Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՐԱԿՌԻՎ»՝ ԱՆԳԵՂԱԿՈԹՈՒՄ

Փետրվար 05,2009 00:00

Գործարարը չի հավատում դատարանին ու փորձագետներին եւ խոստանում է շարունակել աշխատանքը

Պատմական միջավայրի պաշտպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանն արդեն մի քանի տարի է՝ ինչ բարձրաձայնում եւ ահազանգում է, որ Սյունիքի մարզի Սիսիանի ենթաշրջանի պատմական հուշարձաններով հարուստ Անգեղակոթ գյուղի «Պոլիգոն» եւ «Գութանաբլուր դամբարանադաշտ» հնավայրերի տարածքում գործող քարհանքում կատարվող արդյունահանման աշխատանքները վնասում են 2005 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՀ կառավարության թիվ 2322-Ն որոշմամբ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված այս հնավայրերին: «Պոլիգոն» հնավայրում հատուկ քարտեզագրում արվել է, «Գութանաբլուր դամբարանադաշտի» համար չի արվել: Նշված չեն նրա պահպանական գոտիները, բայց մասնագետները փաստում են, որ հենց այդ հնավայրում են քարի արդյունահանման աշխատանքներ իրականացվում:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ 2006 թվականի ապրիլի 7-ին Անգեղակոթ գյուղի բնակիչ Վարուժան Պողոսյանը ՀՀ բնապահպանության եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունների հետ կնքել է պայմանագիր եւ հանքարդյունաբերության համար ընդերքը օգտագործելու իրավունք ստացել: Նույն նախարարությունների հետ պայմանագիր է կնքել եւ հանքարդյունաբերության համար ընդերքը օգտագործելու իրավունք ստացել մեկ այլ անգեղակոթցի՝ Գուրգեն Պողոսյանը: Վարուժանը եւ Գուրգենը եղբայրներ չեն: Ըստ պայմանագրի եւ լիցենզիայի՝ այս անհատները ստացել են հանքավայրերի տեղագրական եւ երկրաբանական քարտեզները, բայց գլխավոր բացթողումն արվել է այն ժամանակ, երբ հնավայրում հանքարդյունաբերության համար հողհատկացում անելիս տեղյակ չեն պահել մշակույթի նախարարությանը, մինչդեռ հողհատկացման դեպքում պարտադիր պետք է պահպանվեն պատմամշակութային սահմանափակումները: «Բերվել է պատճառաբանություն, թե լիցենզիա տրամադրելու կարգն իր մեջ նման կանոնակարգ չունի: Ինչո՞ւ Իրան-Հայաստան գազատարը կամ Մեղրի-Կապան միջպետական ճանապարհը կառուցելիս՝ նախագիծը համաձայնեցվում է պատմության եւ մշակույթի ոլորտում լիազորված մարմնի հետ: Նույնիսկ Իրան-Հայաստան գազատարի որոշ հատվածներ փոխվել են, որովհետեւ անցնում էին մատուռի մատույցներով: Ինչո՞ւ պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների շահագործումից առաջ տեղյակ են պահում, իսկ քարհանքի շահագործումից առաջ՝ ոչ»,- մեզ հետ զրույցում այս հարցը բարձրացրեց Աստղիկ Հակոբյանը: Տիկին Հակոբյանին հուզում է մի հարց՝ եթե անգամ հանքարդյունաբերության համար ընդերքը օգտագործելու լիցենզիա տրամադրելիս բացթողում է արվել, ապա ինչո՞ւ մինչեւ այսօր սխալը չի ուղղվում եւ հնավայրում քարհանքի շահագործումը շարունակվում է: Ինչո՞ւ է շարունակվում վնասվել պատմամշակութային հուշարձաններով հարուստ հնավայրը: Չէ՞ որ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենք կա, որի տրամաբանության մեջ չի տեղավորվում հնավայրում քարհանքի շահագործումը: Բացի սրանից, անգեղակոթցի «հանքափորներ» Վարուժան եւ Գուրգեն Պողոսյանները խախտել են իրենց տրված լիցենզիայի 11-րդ կետը, համաձայն որի՝ հանքարդյունաբերական աշխատանքներ իրականացնողները «պարտավոր են ապահովել օդային եւ ջրային ավազանի, հողի եւ բուսական աշխարհի, ինչպես նաեւ մշակութային, ճարտարապետական, հնէաբանական, պատմական, աշխարհագրական նշանակություն ունեցող հուշարձանների պաշտպանությունը»: «Գութանաբլուր դամբարանադաշտ» հնավայրում քարհանքի շահագործումը չի դադարեցվել անգամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի փորձագիտական եզրակացությունից հետո:

Պատմական միջավայրի պաշտպանության Սյունիքի մարզային ծառայությունը փորձել է ամեն գնով կանխել «Գութանաբլուր դամբարանադաշտում» հանքարդյունաբերության աշխատանքները: Վարուժան եւ Գուրգեն Պողոսյաններին, Անգեղակոթ համայնքի ղեկավարին, բոլոր պատասխանատուներին տեղյակ են պահել, որ հնավայրը պարզապես ոչնչանում է, բայց՝ անօգուտ: 2008 թվականին Վարուժան Պողոսյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 300 հազար դրամով տուգանել է՝ պատմամշակութային հուշարձանը վնասելու համար: Տիկին Հակոբյանն անձամբ է փորձել քարհանքը շահագործողներին բացատրել, որ նրանք ոչնչացնում են պետության պահպանության ներքո գտնվող հուշարձանը, ուր ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից հնագետներ են գալիս: Սա էլ՝ անօգուտ: «Պոլիգոնում» պեղումներ են արվում, իսկ «Գութանաբլուր դամբարանադաշտի» քարհանքում՝ պայթեցումներ: Հնագետների արշավախմբի անդամները վախեցած վեր էին թռել, չենթադրելով անգամ, որ հնարավոր է նման արժեք ունեցող հուշարձանի տարածքում պայթեցումներ անել՝ քարհանք շահագործել»,- հիշեց տիկին Հակոբյանը: Նրա հերթական բողոքից հետո Վարուժան Պողոսյանը հայտարարել է. «Քուր ջան, մենք քեզ ինչ վատություն ենք արել, որ ամեն անգամ դատախազություն ես քարշ տալիս: 10-ից ավելի աշխատող ունեմ, այդքան ընտանիք եմ պահում, էս քարերը ինչիդ են պետք, որ գալիս ես սրանց համար կռիվ տալիս»:

Անգեղակոթի այն ժամանակվա գյուղապետ Արմենակ Մարկոսյանը մեզ ասաց, թե մեկ անգամ չէ, որ քարհանքը շահագործողներին զգուշացրել է, որ հանքարդյունաբերությունը վնասում է հնավայրին:

Իսկ ահա Վարուժան Պողոսյանը մեզ ասաց, որ իր կողմից շահագործվող քարհանքում իրականացվող աշխատանքները ամենեւին էլ չեն վնասում հնավայրին, պատմամշակութային հուշարձաններին: «Մենք աշխատում ենք օրենսդրական դաշտում, բոլոր համապատասխան լիցենզիաներն ունենք, անցկացրել ենք բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները: Մենք աշխատում ենք միայն հանքի տարածքում: Եթե անգամ մեկ հուշարձանի վնաս ենք տվել՝ պատրաստ եմ պատասխանատվություն կրել: Բայց վերջերս անարդարացիորեն 300 հազար դրամ տուգանք են նշանակել, թե իբր հուշարձանին վնաս եմ հասցրել: Մինչեւ այսօր չեմ կարողանում այդ պարտքը մարել: Մի քանի ընտանիք հանքի հաշվին սոված չի մնում, հարկերը մուծում եմ, ի՞նչ են ուզում ինձնից: Օրենքի խախտում չեմ կատարել եւ շարունակելու եմ շահագործել հանքը»:

Ստացվում է, որ գործարարը չի հավատում փորձագիտական եզրակացությանը եւ պատմամշակութային հուշարձաններից ու դրանց պահպանությունից հասկացող մասնագետներին: Թե այս վեճում ով կշահի՝ պարզ չէ: Բայց ակնհայտ է, որ մենք մեր ձեռքով քանդում ենք պետական հոգածության կարիք ունեցող հուշարձանները եւ բարձրաձայնում հարեւան երկրում ավերվող հայկական հուշարձանները փրկելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել