Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԳՈՒՇԱԿՆԵՐԻ ՄՈՏ ԳՆՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Փետրվար 06,2009 00:00

\"\"Հոգեբանը, նրանց մոտ գնալու փոխարեն, խորհուրդ է տալիս դիմել հոգեւոր սպասավորների խորհուրդներին, աղոթքներին…

Ինչո՞ւ են մարդիկ գնում գուշակների մոտ, ինչո՞ւ են հավատում գուշակություններին, ի վերջո, ի՞նչ է գուշակությունը: Կարելի՞ է, արդյոք, հավատալ, որ աշխարհում կան այնպիսի մարդիկ, որոնք ունեն պայծառատեսություն, կարողանում են տեսնել երեւույթներ, որոնք տեսանելի չեն սովորական մարդկանց: «Առավոտն» այս թեմայի շուրջ զրուցեց հոգեբան Սուսաննա Հակոբյանի հետ: Նրա համոզմամբ, գուշակությունները բոլոր ժամանակներում եղել են, եւ կան այդ «ոլորտի» ֆենոմեններ՝ Վանգա, Նոստրադամուս եւ այլք: Հարցին, թե ովքե՞ր են հավատում գուշակություններին եւ ովքե՞ր գնում գուշակների մոտ՝ տիկին Սուսաննան կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Մարդը, որը դպրոցական տարիքից սովոր է ուրիշի տետրից արտագրել տնային առաջադրանքը կամ ուրիշի տետրը ցույց տալ ուսուցչին՝ նրա աչքին լավ երեւալու համար, հասուն տարիքում էլ կշարունակի մտածել եւ վարվել նույն կերպ: Այս տիպի մարդիկ մտածում են, որ միայն գուշակը կարող է իրենց ճիշտ խորհուրդներ տալ կամ միջնորդել, որ կարողանան լուծել իրենց հարցերը»:

Գուշակների մոտ գնալու պատճառներն, ըստ հոգեբանի, հետեւյալն են. «Երիտասարդների մի զանգված՝ հատկապես 15-25 տարեկաններն, այսօր տարված են գուշակություններով: Տարբեր դրդապատճառներ կան՝ մեկն ընկերուհու ազդեցությունն է կրում, մյուսը՝ մենակ չգնալու համար մեկ ուրիշին է տանում իր հետ, երրորդը «ինադ» է անում մյուսներին՝ հետ չմնալու համար եւ այլն: Այնուամենայնիվ, գնում են եւ ավելի հաճախ, քան մենք կարող ենք պատկերացնել: Սա խնդիր է, այն էլ՝ շատ լուրջ: Բայց գուշակություններով տարվելը համատարած բնույթ չի կրում եւ չի էլ կարող, քանի որ մենք գործ ունենք մարդկային տեսակների հետ»:

Ս. Հակոբյանն առանձնացնում է գուշակություններին հավատացող մարդկային մի քանի տեսակ. «Եթե զուտ պայմանականորեն մարդկանց բաժանենք 5 տիպերի, ապա նրանից միայն մեկ տիպն է աչքերը փակ հավատում գուշակությանը: Մի մասը թերահավատ է՝ կարող է գնալ եւ ծիծաղել: Որոշ մարդիկ էլ ընդհանրապես ծիծաղում են նրանց վրա, ովքեր գնում են գուշակների մոտ եւ լսել չեն ուզում նրանց մասին: Կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնց մոտ բացարձակ հետաքրքրություն չի նկատվում գուշակությունների նկատմամբ: Խնդիրն այն է, որ ովքեր էլ դեմ լինեն գուշակություններին, ովքեր էլ թերահավատորեն մոտենան դրանց, այնուամենայնիվ, գուշակությունը կա եւ կան դրան հավատացող, հետեւից գնացող մարդիկ»:

Գուշակությունների բացասական եւ դրական ազդեցությունների մասին հոգեբանն ասում է. «Ազդեցությունները կապված են զուտ գուշակողների ծավալած գործունեությունների բնույթից եւ նրանց մոտ գնացող մարդու ակնկալիքներից: Օրինակ, գուշակների մի մասն ունի դրական էներգետիկա, կարողանում է մարդկանց ուղղորդել, բարի խորհուրդներ տալ, ի շահ դիմացինի դրական դաշտ է ստեղծում վերջինիս համար: Այս դեպքում պետք է ասել՝ փառք ու պատիվ նրանց: Բայց կա դրա հակառակ կողմը. արվում են գուշակություններ՝ զուտ գումար վաստակելու, շառլատանության նպատակով: Օրինակ, մի երիտասարդ աղջիկ, որին ծնողներն ամեն օր գումար էին տալիս անձնական կարիքները հոգալու համար, հավաքում եւ տալիս էր գուշակին, ակնկալելով նրանից գուշակության միջոցով ինչ-որ մի տղայի սիրահարեցնել իրեն եւ այլ անիմաստ բաներ: Իսկ դրա փոխարեն ավելի լավ չէ՞ր լինի դիմել մեր առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորներին՝ նրանց խորհուրդների, աղոթքների միջոցով հասնելու նրան՝ ինչին կամ ում ուզում ես: Չպետք է դիմել գուշակի, որը ծխախոտը բերանին, անպայման շատ ներկած աչքերով, քո փոխարեն որոշելու է, թուղթ ու գիր, կալ ու կապ է անելու, որ իրբր թե քո սիրած տղան քոնը լինի»:

Վերջում Ս. Հակոբյանն ընդգծեց, որ գուշակություններին հավատում եւ գուշակների մոտ գնում են միայն ինքնուրույնություն չունեցող անձինք. «Անձնային այն տիպը, որն ինքնավստահ է ու գիտի, որ կյանքում ամեն ինչ կախված է իրենից, իր վարքագծից, գործողություններից, հազիվ թե իրեն թույլ տա գուշակությունների միջոցով հասնել այս կամ այն նպատակին: Նա իր նպատակին հասնելու համար ի ցույց կդնի իր հնարավորությունները, մարդկային գործոնները: Գուշակների մոտ գնացողն այն մարդն է, որն իր կյանքում միշտ կարիք է ունեցել որեւէ մեկի օգնության ու միջնորդության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել