Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են մտավորականները լռում

Փետրվար 11,2009 00:00

\"\"Ընթերցողը շարունակում է թեման

Ինչպես հայտնի է, «Առավոտ» ինտերնետային էջում խմբագրական հոդվածի տակ կա «քննարկում» կոճակը, որտեղ ընթերցողներն արտահայտում են իրենց կարծիքը: Այդ արձագանքների մեջ կան նաեւ հետաքրքիր ու արժեքավոր դիտարկումներ, որոնք վերաբերում են հենց խմբագրականի բովանդակությանը, ոչ թե լրագրողների անձերին կամ վերացական թեմաներին: Լուրջ, բովանդակային վերլուծությունները մենք պարբերաբար ներկայացնելու ենք նաեւ տպագիր տարբերակի ընթերցողի ուշադրությանը: Ստորեւ ներկայացվող կարծիքը արձագանք է «Առավոտի» փետրվարի 4-ի խմբագրականի, որտեղ տարակուսանք է հայտնվում, թե ինչու մտավորականների մեծ մասը միանշանակ ձեւով չի դատապարտում մարտի 1-ի սպանությունները եւ դրանց հետեւած քաղաքական հալածանքները:

«Կարդալով Ձեր հոդվածը, ես ցավով հիշեցի Հոլոքոսթից մազապուրծ եղած գրող Էլի Վիզելին, որը 40-ականների ոճրի ժամանակակիցներին բաժանում է 3 տիպի. կատարողներ, զոհեր եւ կողմնակի դիտորդներ: Վերջիններս, ում Դուք մտավորական եք անվանում, կրում են նույն պատասխանատվությունը, ինչ՝ կատարողները: Ինչո՞ւ չեն խոսում: Կարող ենք պատասխաններից մի քանիսը գտնել Ձեր նախկին խմբագրականներում՝ Հայաստանում աշակերտը փոքրուց սովորում է, որ քիչ խոսելը լավ բան է: Ինչքան էլ մարդն իր մտավորական աշխարհայացքը լայնացնում է, դժվար է գաղափարներ արտադրել, երբ նա այդ անելու սովորությունը չունի: Եվ հետո՝ մեր հասարակությունում մենք մեր ընտանիքն ու «ախպերությունը» ամբողջ հասարակությունից սովորաբար ավելի կարեւոր ենք համարում՝ քուրս, ախպերս, ծնողներս, կարեւորը՝ մենք լավ լինենք: Առանց հասկանալու, որ բոլորս քաղաքացիական պարտականություններ ունենք, եւ եթե ժողովուրդն իսկապես հավատա, որ միասնական ուժով կարելի է մի դրական բանի հասնել, պետք է նաեւ հասկանա, որ միասնական լռությամբ էլ կարող է թույլ տալ մեծ արհավիրք: Եթե այսօր հարեւանի հետեւից են գալիս, վաղը՝ դիմացի փողոցի հարեւանի, ապա հավանականությունը, որ մի օր քո հետեւից կգան, շատ բարձր է: Բայց մեր հասարակությունում դեռ հավատում են, որ եթե «սուս, համեստ ու խելոք» մնաս, ոչինչ չի պատահի քեզ:

Իսկ այս ամենը մենք մեր Ցեղասպանությունից պետք է սովորած լինենք, որը շատ հաճախ նշում ենք, բայց շատ հազվադեպ ենք իսկապես քննարկում: Ցավոք, դպրոցական մակարդակում (ես այդ մակարդակում եմ Հայաստանում ուսում ստացել) Ցեղասպանությունը միայն մեկնաբանվում է՝ որպես «հայվան թուրքերը մեզ ջարդեցին», բայց առանց խորը մեկնաբանությունների: Իսկ Ամերիկայում դպրոցականներին տարիներով բացատրում են Հիտլերի ու Ստալինի՝ ժողովուրդների գլխին բերած արհավիրքների պատճառներն ու հետեւանքները: Այդ արհավիրքների պատճառները միայն այն չեն, թե մի խումբ ուզում է վերացնել մյուսին, այլ որ իրավիճակներ գոյություն ունեն, որոնք դրդում են շատերին մասնակցել գիտակցաբար կամ անգիտակցաբար մի ամբողջ ժողովրդի բնաջնջմանը: Իսկ մենք՝ հայերս, դեռ չենք կարողանում մտածել այն քառակուսի մտածելակերպից դուրս, որ իշխանությունը պարզապես ուզում է ընդդիմությանը ճնշել: Իրավիճակն այդքան էլ սեւ ու սպիտակ չի եւ երբեք էլ չի եղել: Ցավալին այն է, որ տվյալ պարագայում, եթե «մտավորականները» գիտակցեն, որ պետք է խոսեն, կարող է եւ զրկվեն իրենց հանապազօրյա հացից: Բայց պետք է նաեւ գիտակցեն, որ եթե այսօր չխոսեն, վաղը եթե ոչ իրենք, ապա իրենց երեխաները կզրկվեն շատ բաներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել