Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 17,2009 00:00

ՀԴՄ կտրոններով քիչ են շահում

Էջմիածնում ՀԴՄ կտրոններով շահողների թիվը չափազանց փոքր է: Քաղաքում գործող բանկերի 9 մասնաճյուղերից շահած գումարները ստանալու ընդամենը 8 դիմում է ստացվել: Ամենաշատը՝ հինգ շահում, արձանագրել է ՎՏԲ բանկի մասնաճյուղը, որի գլխավոր հաշվապահը, սակայն, չցանկացավ գաղտնազերծել շահած գումարների չափը: Հարցին, թե ինչո՞ւ է թաքցնում, ասաց, որ դրա մասին ասելու իրավունք չունի: Իսկ թե ով է արգելել բաց ու թափանցիկ խաղարկության շահումների մասին լռություն պահպանել՝ չասաց:

5000-ական դրամի երկու շահում գրանցվել է «Կոնվերս», իսկ մեկ՝ «Առեքսիմ» բանկերի մասնաճյուղերում: Մնացած բանկերի գլխավոր հաշվապահների պատասխանը նույնն էր՝ առայժմ շահողներ չեն դիմել:

320 հատ ՀԴՄ կտրոն ունեցող, Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում աշխատող էջմիածինցի մի երիտասարդ խոստովանեց, որ կարողացել է «թիվը խփելով» կտրոնները պահել իրեն: Հույս է ունեցել, որ եթե ոչ շատ, ապա գոնե մի 10 կտրոն կշահի: Խաղարկությանը մասնակցել են ողջ ընտանիքով, որ հասցնեն դուրս եկած թվերը գրել, բայց ոչինչ չշահած երիտասարդն այժմ մտածում է, որ հերթական անգամ միամտություն է արել՝ հավատացել է պետական կառույցներին:

Էջմիածնի խանութներից մեկի սեփականատեր Գագիկ Ղազարյանն էլ է հավատացել, որ խոշոր շահումներ լինելու են: Ի տարբերություն շատերի, իր խանութից օգտվողները, որոնք հիմնականում տվյալ թաղամասի բնակիչներն են, պարտադիր վերցրել են կտրոնները, բայց որեւէ մեկից դեռ աչքալուսանք չի լսել: Որպես խանութպան, քիչ հավանական է համարում ՀԴՄ կտրոններով շահելու հավանականությունը:

ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

21 խախտում՝ 1,720 միլիոն դրամ

ՀՀ պետեկամուտների կոմիտեի Սյունիքի մարզային կառույցի վերահսկողության եւ գանձումների բաժնի տեսուչները պարբերաբար այցելում են կանխիկ դրամով առեւտուր կատարող կետեր, քանի որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ստացել: Կապանի տարածքային հարկային տեսչության պետ Արման Մարգարյանից տեղեկացանք, որ հունվարին ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման վերաբերյալ 21 ակտ է կազմվել, ինչի արդյունքում պետական բյուջե է գանձվել 1,720 միլիոն դրամ տուգանք: Արման Մարգարյանը հավաստիացրեց, որ հարկային ծառայությունը հետեւողական է լինելու եւ խախտում կատարողների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառելու:

Կապանի որոշ խանութներում վաճառողները դեռ շարունակում են գնորդներին ճանապարհել առանց ՀԴՄ կտրոնների: Քաղաքի առեւտրի կետերում ՀԴՄ կտրոնը տրամադրում են միայն հաճախորդների պահանջից հետո, ինչն էլ վաճառասրահի հակառակ կողմում կանգնածների դժգոհությունն է առաջացնում: Քիչ չեն դեպքերը, երբ վաճառողները գնորդին հարցնում են՝ «վիճակահանությանը մասնակցելո՞ւ եք, եթե ոչ՝ հենց այնպես կտրոն չտպեմ»: Որոշ գնորդներ նման հարցից հետո ամաչում են կտրոնը վերցնել:

Արման Մարգարյանը տեղեկացրեց, որ ամեն ինչ անելու են, որ Կապանի ցանկացած առեւտրի կետից հաճախորդները հեռանան ՀԴՄ կտրոնով: Տեսչությունը շարունակելու է խիստ վերահսկողություն իրականացնել:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել