Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՆՔ

Փետրվար 21,2009 00:00

Պարզվում է, կան այնպիսի չափորոշիչներ, այնպիսի մեթոդոլոգիա, որոնք կիրառելով՝ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը (ԼԿԻ) եզրակացրել է, որ, ասենք, մի հայհոյախոս լրատվամիջոց մի քանի աստիճանով ավելի հանդուրժողական է, քան «Առավոտը»:

2008 թ. նոյեմբերին երկու շաբաթվա ընթացքում ԼԿԻ-ն անցկացրել է հայաստանյան հինգ թերթերի եւ հինգ կայքէջերի մոնիտորինգ: Մինչ այդ, երկար փնտրել է հանդուրժողականության սահմանումը: Չգտնելով՝ սահմանել է անհանդուրժողականությունը, ու որոշել է չափել այդ թերթերի ու կայքէջերի թվով 2347 հոդվածները: Արդյունքում պարզվել է, որ ամենահանդուրժողականը «Հայաստանի Հանրապետությունն» է՝ 83%: Սա հասկանալի է. «ՀՀ»-ն գրեթե 80%-ով պաշտոնական տեղեկատվություն է պարունակում: Նրան հետեւում են «Ա1+»-ը, «Նովոե վրեմյան» եւ այլն: «Առավոտը» վերջից երկրորդ տեղում է:

Սակայն «Առավոտը» վերջին տեղերում է նաեւ «ծաղր, հեգնանք, վիրավորանք եւ պիտակավորում պարունակող» հոդվածների քանակով: Այսինքն, այն լրատվամիջոցները, որոնք ծաղրի, վիրավորանքի շատ ավելի մեծ քանակ են պարունակում, քան «Առավոտը», շատ ավելի հանդուրժող են:

Անչափ հետաքրքիր այս մեթոդոլոգիան կիրառողներից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս կարծում են, որ, ասենք, այն ԶԼՄ-ն, որի անունը չենք ուզում տալ, ավելի հանդուրժող է: Այս հարցից հետո մեր անկախ ու անաչառ փորձագետները սկսեցին պարզաբանել, որ՝ այո՜, շատ զարմանալի է, որ այդպես է, բայց մենք բովանդակությունը չենք չափում, այլ ձեւը(՞՞՞՞), եւ մեր գործիքները այդպիսի արդյունք են ցույց տվել եւ այլն, եւ այլն…

Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ այդ զարմանալի գործիքներով առաջնորդվողները որոշեցին նաեւ խորհուրդներ տալ լրատվամիջոցներին, թե ինչպես պետք է աշխատել, եւ ինչպես պետք է չաշխատել՝ ավելի հանդուրժող լինելու համար: Մենք, սակայն, նախընտրում ենք աշխատել այնպես, ինչպես նախկինում. թող որ համարվենք անհանդուրժողական, փոխարենը՝ հայհոյանքներն ու անձնական վիրավորանքները մեր թերթում տեղ չեն ունենա այսուհետեւ եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել