Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները նրանցով չեն հետաքրքրվում

Փետրվար 21,2009 00:00

Կապանի հատուկ դպրոցում սովորող շատ երեխաների ծնողներ տարիներով իրենց հաշմանդամ երեխաներին այցելության չեն գալիս:

«Մայրս ինձ ասել է, որ ինձ տուն չի տանում, քանի որ ապրելու գումար չունենք, նրանց շատ եմ խնդրում գոնե այստեղ ինձ տեսության գան, սակայն չեն գալիս: Ոչ մի բարեկամ չունեմ եւ ծնողներիս շատ եմ կարոտում: Շատ եմ ուզում բժիշկ դառնալ, որ այստեղից դուրս գամ՝ անպայման բժշկություն կսովորեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 19-ամյա Հ. Ք-ն: Աղջիկն արդեն 5 տարի ապրում է Կապանի հատուկ դպրոցում: Նա այստեղ է եկել երեխաների կողմնորոշման կենտրոնից:

Հատուկ դպրոցի տնօրեն Ռիտա Դավթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ աղջկա ծնողները մի անգամ եկել են, որ երեխային տուն տանեն, սակայն կողմնորոշման կենտրոնից իրենց խորհուրդ են տվել երեխային ծնողների հետ տուն չուղարկել, քանի որ փաստաթղթերում էլ գրանցված է, թե ինչպես է երեխայի հայրը մանկահասակ աղջկան ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել: Ըստ տիկին Դավթյանի, աղջկա հայրը մեկ տարի առաջ թոքաբորբից մահացել է, սակայն երեխան այդ մասին չգիտի. «Երեխայի հետ վատ է վերաբերվել միայն հայրը, եւ քանի որ նա մահացել է, որոշել եմ ամռանը աղջկան տանեմ իրենց տուն, թող մոր հետ ապրի»: Հ. Ք-ի խոսքերով, հայրն ու մայրը ժամանակ առ ժամանակ զանգել եւ հետաքրքրվել են իրենով, բայց այցելության երբեք չեն եկել:

Ծնողներին շատ է ուզում գտնել նաեւ 25-ամյա Արամ Նեպաչատին. «Ծնողներիս մասին տեղեկություն չունեմ, շատ եմ ցանկանում հետաքրքրվել նրանցով, արդյոք կա՞ն, ո՞ւր են: Հիմա չեմ կարող ասել, եթե նրանց գտնեմ՝ կուզենա՞մ իրենց հետ ապրել, թե՝ ոչ, ավելի շատ կուզենայի ծնողներիս ճանաչել, որովհետեւ նրանց նկատմամբ հարազատական ոչ մի զգացմունք չունեմ, չեմ էլ կարոտում»: Արամի պատմելով, նա Կապան է եկել Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցից: Տնօրենը, տեսնելով, որ նա իրեն լավ է դրսեւորում, դպրոցում 30 հազար դրամով բանվորի աշխատանք է տվել, 8 հազար դրամ էլ թոշակ է ստանում եւ կարողանում է ինքն իրեն պահել: Ռ. Դավթյանը մեզ պատմեց, որ մոտ մեկ տարի առաջ Մուրադ անունով մի կապանցի Արամին համոզել էր վարձատրությամբ մի քանի ամիս սարում իրենց ոչխարները պահել. «Ես էլ հետաքրքրվեցի, թե իմ երեխան ում մոտ է գնում աշխատելու, պարզվեց՝ նորմալ մարդիկ են ու չառարկեցի: Մի քանի ամիս աշխատեց, սակայն անհայտ պատճառով ոչխարներից մեկը սատկել էր ու Արամին վռնդել էին՝ առանց գումարը տալու, ասել էին, թե ոչ մի գումար էլ չես ստանա, մի քանի ամիս անվճար կերել-խմել ես: Վարձատրության չափը կազմում էր 80 հազար դրամ, տեսա, որ այդ գումարը վերցնելը իմ ուժերից վեր է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջամտությամբ գումարը ստացանք»:

Տնօրենի խոսքերով, Կապանի հասարակությունը շատ վատ է ընդունում հատուկ կարիքավոր երեխաներին. «Ամենամեծ խնդիրն այն է, որ առաջին հերթին հասարակությունը պետք է նման մարդկանց տեր կանգնի, հետո նոր միայն պետությունից պահանջի»:

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում այս պահին սովորում են մոտ 90 հատուկ կարիքավոր եւ 37 երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ու երիտասարդներ: Նրանք դպրոցում հիմնական կրթություն ստանալուց բացի, խոհարարություն ու դպրոցի սեփական հացի փռում հաց թխել են սովորում:

«Մեզ մոտ սովորում են նաեւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք չեն կարող ինքնուրույն ապրել: Ծրագրեր շատ ունեմ եւ ցանկանում եմ դրանք Կապանում իրագործել, ասենք՝ մի հովանավոր գտնեմ, որ մի տան մեջ կկարողանա 8-10 երեխայի պահել, որտեղ պետք է լինեն դաստիարակներ, պահակներ եւ այլն: Մի քանի տարի այդ տանը ապրելուց հետո նման երեխաների խնամքով պետք է զբաղվի պետությունը, չեմ կարծում, որ այս ամենի համար լուրջ ծախսեր կպահանջվեն, այսօր ամբողջ աշխարհում այդ ուղղությամբ են գնում եւ ոչ մի տեղ 2-3 հարյուր երեխայի մի տարածքում չեն պահում: Աշխարհում ամեն տարի նոր ծնված երեխաների 10%-ը հատուկ կարիքավոր են, եթե ոչ պետությունները, ապա էլ ո՞վ նրանցով պիտի զբաղվի»,- ասաց Ռ. Դավթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել