Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կյանքն առանց սթրեսի՝ անհետաքրքիր կլիներ

Փետրվար 05,2009 00:00

Ըստ հոգեբանի՝ սթրես բառն օգտագործվում է բացասական հույզերի իմաստով, բայց՝ այդպես չէ

Դժվար թե լինի մեկը, որը սթրես ապրած չլինի եւ պատկերացում չունենա, թե ինչ է այն:

Սթրեսի առաջին բնութագրումը տվել է կանադացի ֆիզիոլոգ Գանս Սելյենը, համաձայն որի՝ սթրեսն այն ամենն է, ինչը բերում է օրգանիզմի արագ ծերացման կամ հիվանդության, եւ նշում, որ սթրեսից խուսափել հնարավոր չէ, դրա դեմ պետք է պայքարել: Ի՞նչ է սթրեսը եւ ինչպե՞ս հաղթահարել այն:

Սթրեսը բոլոր հիվանդությունների աղբյուրն է. այսպես են ասում մեր մեծերը, որին համաձայն են նաեւ բժիշկները: Այնինչ կան որոշ հոգեբաններ, որոնք կարծում են, թե սթրեսը բացասական երեւույթ չէ: Ըստ հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս Հրաչյա Հովհաննիսյանի. «Լայնորեն տարածված է այն միտքը, թե սթրեսը բացասական երեւույթ է: Այո, սթրեսը ավելորդ լարում է, ապրումներ, հույզեր: Բայց իրականությունն այն է, որ մեր կյանքը առանց սթրեսային իրավիճակների, առանց դրանց հաղթահարման՝ անհետաքրքիր կլիներ: Հասարակության մեջ սթրես բառը օգտագործվում է բացասական հույզերի իմաստով: Իրականում՝ այդպես չէ: Կան մարդիկ, որ սուր զգացողությունների սիրահար են: Օրինակ, մեկը սիրում է շատ արագ վարել մեքենան: Վարողի համար դա սթրեսային իրավիճակ է, բայց դրանից նա հաճույք է ստանում, իսկ վարորդի կողքին նստած ուղեւորի համար դա կարող է լուրջ հետեւանքներ թողնել՝ բացասական դրսեւորումներով: Մարդ կարող է ապրել դրական եւ բացասական սթրես: Օրինակ, երբ օրգանիզմը ինչ-որ ազդեցությունների պատասխանելով՝ ապակազմավորվում է, կարգավորվածությունից դուրս է գալիս, օրգանիզմը հյուծվում է, մարդու մոտ նկատվում էներգետիկ սպառում, եւ նա տհաճ ապրումներ է ունենում, դա բացասական սթրեսն է: Եթե ինչ-որ լարվածությունից հոգեկան հաճույք ես ստանում, եւ օրգանիզմը դրանից լիցքեր է հավաքում, ապրում ես դրական սթրես»:

Ըստ Հ. Հովհաննիսյանի, օրվա ընթացքում մարդն անգիտակցորեն այնքան սթրես է ապրում, որքան անգամ ծիծաղում է. «Մարդկային կյանքի ամենամեծ սթրեսը ծիծաղն է: Այն իսկապես լուրջ սթրես է եւ իր հզորությամբ չի զիջում լացին: Սթրեսի դեմ չեն պայքարում, որովհետեւ դա հնարավոր չէ: Պայքարել սթրեսի դեմ՝ ոչ թե անիմաստ է, այլ դրա դեմ զենք չկա: Ուրիշ բան է, որ դու կարողանաս հաղթահարել սթրեսի հետեւանքները»:

Հ. Հովհաննիսյանը շեշտում է. «Սթրեսը նպաստում է մարդու ինքնագնահատման բարձրացմանը եւ համապատասխանաբար կարող է ազդել նաեւ իջեցմանը: Ցանկացած բարդություն հաղթահարելիս, ցանկացած լարվածության, հոգեկան ծանր ապրումներից հետո, երբ մարդը հասկանում է, որ ինքն այդ իրավիճակից դուրս է եկել, նրա ինքնարժեքը կրկնակի բարձրանում է: Եվ նույն հաջողությամբ, օրինակ, եթե բոքսի ռինգում բռնցքամարտիկի հարվածը չի հասնում նպատակին, նրա ինքնագնահատականը թեկուզեւ շատ չնչին, բայց ընկնում է: Սա սթրեսի դրսեւորման ձեւերից է: Պետք չէ «չար աչքով» նայել սթրեսին, ընդամենը պետք է անցնել այդ ամենի միջով եւ երբեք «կուլ» չգնալ նրա կապանքներին, հակառակ դեպքում՝ այն կարող է կործանարար լինել»: Մեր զրուցակիցը խորհուրդ չի տալիս սթրեսից ազատվելու կամ հաղթահարելու այլընտրանքային ճանապարհներ փնտրել, փոխարենն առաջարկում է՝ «Լսեք երաժշտություն, զբաղվեք սպորտով, բայց ոչ մի դեպքում մի փորձեք սթրեսը կոտրել ալկոհոլի միջոցով»: Ի տարբերություն հայ հոգեբանների, այլ երկրների հոգեբանները նշում են, որ սթրեսի դեմ պայքարելու լավագույն եւ միակ միջոցը սեքսն է, ապա՝ պարը: Ըստ նրանց, մարդն իրեն լիարժեք դրսեւորում է միայն սեռական հարաբերություններում եւ պարերում: Նրանք նշում են, որ միայն այս երկու հանգամանքներում է մարդը լիարժեք լիցքաթափվում, ազատվում ամեն տեսակի խնդիրներից, լարվածություններից, հուզական ապրումներից՝ ժամանակավորապես կտրվելով աշխարհից: Ըստ հոգեբանների, երբ փակում ես աչքերդ, քեզ շրջապատող ամեն ինչ անհետանում է աչքիդ, ոչինչ չի մնում, բացի երկու մարմիններից. դրանով էլ հենց հաղթահարվում է սթրեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել