Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ «ԽՓԵԼ» ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԳՈՐԾԻՆ

Փետրվար 19,2009 00:00

Նրանց կարծիքով՝ իրենց «արդար» ճանապարհով վաստակած փողին ոչինչ չի սպառնում

Համաշխարհային ճգնաժամը ազդել է ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի վրա: Ճգնաժամի հետեւանքով բազմաթիվ մեծահարուստներ խենթացել են՝ կորցնելով միլիարդներ ու նույնիսկ մահացել: Փառք աստծո, Հայաստանում նման դեպքեր չեն արձանագրվել, սակայն հայ մեծահարուստների կողքով էլ ճգնաժամը հենց այնպես չի անցել, շատերը սնանկացել են, որի հետեւանքով դարձել են ահավոր նյարդային: Ենթադրվում էր, որ ճգնաժամն ազդելու է բոլոր ոլորտների վրա, բայց պարզվում է, որ հայ մարմնավաճառների ծավալած գործունեության վրա վերջինիս ազդեցությունը դրական է եղել: Մոտ երկու ամիս առաջ ամերիկյան պոռնոինդուստրիայի ներկայացուցիչները դիմել էին ԱՄՆ-ի կառավարությանն ու Կոնգրեսին՝ խնդրելով $5 միլիարդ տրամադրել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու համար: Հայտարարության հեղինակները նշել էին, որ վերջին ամիսներին պոռնոսկավառակների վաճառքից ու վարձույթի տրամադրումից ստացվող եկամուտները (տարեկան $13 միլիարդ) նվազել են 22%-ով, եւ ամերիկացիներն այժմ գերադասում են պոռնոգրաֆիկ նյութեր գտնել ինտերնետի անվճար կայքերում: Պոռնոմագնատները նաեւ մտահոգություն էին հայտնել, որ ճգնաժամը ազդում է մարդկանց սեքսուալ ակտիվության վրա եւ վնասում առողջությանը: Վերջիններս անարդարացի էին համարել, որ կառավարությունը չի աջակցում պոռնոինդուստրիան փրկելու գործին: Պոռնոմագնատներն իրենց պահանջն արդարացնելու նպատակով ասել էին, որ երբեք հնարավոր չէ ապրել առանց սեքսի: Թե ինչպեսին է վիճակը Հայաստանում՝ կապված պոռնոինդուստրիայի հետ, վիճակագրություն չունենք, բայց տեղեկացել ենք, որ հայ մարմնավաճառների մի մասը սկսել է աշխատել 20%-անոց զեղչերի համակարգով:

Իսկ մեզ հետ զրուցած մարմնավաճառները պնդում էին, որ ճգնաժամը վատ իմաստով չի ազդել իրենց վրա: «Ճգնաժամը չի ազդել մեզ վրա, ընդհակառակը, մեր գործն ավելի է շատացել, որովհետեւ մարդիկ, կորցնելով իրենց միլիոնները, նյարդային են դարձել, իսկ նյարդերը հանգստացնելու համար սկսել են ավելի հաճախ մեզ դիմել: Կոնկրետ ես, եթե նախկինում սպասարկում էի օրական 3-4 հոգու, այժմ կլիենտներս եռապատկվել են, բայց չեմ կարծում, թե ես հմտացել եմ իմ գործում: Այս ամենը կապում եմ ճգնաժամի հետ: 35 տարեկան եմ, 14 տարեկանից փողոցում եմ, գիտակցում եմ, որ վատ բան եմ անում՝ մարմինս վաճառելով, բայց դա չի նշանակում, որ սիրտ չունեմ, ու կլիենտն ինչպես ուզի կվարվի ինձ հետ: Վերջին 2 ամսում զգացել եմ, որ տղամարդիկ մի տեսակ փոխվել են, հիստերիկ դարձել ու շատ կոպիտ են վարվում մարմնավաճառների հետ, բայց չեմ նեղանում ու այդ ամենը կրկին կապում եմ ճգնաժամի հետ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Նադյան: 31-ամյա Նանուշի ձեւակերպմամբ էլ, ճգնաժամը չէր կարող ազդել իրենց վրա՝ մի պարզ պատճառով. «Մենք մեր մարմինն ենք վաճառում, իսկ դրա դիմաց ստացած փողը արդար է, իսկ արդար ճանապարհով վաստակածը երբեք չի կորչում: Ճգնաժամի հետեւանքով տուժել են միայն այն մարդիկ, որոնց «մեշոկներով» կուտակած փողերը ձեռք էին բերվել կեղտոտ ճանապարհներով, այսինքն՝ նրանք գողացել էին խեղճ ու կրակներից, պետբյուջեից, ինձնից ու ձեզնից: Հաճախորդներիս մեջ կան պաշտոնյաներ, խոշոր օբյեկտների տերեր, որոնց մոտ գնում եմ ընկերուհիներիս հետ, նրանց տղայական խնջույքները թեժացնելու համար: Վերջերս նրանց հետ շփվելիս զգացել եմ, որ մի տեսակ խեղճացել են, փողի պակասը նրանց ճնշում է, իսկ երբ հարբում են՝ իրենց վայրենիների պես են պահում: Հիմա ավելի հաճախ են խնջույքներ կազմակերպում, ավելի շատ հարբում, հարբած ժամանակ էլ սկսում են հայհոյել ԱՄՆ-ին ու Օբամային»: Մեր զրույցին միջամտած մարմնավաճառներից թերեւս ամենազարգացածը 38-ամյա Անոն էր, որը ուներ տնտեսագիտական բարձրագույն կրթություն: Նա իր ձեւով մեկնաբանեց ճգնաժամի պատճառներն ու դրանում մեղադրեց միայն ՀՀ վարչապետին: «Մարմնավաճառների պահանջարկը մեծացել է: Մեզ դիմում են տարբեր տարիքի տղամարդիկ, սկսել են նույնիսկ թեյավճար թողնել: Այն գործին, որով մենք ենք զբաղվում, ոչինչ չի սպառնում: Ինչ ճգնաժամ էլ լինի, միեւնույն է, սեռական ցանկություններն անհնար է չբավարարել՝ փող չունենալու պատճառով: Եթե տղամարդիկ ու հատկապես նրանք, որոնք ամուսնացած չեն, ընկերուհի չունեն, որի հետ կարող են սեռական հարաբերություններ ունենալ, չդիմեն մեզ իրենց ցանկությունները բավարարելու համար, ստիպված վատ արարքներ կգործեն, օրինակ՝ կդիմեն բռնաբարության, որի համար տարիներով կփակվեն բանտերում: Սեռական ցանկությունները հնարավոր չէ անընդհատ զսպել, այդ կերպ տղամարդը իմպոտենտ կդառնա, բայց մեր ազգին դեռ զավակներ են պետք: Քանի դեռ մեր պահանջարկը կա, առաջարկն էլ գնալով կթանկանա»: Մարմնավաճառների հետ շփվելիս հարցրինք, թե ինչ են մտածում ՀԴՄ-ների մասին, ինչ կանեն, եթե պետությունն իրենց էլ ստիպի մատուցված ծառայության դիմաց ՀԴՄ կտրոն տալ հաճախորդին: Հարցը նրանց չզարմացրեց, որովհետեւ, վերջիններիս փոխանցմամբ, ոստիկաններն իրենց ասել էին, թե իբր առաջիկայում այդպես է լինելու: Նրանցից ամենահամարձակը, իր խոսքով՝ «հարցեր լուծող» 46-ամյա Հայկուշը, որը ստանձնել էր մարմնավաճառների օմբուդսմանի դերը՝ ասաց. «Մենք մեր քաղաքում ազատ տեղաշարժվելու իրավունք ունենք, որտեղ կուզենք՝ կկանգնենք, ում հետ կուզենք՝ կխոսենք ու ընդհանրապես ոչ մի ՀԴՄ էլ չենք օգտագործի: Մեր ՀԴՄ-ները միլիցեքն են, որոնց նալոգ ենք տալիս կանգնելու համար: Մյուս կողմից էլ մեր համար տարբերություն չկա, թե փողն ում ենք տալիս՝ միլիցուն, թե պետությանը: Բայց դե, հո այդ սարքերը գրկած ման չե՞նք գալու, կամ էլ կարող ա՞ գործարան ենք աշխատացնում, որ պետությանն էլ հարկ տանք: Միլիցուն տալիս ենք, որ մեզ լավ նայի, բան ասող չլինի, իսկ ՀԴՄ-ով աշխատելուց երեւի օրական հարկայինից 100 հոգի կգա, ու ընդհանրապես ո՞նց են ստուգելու, թե քանի կլիենտի ու ինչ ձեւով ենք սպասարկել»: 21-ամյա Աչոնն էլ (Լիաննան), որն աշխատում էր Հայկուշի «դաբրոյով», ասաց, որ ինչ օրենք էլ հանեն՝ միեւնույն է, իրենց բան ասող չի լինի, որովհետեւ. «Ես ՀՀԿ անդամ եմ, այնտեղ ախպեր տղեք կան, որ սաղ հարցերն էլ կլուծեն: Ոչ մի ՀԴՄ էլ չենք օգտագործի: Չհասկացանք, մի երկու կոպեկ փող տան, մեզ հետ ոնց ուզեն վարվեն՝ հերիք չի, դեռ մի հատ էլ ՀԴՄ կտրոն տանք, իրանք էլ խաղարկության մասնակցեն ու մեր հաշվին շահե՞ն: Տենց բան չի կարա լինի: Խորհուրդ կտամ այդ օրենքը հանողները մի քիչ մտածեն, որովհետեւ օրական իրանք են մեզ դիմում, ոչ թե մենք իրանց: Ստացվում ա, որ այդպես իրանց տված փողը իրանց գրպանը կմտնի: Այսինքն՝ մենք պիտի ձրի իրանց համար աշխատե՞նք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728