Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 26,2009 00:00

ՍՊԱՆՎԵՑ ԿԳԲ-Ի ԳԵՆԵՐԱԼԸ

Կիրակի օրը Մոսկվայում սպանվեց Անվտանգության դաշնային ծառայության պաշտոնաթող գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոգաչովը, որը ժամանակին զբաղեցնում էր Դաշնության խորհրդի խոսնակ Եգոր Ստրոեւի խորհրդականի պաշտոնը եւ նրա նախկին փեսան էր: Իրավաբանները արձանագրել են, որ Ռոգաչովը դարձել է պատվիրված սպանության զոհ, բայց չեն մանրամասնել սպանության վարկածները: Ռոգաչովի սպանությունը համընկավ նրա նախկին ազգականների կյանքում լուրջ փոփոխությունների հետ, գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Անցած շաբաթ Ստրոեւը հրաժարվել է Օրոլի մարզի նահանգապետի պաշտոնից, իսկ նրա աղջիկը՝ Մարինան, սպանված գեներալի նախկին կինը, վայր է դրել Դաշնային խորհրդի անդամի իր իրավասությունները: Ռոգաչովի սպանության հնարավոր վարկածների մասին նախաքննող մարմինները խոսում են մեծ զգուշությամբ՝ հաշվի առնելով, որ նա ոչ միայն աշխատել է հատուկ ծառայությունների, այլեւ ծանոթություններ եւ շփումներ ուներ բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչների եւ գործարարների հետ: ԿԳԲ-ի նախկին սպան իր աներոջ միջոցով բուռն կարիերա անելուց հետո, 2002 թվականին հրաժարական տվեց եւ զբաղվեց բիզնեսով, որտեղ նրա գործերը նույնպես շատ հաջող էին. մասնավորապես՝ նա աշխատել է «Սիստեմա» կոնցեռնի փոխնախագահ, իսկ այնուհետեւ ուներ Օրյոլի մարզում բջջային կապի ընկերության վերահսկիչ փաթեթը, որը հաջողությամբ վաճառել է ԾՁհ-ին: Ըստ որոշ տեղեկությունների, գործարքի գինն էր $110 միլիոն:

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՁԿՆՈՐՍՆԵՐ

\"\"Երեքշաբթի օրը աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որին հենց օդանավակայանից տարել են Տվերի մարզ: Այնտեղ՝ ՌԴ նախագահ Մեդվեդեւի առանձնատանը նրանք վարել են բանակցություններ եւ զբաղվել ձկնորսությամբ: Այդ հանդիպումը պիտի տեղի ունենար դեռեւս փետրվարի 2-ին, սակայն Մոսկվայի եւ Դուշանբեի հարաբերություններն այդ պահին լարված էին, քանի որ Մեդվեդեւը հարեւան Ուզբեկստան այցելելու ժամանակ Տաջիկստանի համար անբարենպաստ հայտարարություններ է արել: Խոսքը այդ երկրում կառուցվելիք Ռոգունի խոշոր ՀԷԿ-ի մասին է, որը կենսականորեն անհրաժեշտ է Տաջիկստանի համար եւ դարձել է կռվախնձոր 2 միջինասիական պետությունների միջեւ: Այժմ Ռահմոնի այցելության ժամանակ այս եւ մի շարք այլ ՀԷԿ-երի վերաբերյալ խնդիրները քննարկվել են, ինչպես ընդունված է ասել, կառուցողական ոճով, քանի որ Դուշանբեն իր կողմից նույնպես որոշակի կռվաններ ունի Մոսկվայի հետ առեւտրում, մասնավորապես՝ Տաջիկստանում է գտնվում ՌԴ թիվ 201 ռազմաբազան եւ տիեզերական օբյեկտներին հետեւելու կենտրոնը: Բացի այդ, Ռահմոնը կարող էր սպառնալ՝ բարձրացնել Դուշանբեի մոտակայքում գտնվող եւ ՌԴ զինուժի կողմից օգտագործվող օդանավակայանի վարձը: Ըստ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների, կողմերը, այնուամենայնիվ, կարողացել են համաձայնության գալ էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ, իսկ ռազմական պայմանագրերի պայմանների վերանայման մասին խոսք ընդհանրապես չի գնացել:

ԿՐԱՎՉՈՒԿԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻՆ

\"\"Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը (նկարում) փետրվարի 24-ի երեկոյան մի շարք հեռուստաընկերություններով դիմել է երկրի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյին: Կրավչուկը կոչ է արել նրան՝ անհապաղ հրաժարական տալ եւ հայտարարել վաղաժամկետ նախագահական ընտրությունների մասին: Կրավչուկի խոսքերով, միայն այդ քայլն է ի վիճակի կանգնեցնել խնդիրների ալիքը, հանգստացնել հասարակությանը եւ ճգնաժամից դուրս գալու իրական ելք ցույց տալ: «Կորցնելով ժողովրդի վստահությունը, գիտակցաբար ձերբազատվելով կառավարությունից, քանդելով պառլամենտական կոալիցիան՝ դուք կորցրել եք այն հիմքը, առանց որի հնարավոր չէ կարգ ու կանոն հաստատել: Իշխանությունը, փաստորեն, կազմալուծված է, իսկ հաղթահարել ճգնաժամը առանց իշխանության անձնվեր մասնակցության՝ անհնարին է: Դրանում է այսօրվա պահի էությունը,- ասված է Լեոնիդ Կրավչուկի ուղերձում:- Ի՞նչ եք դուք արել այս 4 տարվա ընթացքում: Արդյոք անցկացրե՞լ եք որեւէ բարեփոխում: Ոչ: Դուք փոխել եք 4 կառավարություն, որոնք դարձան իշխանության համար ձեր պայքարի պատանդը: Երկու անգամ լուծարել եք Գերագույն Ռադան՝ գցելով երկիրը քաղաքական պատերազմի հորձանուտի մեջ: Ես հստակ տեսա, որ դուք հիմնական ուշադրությունը դարձնում եք ոչ թե Ուկրաինայի խնդիրներին, այլ մտածում եք, թե ինչպես պահպանել իշխանությունը եւ դրա համար պատրաստ եք օգտագործել նույնիսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Ակնհայտ է, որ դուք ձեզ համար ելքը տեսնում եք տնտեսական իրավիճակը եռման աստիճանի հասցնելու մեջ՝ «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Մի՞թե դուք ելքը տեսնում եք արտակարգ իրավիճակ մտցնելու մեջ, որպեսզի այդ ճանապարհով մնաք իշխանության ղեկին»,- Վիկտոր Յուշչենկոյին հարցնում է Ուկրաինայի նախկին նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել