Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

Փետրվար 05,2009 00:00

\"\"Պատասխանը չի գոհացնում

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն էր դիմել Խաչատուր Ղալեչյանը, հայտնելով, որ 2008 թ. օգոստոսի 8-ին հայտարարություն է տվել Հատուկ քննչական ծառայություն, որով մեղադրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ հանցագործություն կատարելու մեջ:

Ինչպես «Առավոտին» տեղեկացրին հելսինկյանները, այդ կապակցությամբ իրենք հարցում են կատարել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, պարզելու, թե ինչ ընթացք է տրվել Ղալեչյանի դիմումին: Հարցմանն ի պատասխան, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ Խաչատուր Ղալեչյանը դիմել է իրենց՝ իրեն հատկացված «Ջուլիանա» կոոպերատիվի նկուղային տարածքը «անօրինական» վճիռներով՝ կոոպերատիվը սնանկ ճանաչելու միջոցով, իրենից վերցնելու եւ իրեն նյութական վնաս պատճառելու հարցով, վիճարկելով կայացված որոշումներն ու վճիռները, նախ 13.12.07թ.-ին, իսկ ապա՝ 05.08.08թ.-ին: ՀՔԾ-ն նաեւ հայտնել է, որ կայացրած որոշումների, դատական ակտերի օրինականության նկատմամբ հսկողությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության լիազորություններից դուրս է եւ Խ. Ղալեչյանի նույնաբովանդակ դիմումները, համապատասխանաբար՝ 18.12.07-ին եւ 06.08.08-ին, ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ այդ մասին հայտնելով դիմումատուին:

Սակայն քանի որ Խ. Ղալեչյանը պնդել է, որ իրեն չի ուղարկվել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինակը՝ կազմակերպությունը 25.09.2008թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով տեղեկացնել Խ. Ղալեչյանի դիմումների ընթացքի մասին եւ ուղարկել համապատասխան որոշման պատճենը:

ՀՀ գլխավոր դատախազությունից 20.10.2008թ. գրությամբ տեղեկացրել են, որ նյութերն ուղարկվել են ՀՀ Շենգավիթ համայնքի դատախազություն՝ քննության առնելու համար:

14.11.2008 թ. գրությամբ, ՀՀ Շենգավիթ համայնքի դատախազությունը տեղեկացրել է, որ ստուգվել են Խաչատուր Ղալեչյանի դիմումում նշված հանգամանքները, որի արդյունքում պարզվել է. «Նշված հարաբերություններում որեւէ անձի արարքում հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել, որը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանք է»:

02.12.2008 թ. «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» նորից հարցում է կատարել դատախազություն, նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի համաձայն, հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը՝ քրեական գործ հարուցելու մասին, քրեական գործի հարուցելը մերժելու մասին եւ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: Այդ իսկ պատճառով կազմակերպությունը խնդրել է ստույգ տեղեկացնել՝ հիշյալ որոշումներից ինչ որոշում է կայացվել եւ ուղարկել այդ որոշման պատճենը:

Դատախազությունից կրկին հայտնել են, որ Խ. Ղալեչյանը հանցագործության մասին հաղորդումներ եւ դրա վերաբերյալ որեւէ փաստ չի ներկայացրել ու հրաժարվել է բացատրություն տալ, ինչպես նաեւ Խ. Ղալեչյանի բողոքները քննարկվել են որպես դիմում եւ ոչ թե հանցագործությունների մասին հաղորդում, որպեսզի ընդունվեր ՀՀ քրդատօրի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել