Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ԳԻՆԵՍԱԿԻՐ» ԱՎԵՐԱԿ ԴՊՐՈՑ

Փետրվար 24,2009 00:00

Կրթօջախի անունը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում, սակայն «որբի» կարգավիճակում է հայտնվել սեփական երկրում

\"\"Դպրոցի «երկու դեմքը»՝ վեհաշուք՝ դրսից եւ…

 

\"\"…խղճուկ՝ ներսից:

Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցը արտաքինից շատ վեհ, գեղեցիկ տեսք ունի, բայց դա խաբուսիկ է եւ ներսից բոլորովին այլ պատկեր է բացվում: «2004-ից սկսած, դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթացել: Սկզբում վերանորոգվել է տանիքը, փոխվել են պատուհանները, անցկացվել է լոկալ ջեռուցում, ամեն բան լավ էր ընթանում մինչեւ սկսվեց վերանորոգման երկրորդ փուլը, սակայն այդպես էլ աշխատանքները մնացին անավարտ՝ գումարի քիչ լինելու պատճառով: Նախատեսված էր միջնածածկի փայտե ամրացում անել, բայց ես դեմ եղա, որովհետեւ չեմ կարծում՝ մեր պետությունն այնքան հարուստ է, որ 10 տարին մեկ վերանորոգման աշխատանքներ կատարի, փայտով ամրացումը ժամանակավոր բան կլիներ: Ստիպված եղանք նախագիծը փոխել եւ ամրացումը դարձնել երկաթբետոնե, սակայն կառավարությունը գումարը փոխանցել էր փայտի համար եւ այն չբավականացրեց: Մեր շենքը 70 տարվա պատմություն ունի, եթե երկաթբետոնե ամրացումը ավարտին հասցվի, եւս 70 տարի կյանք կունենա»,- «Առավոտի» հետ զրույցում հարազատ դպրոցի «ոդիսականը» ներկայացրեց տնօրեն Սուսաննա Նազարյանը:

Դպրոցը բաղկացած է 3 մասնաշենքից եւ արդեն մեկ տարուց ավելի է՝ 27 դասարան ունեցող գլխավոր մասնաշենքը գտնվում է ավերակ ու անմխիթար վիճակում, ինչի պատճառով դարձել է անօգտագործելի: Այս դպրոցն աշակերտների թվաքանակով Արմավիրի մարզում ամենամեծն է՝ ունի 1081 աշակերտ, եւ արդեն մեկ տարի 1081 երեխա դասերն անցկացնում է երկու փոքր մասնաշենքում: Տնօրենի փոխանցմամբ, դպրոցում դասերն անցկացվում են եռահերթ՝ ժամը 9.30, 13.10, 14.05: «Դասերն ավարտվում են 19.30 եւ վերջին դասաժամերն անցկացվում են բանավոր, որովհետեւ շինարարական աշխատանքների պատճառով դասասենյակների մեծ մասի էլեկտրալարերն անջատված են, եւ քանի որ լուսավորություն չկա, կարելի է ասել՝ վերջին դասերն անցնում են կիսախավար պայմաններում»,- ասաց տնօրենը: Էջմիածնի թիվ 2 դպրոցում արդեն մեկ տարի «ցտեսությունը» իր տեղը զիջել է «բարի գիշերին»՝ երրորդ հերթի աշակերտները դպրոցից տուն են գնում, երբ արդեն մութ է:

Այս վիճակը չեն կարող հանդուրժել նաեւ ծնողներն ու աշակերտները: «Մեկ տարի է՝ ամեն օր, բան ու գործներս թողած, երեկոյան դպրոց ենք գնում, որ երեխաներին տուն տանենք, հազար փորձանք կա, ամեն անգամ վախենում ենք, որ փողոցն անցնելիս երեխաների հետ կարող է դժբախտ դեպք պատահել: Եթե դպրոցը բարի համբավ չունենար, վաղուց մեր երեխաներին ուրիշ դպրոց կտեղափոխեինք»,- դժգոհեց մի ծնող: Այս դպրոցը հեղինակություն ունի՝ գիտեն բոլոր էջմիածինցիները, նույնիսկ 2008 թ. ապրիլի 23-ին կրթօջախը հայտնվել է «Գինեսի» գրքում: Այդ օրն ամբողջ աշխարհում անցկացվել է համաշխարհային դաս՝ ընդդեմ անգրագիտության: Եվ ՀՀ-ից հենց Էջմիածնի թիվ 2 դպրոցը, մասնակցելով «Դարձ դեպի դպրոց» միասնական թեմայով դասի կազմակերպմանը, հայտնվեց «Գինեսի» գրքում եւ այդ առիթով դպրոցին ուղարկվել է «ռեկորդակրի» վկայականը:

«Չեմ կարող թաքցնել, նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն է մտահոգված այս խնդրով, բազմիցս ես եմ դիմել տարբեր ատյանների, սակայն արձագանքներ չկան: Վերանորոգվում են ավելի բարվոք վիճակում գտնվող դպրոցներ, իսկ մեր դպրոցը, որ կիսատ թողած շինաշխատանքների պատճառով լուրջ վտանգ է ներկայացնում, չի վերանորոգվում: Մեծ հույսեր ունեմ, ովքեր մեր այս վիճակը տեսել են, մանավանդ՝ եթե խոսքը երեխաների անվտանգությանն է վերաբերում, մի ելք կգտնեն: Դպրոցի վիճակը սարսափելի է նաեւ աշխատանքային ռեժիմի պատճառով, չգիտենք որ դասարանը 1-ին հերթ գցենք, որը՝ 3-րդ»,- ավելացրեց Ս. Նազարյանը: Շինաշխատանքներն իրականացնում էր «Խաչատրյան բիլդինգ» ընկերությունը, որն, ըստ տնօրենի, բարեխիղճ կատարել է իր պարտականությունները. «Մեղավորներ փնտրելու տեղ չկա, խոսքը միայն գումարի պակասն է, բայց ամեն դեպքում, կարծում եմ, աշխատանքները չպիտի դադարեցվեին»: Տնօրենի ասելով, ամրացման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել էր 60 մլն դրամ, սակայն այդ գումարը «ջուրն ընկավ», երբ ամիսներ առաջ Փարաքարից քիչ հեռու երկրաշարժ գրանցվեց: Ցնցումները վնաս են հասցրել նաեւ առանց այդ էլ վթարային դպրոցին ու նոր ճաքեր առաջացրել: Դրանից հետո սեյսմոլոգները կտրուկ արգելել են գլխավոր մասնաշենքում դասեր անցկացնել: Թե այս վիճակը ինչքան կշարունակվի՝ Սուսաննա Նազարյանը չկարողացավ հստակ պատասխան տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728