Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽ ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՆԵՐՔԻՆ «ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆԸ»

Հունվար 31,2009 00:00

Հետո պահանջենք, որ մեզ հարգեն

Օրերս Երեւանում հիշատակվեց Հրանտ Դինքի սպանության երկրորդ տարելիցը, նորից ցույցեր արեցին, Մեծ եղեռնը հիշեցին, Ծիծեռնակաբերդ բարձրացան, թուրքերին հերթական անգամ մատ թափ տվեցին, մի խոսքով՝ ինչպես միշտ: Անշուշտ, ցավ էր Հրանտի մահը, բայց թող տարօրինակ չթվա՝ նրա մահը գոնե ի լուր աշխարհի հազարավոր թուրքերի մղեց ասելու, որ իրենք հայ են, որ իրենք Հրանտ Դինք են: Սա հայ դիվանագիտությանը, Հայ Դատի գրասենյակներին, ցեղասպանության խնդիրներով զբաղվող բազմաթիվ կառույցներին չէր հաջողվել անել ավելի քան 90 տարիների ընթացքում, եւ այս պահը հնարավորություն էր տալիս վերջիններիս արդյունավետ քայլեր կատարելու: Բայց առիթը խելամտորեն օգտագործելու փոխարեն՝ կարծես միտումնաբար բաց թողեցին այն: Փոխարենը նորից պաստառներ պարզեցին՝ վրան «մեկուկես միլիոն գումարած մեկ» գրեցին: Հետաքրքիր է՝ այդ նույն կազմակերպությունները, ցույցեր անողները չգիտեն, որ ամեն շաբաթ մի քանի մեր հայրենակիցներ են սպանվում ՌԴ-ում, հիմնականում՝ ազգային պատկանելության համար, էդ ինչո՞ւ բողոքի ցույցեր չեն անցկացնում, ի՞նչ է, սպասում են, որ մեկուկես միլիոնը լրանա՝ նո՞ր, թե՞ «մեծ եղբորը» կարելի է…

Թուրքիան հզոր երկիր է, եւ հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի՝ ոչ մի երկիր չի էլ փորձի փչացնել հարաբերությունները նրա հետ: Ցավալի է, որ մեր մոլորված հայրենակիցներից շատերը համոզված են, որ մի 20-30 պետության կողմից Ցեղասպանության ճանաչումն արդեն լուրջ ձեռքբերում է, եւ որ շուտով Միացյալ Նահանգները կճանաչի այն, եւ վերջ՝ թուրքերը մեր հողերը հետ կտան, վնասները կհատուցեն եւ, ինչպես գերմանացիները՝ հրեաներից, մեզնից ներողություն կխնդրեն:

Մենք ի՞նչ ենք անում՝ դրսում լաց ու ողբ, ներսում՝ բամբասանք, իրար վիրավորել, իրար քցել եւ, որ ամենավտանգավորն է ու ամոթալին, մեր իշխանությունների կամայականությունները գլխիկոր տանելը: Չե՞նք տեսնում, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ինչպես են նույն հրեաները պայքարում իրենց ընդամենը 60 տարվա պետության ամեն մի թիզ հողի համար, կամ ինչպես են հույները մեկ պատանու պատահական սպանության համար երկրի կառավարությանը ծնկած պահում: Տեսա՞ք, էստոնացիները մի երիտասարդի մատը վիրավորելու պատճառով մայրաքաղաքը տակնուվրա արեցին, կամ, երբ մի քանի հազար աֆրիկյան ծագումով երիտասարդներ 2006-ին Ֆրանսիայի քաղաքներում ավերեցին խանութներ, բանկեր, այրեցին ավտոմեքենաներ՝ երկրի նախագահը նույնիսկ ռետինե փամփուշտներ օգտագործելու հրաման չտվեց: Տարօրինակ ժողովուրդ ենք մենք՝ հայերս, ավելի ճիշտ՝ խեղճ հայաստանցիներս, երկրի այսօրվա տերերը ինչ ասես արեցին մեր գլխին, էլի ստրուկների նման ձայներս դուրս չի գալիս:

Սոկրատն ասում էր. «Ստրկությունը մեղք չունի, մարդն ինքն է ձգտում ստրկության»: 2008-ի արյունոտ գարունը, հարյուրավոր հայաստանցիների ձերբակալությունները, մեր դատավորների կողմից բութ մոլեռանդությամբ իրականացվող դատավարությունները եւ տարաբնույթ անօրենությունները հազարերորդ անգամ ապացուցեցին, որ մենք պայքարող ու հեղափոխական ազգ չենք: Լավ, բա էլ ի՞նչ բերեն սրանք մեր գլխին ու ինչքան ուրիշ բաներ մեզ անեն, որ մենք գոնե մի քանի ժամով ղրղըզ (կիրգիզ) դառնանք… Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ ազգի առջեւ ծառացած յուրաքանչյուր խնդիր կարող է լուծել միայն ազգը, նրա հավաքական, միասնական ուժը: Իսկ մեր վտանգավոր ու խրոնիկ դյուրահավատությամբ տառապող հայրենակիցները, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, առիթը բաց չեն թողնում՝ հետեւելով «կարմիր» «Հայլուրի» սադրիչ լուրերին, անհիմն քարկոծելու նախկիններին, թե իբր երկիրը թալանեցին: Պարզապես մի քիչ տրամաբանություն, մի քիչ էլ բարոյականություն է պետք հասկանալու, թե ո՞վ է թալանել երկիրը, թե ովքե՞ր են, որ հայաստանցիներին ահա 11 տարի ոչ միայն թալանում, այլեւ ծնկած են պահում: Շրջեք մայրաքաղաքում եւ կտեսնեք ու կիմանաք, թե որ հյուրանոցը, հիվանդանոցը, բանկը, խաղատունը, կոմբինատը, ֆիրման, ռեստորանը, դեղատունը, էլ չթվարկեմ՝ քիմքս կչորանա, ում են պատկանում: Ապօրինաբար զավթած իշխանություն, խելացիորեն, բայց նենգաբար ձեւավորած կրիմինալ-օլիգարխիկ համակարգ եւ ստալինյան մեթոդներով գործող ռեժիմ: Ինչ կար-չկար երկրում՝ վաճառվեց ու մեր ձայնը, ո՛չ, շշուկը նույնիսկ չելավ: Ուրեմն արժանի ենք մեր այսօրվա վիճակին, շարունակենք հանդուրժել ու հեզաբար խարխափել սեփական երկրում:

Հիշում եք՝ Րաֆֆին Վարդանի բերանով՝ («Խենթի» հերոսի) ասում էր. «Ոչխարի հոտի նման թույլ էին տալիս իրենց մորթել… Աչքի առջեւ այրում են զավակները, կրակի մեջ խորովում, կինը, աղջիկը քաշում տանում են… Տղամարդը տեսնում է այդ բոլորը, եւ ինքն ամենայն խոնարհությամբ պարանոցը դեմ է անում թշնամու սրին… Տո, անիծյալ, դու էլ մարդ ես, դու էլ սպանիր՝ հետո մեռիր»: Հարկ կա՞ ասելու, որ նա այդպես փորձում էր սովորեցնել ազգային արժանապատվություն, արթնացնել ազգային գիտակցություն, ինքնաճանաչման եւ ազատության ձգտում: Փաստորեն, չկարողացանք ընկալել մեր հոգեւոր ուսուցիչներին եւ արդյունքում մենք այն ենք մնացել, ինչպիսին եղել ենք դարեր շարունակ, մեզ միշտ խանգարել են մեր հոգեկերտվածքի ստվերոտ կողմերը՝ վախկոտություն, դավաճանություն, նախանձ, չարակամություն, ինքնահարգանքի բացակայություն, ինչի հետեւանքով մեր ճանապարհին կորցրել ենք ազգային գիտակցություն, արժանապատվություն, ազատության ձգտում եւ մեր այս փոքրիկ երկրում մարդավայել ապրելու բնական իրավունքը: Էլ ումից ի՞նչ ենք պահանջում:

…Ասում են՝ հին ժամանակներում էլ հայերն օտար թագավորներ են ունեցել, սակայն նրանց մեջ եղել է, օրինակ՝ Զենոն Արտաշեսի նման թագավոր, որի թագավորության ժամանակ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հզորացել ու բարգավաճել են, հայերն էլ սիրել են նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031