Լրահոս
Օրվա լրահոսը

Թեթեւակի միաձուլվել են

Փետրվար 24,2009 00:00

Սամվել Բաբայանն ու Ալբերտ Բազեյանն առայժմ գերադասում են անկուսակցական մնալ

Շաբաթ օրը տեղի ունեցավ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության 18-րդ համագումարը: Ակնկալվում էր, որ այն լինելու է կուսակցության դրոշի տակ միավորված չորս կուսակցությունների՝ ՀՌԱԿ, «Դաշինք», «Ազգային վերածնունդ» եւ ՀԱԱԿ, այսպես ասած, հիմնադիր համագումարը: Սակայն ակնկալիքները չարդարացան, քանի որ ՀՌԱԿ համագումարին չէին մասնակցում Սամվել Բաբայանը՝ նախկին «Դաշինք» կուսակցության ղեկավարը, եւ Ալբերտ Բազեյանը՝ նախկին «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավարը: «Նրանք կուսակցական չեն, նրանք հրավերքներ ստացել են, իրենց բոլոր կառույցները մեզ միացած են, արդարադատության նախարարությունը գրանցել է: Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը հանդիսանում է «Դաշինք», «Ազգային վերածնունդ», ՀԱԱԿ իրավահաջորդը»,- լրագրողների տարակուսանքն այսպես փարատեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ են պարոնայք Բաբայանն ու Բազեյանը հապաղում անդամագրվել ՀՌԱԿ-ին, պարոն Առաքելյանն այսպես արձագանքեց. «Իրենք իմ ընկերներն են: Մնում է հիմա պլակատ բռնեմ՝ մա՞ն գամ: Ես գիտեմ՝ ինչո՞ւ չեն եկել. զբաղված էին, չէին եկել»: Նաեւ պարզաբանեց՝ «Իրենց ընկերները բոլորն այստեղ ներկա են, համեցեք, ցույց տամ: Կուսակցական դառնալը շատ անձնական հարց է: Նույնիսկ ես ընկերոջս փոխարեն չէի ուզենա մեկնաբանել»: Ինչ վերաբերում է ՀՌԱԿ համագումարի հետ կապված սպասումներին, թե այն կարող է լինել հիմնադիր կամ միավորիչ, Հարություն Առաքելյանն ասում է. «17 տարի գործում է ՀՌԱԿ-ը, նոր հիմնադրվելու ոչ օրինական, ոչ տրամաբանական պահանջ կա: Միավորիչ համագումարը դուք եք հնարել՝ լրատվամիջոցները: Այսօր ՀՌԱԿ-ն անում է իր հերթական համագումարը: Անունը ինչ ուզում եք՝ դրեք»:

«Առավոտի» հետ զրույցում Ալբերտ Բազեյանը հետեւյալ պարզաբանումները տվեց. «Մենք համագումարի պատվիրակներ չէինք, քանի որ չենք անդամագրվել ՀՌԱԿ-ին: Մենք այն ժամանակ հայտարարեցինք, որ կարեւորում ենք քաղաքական դաշտի գաղափարական համախմբումը, այդ հիմքով կուսակցությունների խոշորացումը ու գնացինք այդ քայլին՝ չցուցաբերելով որեւէ անձնական հավակնություն՝ կուսակցության ղեկավար կազմին անդամակցելու: Քայլն արեցինք, եւ այժմ ՀՌԱԿ-ն իրավական առումով այդ երեք կուսակցությունների իրավահաջորդն է: Այդպիսով նաեւ հասարակությանը, քաղաքական այլ գործիչների փորձեցինք բերել համոզման, որ սա է նորմալ քաղաքական դաշտ ձեւավորելու եւ իրական պայքար տանելու ճանապարհը»: Իսկ ի՞նչն է պատճառը, որ առաջին դեմքերը, այնուհանդերձ, հապաղում են ՀՌԱԿ-ին անդամագրվել: «Ես իմ անունից կարող եմ ասել՝ այս փուլում կուսակցական գործունեությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Սամվել Բաբայանն էլ՝ իր որոշելիքն է: Կարող է ընդհանրապես կուսակցական չդառնալ: Եթե ակտիվ քաղաքականությամբ չենք զբաղվում, պարտադի՞ր է որեւէ կուսակցության անդամ լինենք: Կուսակցությունը մեզ համար ինքնանպատակ չէ, ոչ էլ ղեկավար լինելու համար է: Այլապես, ունեինք մեր կուսակցությունները, կպահեինք ու մի քանի տասնյակ այլ կուսակցությունների նման գործունեություն կծավալեինք այնքանով, որքանով կհաջողվեր: Մենք ակնկալիքներ ենք ունեցել ավելի լայն քաղաքական գործընթացի, ինչն այս փուլում չի հաջողվել, բայց օրինակը տվել ենք. լավ կլիներ, որ մնացյալ քաղաքական ուժերն էլ մտածեին համախմբման մասին: Ի՞նչ հակասություններ պիտի լինեին, եթե չենք կարեւորում մեր կարգավիճակը որեւէ կուսակցության մեջ»,- ասում է Ալբերտ Բազեյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել