Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԱՅՐ ՉԵՆ ԴՆԻ

Փետրվար 24,2009 00:00

Սակայն «Ժառանգությունը» կարող է նորից վերադառնալ այս հարցին

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի փետրվարի 21-ի նիստում, ինչպես եւ կանխատեսվում էր, որոշվել է «Ժառանգություն» խմբակցության անդամների մանդատների վայր դնելը «քաղաքական ներկա փուլում համարել ոչ նպատակահարմար եւ կոչ անել խմբակցության պատգամավորներին՝ ծավալել խորհրդարանական էլ ավելի ջանադիր գործունեություն»: Խորհուրդը միաժամանակ իրեն իրավունք է վերապահել «վերադառնալ այս հարցին, եթե մանդատների վայր դնելը վերջին հնարավորությունը լինի՝ հասնելու Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատման եւ իրական բարեփոխումների իրագործման»:

Որպես որոշման հիմնավորում, մասնավորապես, նշված է, թե Հայաստանում առկա ներհասարակական ճգնաժամի պայմաններում «ավելի կարեւոր է դառնում երկրում օրինականության եւ արդարության հաստատման համար պայքարի համընդգրկուն եւ համալիր բնույթը, օրենսդիր մարմնում երկրի կարեւորագույն այս հարցերի շուրջ ընդդիմության դիրքորոշման պաշտպանությունը եւ տեսակետների արտահայտումը»: «Ժառանգությունը» նաեւ հաստատում է, թե մնում է «մասնակցային գործելաոճի ջատագով» եւ կարեւորում «ընտրողների ձայները պաշտպանելու գործում՝ բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներում ընդդիմության կողմից ներկայացված գոնե մեկ անդամի առկայության անհրաժեշտությունը»: Խորհուրդը նաեւ բարձր է գնահատել «Ժառանգություն» խմբակցության գործունեությունը: Մանդատներից չհրաժարվելու մյուս հիմնավորումն է, որ խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը գիտակցում է «ընտրողների առջեւ պատասխանատվությունը եւ վստահության մանդատի իրացման կարեւորությունը»: Բացի այդ՝ համակողմանիորեն ուսումնասիրել են «քաղաքական ներկա փուլում մանդատները վայր դնելու հետեւանքները, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում վճռորոշ փոփոխություն մտցնելու առումով ընդդիմության անխուսափելի թուլացման հավանականությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել