս՝ հուզմունքից, չկարողացավ կարդալ իր գրած շարադրությունը: Նարեկի համար իր հայրենիքը մայրական գիրկ է, նրա ասելով, եղել է ՀՀ տարբեր մարզերում, բայց միշտ ամենասիրելին իր ծննդավայրն է, իր հողն ու ջուրը: Մրցանակաբաշխությանը ներկա ուսուցիչներից ոմանք, լսելով Նարեկի շարադրության նախաբանը, ակնարկեցին, որ այն արտագրված է Գ. Օհանյանի հեղինակած ստեղծագործական շարադրությունների ժողովածուից: Մեր հետաքրքրասիրությունը բավարարելու համար թերթեցինք ժողովածուն, բայց չգտանք որեւէ հատված, որը ժողովածուից բառացի վերցված լիներ:

Քաղաքապետարանը 35 մասնակիցներին էլ պատվոգրեր ու հուշանվերներ է տվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել