Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 11,2009 00:00

Հայ գրոսմայստերները հավակնում են

\"\"«CessPro» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ շախմատի հեղինակավոր մասնագետներն ընտրել են անցած տարվա ընթացքում խաղացված հազարավոր պարտիաներից քառասունը, որոնցից փորձագետների քվեարկությամբ որոշվելու է մեկը, որը կճանաչվի որպես մրցաշրջան 2008-ի ամենահիասքանչ ստեղծագործական նվաճում: Ուրախալի է, որ այդ անվանակարգին հավակնում են նաեւ տարբեր մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչների խաղացած պարտիաները: Դրանք են.

Լեւոն Արոնյան-Լյուկ վան Վելի՝ 1:0, «Corus» մրցաշար:

Վիշվանաթան Անանդ-Լեւոն Արոնյան՝ 0:1, «Մորելիա/Լինարես»:

Լեւոն Արոնյան-Անդրեյ Վոլոկիտին՝ 1:0, «Եվրոպայի ակումբային առաջնություն», Կալիտեա:

Վլադիմիր Հակոբյան-Վեկոսլավ Ժիվկովիչ՝ 1:0, «Եվրոպայի ակումբային առաջնություն», Կալիտեա:

Գաբրիել Սարգսյան-Ալեքսանդր Գրիշչուկ՝ 1:0, «Շախմատի համաշխարհային օլիմպիադա», Դրեզդեն:

Վլադիմիր Հակոբյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 1:0, «Շախմատի համաշխարհային օլիմպիադա», Դրեզդեն:

Տոպալով-Կամսկի 9-րդ դիմակայությունը

Փետրվարի 16-28-ը Սոֆիայում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման 1-ին հորիզոնականն \"\" զբաղեցնող բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը եւ 2007 թվականի աշխարհի գավաթակիր՝ ամերիկացի գրոսմայստեր Գատա Կամսկին ութ պարտիայից բաղկացած մրցամարտ են անցկացնելու միմյանց միջեւ, որի հաղթողն իրավունք է ստանալու այնուհետեւ աշխարհի թագի համար պայքարել գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Ըստ մրցակարգի, հիմնական մրցաշարում հավասար միավորներ արձանագրվելու դեպքում փետրվարի 28-ին նրանց միջեւ կկազմակերպվի 25 րոպեանոց չորս պարտիայից բաղկացած թայ բրեք: Եթե այստեղ էլ հաղթողը չորոշվի, կանցկացվի եւս երկու պարտիա, յուրաքանչյուրը 5 րոպե տեւողությամբ: Եվ եթե ուժերը կրկին հավասար լինեն, կկայանա վճռորոշ հանդիպումը, որում հաղթելու համար սպիտակներին կհատկացվի 6 րոպե, իսկ սեւերին՝ 5: Ոչ-ոքիի դեպքում առավելությունը կտրվի սեւերին:

\"\"Մինչ այդ Տոպալովն ու Կամսկին խաղատախտակի առջեւ միմյանց հետ հանդիպել են ութ անգամ: Բացահայտ առավելություն ունի բուլղարացին: Նա հաղթել է չորս անգամ եւ գրանցել նույնքան ոչ-ոքի՝ ընդհանուր առմամբ վաստակելով 6,0 միավոր: Կամսկին դեռ չի ճաշակել հաղթանակի բերկրանքը եւ իր հաշվարկում ունի 2,0 միավոր:

Տոպալով-Կամսկի պատասխանատու դիմակայության երեք մրցավարներից մեկը հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է: Իսկ մեր Վանիկ Զաքարյանն ընդգրկված է բողոքարկող հանձնաժողովում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել