Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքները լավ չեն աշխատում

Փետրվար 11,2009 00:00

Ըստ տարածքային կառավարման նախարարության, համայնքները չեն կարողանում վճարել հարկերը եւ հսկայական պարտքեր են կուտակել:

Օրերս տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Լոռու մարզում վատ աշխատելու համար համայնքների ղեկավարներին խիստ նկատողություն տվեց՝ ասելով, որ եթե նրանք շարունակեն այդ տեմպերով աշխատել, ապա պետբյուջեից ոչ մի գումար այլեւս չեն ստանա: Նշենք, որ Լոռու մարզում սեփական եկամուտները 60 եւ ավելի տոկոսով 113 համայնքից հավաքագրել է ընդամենը 36-ը: Այստեղի համայնքներում կան նաեւ չվճարված աշխատավարձեր: Օրինակ՝ Վանաձորում 135 միլիոն դրամի չվճարված աշխատավարձի պարտք կա: Աթանում եւ Ահնիձորում աշխատավարձերի պարտքեր են կուտակվել մոտավորապես 50 միլիոն դրամի չափով: Նկատենք, որ Լոռին, այլ մարզերի հետ համեմատած, շատ ավելի քիչ պարտքեր ունի:

Արագածոտնի մարզում ընդհանուր առմամբ չվճարված աշխատավարձերի պարտքը կազմում է 3 միլիարդ դրամ, եկամուտների կատարման ամենացածր ցուցանիշն այստեղ 41%-ն է՝ ներառյալ պաշտոնական տրանսֆերտները:

Հարկերի հավաքագրման առումով էլ Արագածոտնի մարզում թերացել է Լառնարոտը, որտեղ հողի հարկը հավաքագրվել է ընդամենը 7,8%-ով: Չնայած դրան, գույքահարկը հավաքագրվել է 100%-ից ավելի: Միրաք համայնքում գույքահարկ ընդհանրապես չի հավաքագրվել: Մեծամորում էլ հողի հարկ վճարել է բնակիչների 11%-ը, իսկ գույքահարկ՝ 4,3%-ը: Նույն մարզի Ավան համայնքում աշխատավարձ չի վճարվել 700 միլիոն դրամի չափով, Արուճում կուտակել են 88 միլիոն դրամ պարտք են: Իսկ, օրինակ, Ագարակում չվճարված աշխատավարձերի չափը կազմում է 1000 դրամ: Սաղմոսավանում աշխատավարձերը վճարվել են ավելի շատ՝ մոտ 35 միլիոն դրամի չափով, չնայած դրան, սոցվճարի պարտքը կազմում է 7,5 միլիոն դրամ: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ջաղացաձոր, Շորժա, Շանջրեք, Նորաբակ համայնքներում էլ հողի եւ գույքի հարկ վճարվել է 10%-ից էլ պակաս:

Ըստ նախարարության տվյալների՝ անցած տարի բոլոր համայնքների հողի հարկի հավաքագրումը 67.4%-ով է կատարվել: Նախատեսված 5 միլիարդից ավելի գումարի փոխարեն փաստացի մուտքերը կազմել են 3 միլիարդ 7 միլիոն: Հողի հարկի հավաքագրումը անցյալ տարվա համեմատությամբ աճել է 13.2%-ով, սակայն որոշ մարզերում այս ցուցանիշը նվազել է, օրինակ՝ Շիրակում: Հողի հարկի հավաքագրման գծով առավել բարձր ցուցանիշներ են արձանագրվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերում՝ հասնելով մինչեւ 90%-ի: Ցածր ցուցանիշներ են արձանագրվել Գեղարքունիքում եւ Սյունիքում:

Գույքահարկի մասով էլ բարձր հորիզոնականներում են Երեւանը, Արարատի եւ Վայոց ձորի մարզերը, որտեղ հարկերը հավաքագրվել են 100 եւ ավելի տոկոսով: Հողի հարկի հետ համեմատած՝ գույքահարկ ավելի շատ է հավաքվել. նախատեսված 8,7 միլիարդից հավաքագրվել է 8 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերում է աշխատավարձերի պարտքերին, ապա, նախնական հաշվարկներով՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, 1996-2007 թթ. կուտակվել է 1,7 միլիարդ դրամից ավելի պարտք: Միայն անցյալ տարի այդ պարտքը մարվել է մոտ 1 միլիարդի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել