Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՁԸ ՏԱՔԱՑՆՈՂԻՆ Է ԿԾՈՒՄ»

Փետրվար 26,2009 00:00

Նորք- Մարաշ համայնքի հոգեւոր հովիվ տեր Զաքարիան պատասխանում է բարեպաշտ հավատացյալի անունից հանդես եկող նամակագիրներին:

\"\"
Տեր Զաքարիան ճանաչում է մամուլում տպագրված
անանուն նամակի հեղինակներին:

Վերջերս ԶԼՄ-ներին էր ուղարկվել մի նամակ, որը ստորագրված էր «Նորք-Մարաշ համայնքի հավատացյալների, բարեպաշտ ժողովրդի» անունից: Նրանք նամակով դիմել էին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Նամակի հեղինակները պահանջում էին պատժել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Զաքարիա Ավետիսյանին ու ներկայացնում բազմաթիվ մեղադրանքներ նրա դեմ, որոնք, բնականաբար, ձեռնպահ կմնանք հրապարակել, քանի որ տարբեր ԶՄԼ-ներում տպագրված նամակն անստորագիր էր, իսկ մեղադրանքներն ավելի շատ հերյուրանք էին հիշեցնում: Ի դեպ, բողոքավոր նամակագիրները նույն տեքստն արդեն ուղարկել են նաեւ Նորք-Մարաշի թաղապետարան:

Արարատյան հայրապետական թեմի լրատվականից «Առավոտին» հայտնել էին, որ եթե Սրբազանը ընթացք չի տվել հարցին, ուրեմն քահանայի դեմ ուղղված մեղադրանքներն անհիմն են (02.20.

2009, «Իրական հիմք չունեն»):

«Առավոտը» որոշ պարզաբանումների համար հանդիպեց Նորք- Մարաշ համայնքի հոգեւոր հովիվ տեր Զաքարիային:

Նա ասաց, որ մեղադրական հոդվածի հեղինակներին հիանալի ճանաչում է, սակայն անուններ չի հրապարակի՝ նրանց մակարդակին չիջնելու համար. «Ես հոգեւորական եմ եւ իմ բարձունքի վրա պիտի մնամ, թող իրենք շատ լավ իմանան, որ ճանաչում եմ իրենց՝ ընտանիքներով ու գիտեմ, թե մի խումբ հավատացյալները քանի հոգի են՝ հազիվ 10 մարդ: Ցավում եմ, որ երկար ժամանակ ցանկացած հարցով օգնել եմ նրանց, բայց, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ օձը հենց տաքացնողին է կծում»:

Քահանայի խոսքով, զուր է շահարկվում բարեպաշտ հավատացյալ հասկացությունը նամակագիրների կողմից, որովհետեւ նման արարքը հարիր չէ բարեպաշտ քրիստոնյային: «Ես գիտեմ՝ ինչու են ուզում ինձ հեռացնել, որովհետեւ շատ մարդկանց արգելել եմ զեղծարարություններ անել այնտեղ: Եթե անգամ ես էլ չլինեմ, միեւնույն է՝ որեւէ զեղծարարություն չի արվելու, հինգ տարիների ընթացքում իմ հնարավորությունների սահմաններում կարողացել եմ ամեն բան կարգավորել: Այդ մարդիկ իրենց անվանում են բարեպաշտ հավատացյալներ, մինչդեռ՝ խաչը վկա, ես որեւէ անգամ չեմ տեսել նրանց եկեղեցում, չի եղել, որ գան ու ասեն՝ տեր հայր, սուրբ սեղանի վարագույրը քանի տարի կախված է ու գույնը փոխել է, ուզում ենք տանել- լվանալ կամ պատերն աղակալված են, ուզում ենք մաքրել, որ եկեղեցին ավելի վառ գույներով ընդունի հավատացյալներին: Այդ մարդիկ, քիչ է՝ եկեղեցի չեն գալիս, դեռ ամբողջ օրն էլ զբաղված են թղթախաղով: Նրանց պարագլուխը շատ անգամ է ինձ ասել՝ էնպես մի արա, որ գրավոր դիմենք թեմի առաջնորդին՝ հարցերդ լուծելու համար: Արդեն հինգ տարի շարունակ, տարվա մեջ 2-3 անգամ այս խոսակցությունը գնում է»,- նշեց տեր Զաքարիան:

Նրան հարցրինք՝ խոսքն արդյո՞ք Արմենակյան ընտանիքի մասին է, մանավանդ տարիներ առաջ Ա. Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցի տնօրեն Արմենուհի Արմենակյանը սպառնացել էր նույն հոգեւորականի գլուխը ջարդել, որովհետեւ վերջինս փորձել էր ընդդիմանալ աղանդավոր ուսուցիչների գործունեությանը դպրոցում («Առավոտ», 11.27.2007):

Քահանան հավաստիացրեց, որ Արմենակյանները կապ չունեն այս պատմության հետ, նորմալ հարաբերությունների մեջ են, հավելելով, որ նամակագիրները մարդիկ են, որոնք ժամանակին եղանակ են ստեղծել այս եկեղեցում: Չլինելով որեւէ լծակի տիրապետող՝ նրանք կարողացել են իրենց խոսքն անցկացնել հոգեւորականի մոտ:

Քահանային նամակագիրները մեղադրում էին արարողությունների համար եկեղեցի բերված զարդարուն գինիները, մոմերը յուրացնելու կամ իր բարեկամի վաճառատանը իրացնելու մեջ: Ի պատասխան՝ տեր Զաքարիան ժպտաց. «Գտեք իմ որեւէ բարեկամի, որի վաճառատանը վաճառվում են զարդարուն գինիներն ու մոմերը: Հեշտ է մարդուն մեղադրելը: Համեցեք, ծխամատյանները բացեք՝ տեսեք, թե ինչքան արարողություններ են կատարվում ու ով ինչ է բերում: Եվ հետո Նորքի եկեղեցին կենտրոնական եկեղեցի չէ, որ ծեսերին հերթեր լինեն ու արկղերով գինի ու ձեթ հավաքվի, որ ես էլ կարողանամ տանել բարեկամիս վաճառատանը վաճառել ու գերշահույթ ստանալ»: Իսկ այն մեղադրանքին, որ հավատացյալներից ռուսական ձեթ է պահանջում ու հրաժարվում հայկական արտադրության ձեթից, քահանան պատասխանեց. «Այո, տեղական արտադրության մի ձեթ կա, անունը չեմ ուզում տալ՝ ելնելով էթիկայի կանոններից, որ կանթեղի մեջ չի վառվում, ու այդ մասին բոլոր եկեղեցիները գիտեն: Ես վա՞տ բան եմ ասում, որ խնդրում եմ այդ ձեթի վրա գումար չծախսել»: Մեր զրուցակիցը խորհուրդ տվեց նամակագիրներին, որ եթե իսկապես ճշմարիտ ու բարեպաշտ հավատացյալներ են, թող հոգեւորականի կողմից պախարակելի, ոչ հաճո բան նկատելու դեպքում քաջություն ունենան հոգեւորականին ասելու. «Տե՛ր Հայր, էս ի՞նչ ես անում… Քրիստոնեությունը վախկոտների կրոն չէ, Պողոս առաքյալն ասում է. եթե Աստված մեր կողմից է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել… Բարեպաշտ հավատացյալի դիմակի տակ թաքնվելով՝ սատանայի ջրաղացին ջուր լցնելը մեծ մեղք է: Արդեն ապաշխարության շրջանը սկսեցինք՝ Պահքը, փորձեք մաքրվել ձեր բոլոր արատավոր սովորություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել