Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՆԳԸ ԴԵՂԻՑ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ

Փետրվար 26,2009 00:00

«Դեղատների տեղեկատու» անվճար ծառայությունն այսուհետեւ վճարովի է: Եթե նախկինում քաղաքացիները զանգելով 55-31-77 հեռախոսահամարով՝ տեղեկատվություն էին ստանում իրենց հետաքրքրող դեղերի մասին, ապա այժմ այդ ծառայությունը մատուցվում է 090-00-00-33 համարով, որի 1 րոպեի արժեքը 380 դրամ է: Օրերս մեր թերթին դիմած որոշ քաղաքացիներ, որոնք պարբերաբար օգտվել են այդ ծառայությունից, դժգոհեցին, որ երբ զանգում են հին հեռախոսահամարով, իրենց որեւէ մեկը չի զգուշացնում, որ մեկ րոպեն այդքան թանկ արժե: Ծառայության համար պատասխանատուները միայն տրամադրում են նոր համարը: Քաղաքացիներն էլ միայն խոսելուց հետո են պարզում, որ իրենց հաշվին կլորիկ գումար է եկել. «Պատկերացնո՞ւմ եք, պատահում է, որ մի 3-5 րոպե խոսում ենք, տարբեր բաներ ենք ճշտում ու վերջում իմանում, որ մի 2-3 հազար դրամի խոսել ենք: Այն դեպքում, երբ մեր ուզած դեղը 250 դրամ արժե»:

«Բացառվում է, որ մեր աշխատակիցները նոր հեռախոսահամարը ասելիս՝ չզգուշացնեն, որ ծառայությունը դարձել է վճարովի: Մենք տարբեր միջոցներով զգուշացրել ենք, որ այսուհետեւ նույն ծառայությունը մատուցելու ենք վճարովի»,- «Առավոտին» պարզաբանեց այս ծառայությունները մատուցող «Դանաֆարմ» ընկերության ղեկավար Հրանտ Դանագուլյանը: Նրա խոսքերով՝ իրենք դեղերի մասին տեղեկատվությունը մոտ 4 տարի մատուցել են անվճար, քանի որ աշխատել են դրամաշնորհով. «Հիմա ոչ մի կառույց չի ցանկանում այս շատ պետքական ծառայությունը ֆինանսավորել: Ծառայությունը դարձնելով վճարովի՝ մենք ծառայությունների որակն ենք բարձրացրել, ավելի արագ ենք կարողանում տեղեկատվությունը հայտնել: Այդ տարիների ընթացքում մենք սպասարկել ենք շուրջ 300 հազար զանգ: Հիմա «ԱրմենՏելի» հետ մեր պայմանավորվածությունն այնպիսին է, որ մեզ զանգողներից գանձվում է վայրկյանների հաշվարկով, այսինքն, եթե բաժանորդը խոսել է 22 վայրկյան, վճարում է այդքանի համար: Բացի այդ, եթե մեզ զանգում են, մենք նրանց չենք սպասեցնում, լսում ենք իրենց պահանջները եւ խնդրում զանգել 5 րոպեից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել